1909-ի Ադանայի կոտորածի, ապա Մեծ եղեռնի հետևանքով Կիլիկիան հայաթափվել է (հիմնականում 1920-22-ին)։ Ջարդերից փրկվածները գաղթել են առավելապես Սիրիա և Լիբանան։ 1921-ի դեկտ-ից Սիսը դադարել է Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը լինելուց, իսկ 1922-ի սկզբին կաթողիկոսարանը կողոպտվել է և ավերվել։ Կաթողիկոս Սահակ Բ Խապայանը (1902-39), հավաքելով կաթողիկոսարանի հնություններն ու թանկարժեք իրերը, բազմաթիվ կիլիկիահայերի հետ տարագրվել է արաբ․ երկրներ։
1922-30-ին Կիլիկիո կաթողիկոսությունը Երուսաղեմի հայոց պատրիարքության, հայկական մի շարք միությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին գործիչների օժանդակությամբ զգալի աշխատանք է կատարել կոտորածներից փրկված և Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում ապաստանած հայությանը համախմբելու, հազարավոր որբերի խնամելու, որբանոցներ ու վարժարաններ բացելու համար։ 9 տարի Լիբանանի և Սիրիայի զանազան շրջաններ տեղափոխվելուց հետո կաթողիկոսարանը 1930-ի հուլիսին հաստատվել է Անթիլիասում (Բեյրութի մոտ)։
Կիլիկիո աթոռը մինչև 1915-ն ունեցել է 13 թեմ [Սիս, Ադանա, Հաճն, Բայաս, Բերիա (Հալեպ), Մարաշ (Ուլնիա), Ֆրունզ, Այնթապ, Անտիոք, Մելիտինե, Յոզղատ, Կյուրին և Կիպրոս]. Մեծ Եղեռնից հետո միայն Հալեպի թեմն էր մնացել։ Կիլիկիո կաթողիկոսության թեմերը վերակազմավորելու նպատակով 1929-ի ապրիլի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հանձնարարությամբ Երուսաղեմ է մեկնել հայրապետական պատվիրակ և Եգիպտոսի թեմի առաջնորդ Թորգոմ արք. Գուշակյանը։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունն Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Կիլիկիո աթոռին է փոխանցել պատրիարքությանը պատկանող Դամասկոսի, Բեյրութի, Լաթաքիայի, Անտիոքի, Հալեպի, Կիպրոսի եկեղեցիները, կալվածները, վարժարանները և առաջնորդարանները։ Այսպիսով՝ 1930-ական թթ-ին Կիլիկիո աթոռն ունեցել է 5 վերակազմավորված թեմեր՝ Բերիա (Հալեպ), Անտիոք (վերացել է 1930-ական թթ-ի վերջին՝ Ալեքսանդրետի սանջակը Թուրքիային բռնակցվելուց հետո), Դամասկոս, Լիբանան և Կիպրոս։ Ունենալով հիմնական հանգրվան և գործելու բարենպաստ պայմաններ՝ Կիլիկիո կաթողիկոսությունը վերելք է ապրել։ Սահակ Բ Խապայանի, աթոռակից կաթողիկոս Բաբկեն Ա Կյուլեսերյանի ջանքերով վերակազմվել է կաթողիկոսարանը, 1930-ին վերաբացվել է դեռևս դարասկզբին Սահակ Բ Խապայանի հիմնած դպրեվանքը, հիմնվել է տպարան, հրատարակվել կաթողիկոսարանի «Հասկ» (1932-ից) պաշտոնական պարբ-ը և այլն։ Կաթողիկոս Պետրոս Ա Սարաճյանի (1940) ջանքերով և նվիրատվություններով ԱՍՆ-ի Նպաստամատույց ընկերությունից գնվել է Անթիլիասի կալվածքը, որը 1922-23-ին ծառայել է որպես որբանոց՝ պատսպարելով Մեծ եղեռնից փրկված ավելի քան 1400 հայ որբերի։ Նրա ջանքերով կառուցվել են նաև դպրեվանքի նոր շենքը, Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը, ապրիլյան նահատակների հիշատակին նվիրված Սբ Ստեփանոս մատուռը, որտեղ ամփոփվել է Դեյր Էզ
ԱՐԱՍ Ա ՔԵՇԻՇՅԱՆ (ավազանի անունը՝ Պետրոս, ծ. 1947, Բեյրութ), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ 1995-ից։ Հաջորդել է Գարեգին Բ Սարգիսյանին [1983-95 (1995-99-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյան)]։ Աստվածաբան, Մերձավոր Արլևելքի եկեղեց. պատմության և փիլ. գիտ․ դ-ր (1978)։ Ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Անթիլիաս, Լիբանան) ժառանգավորաց (1965) և ընծայարանի (1968) բաժինները։ 1968-75-ին՝ դպրեվանքի փոխտեսուչ, աստվածաբանության դասախոս, Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեց. հարաբերությունների ընդհանուր քարտուղար։ 1972-75-ին դասավանդել է Բեյրութի Հայկազյան քոլեջում (1996-ից՝ համալսարան) և Բեյրութի Ամերիկյան համալսարանում։ 1978-ին՝ Լիբանանի թեմի առաջնորդ, տեղապահ, 1979-95-ին՝ առաջնորդ։ 1980-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1985ին ստացել արքության պատիվ և տիտղոս։ 1991-ին ԵՀԽ-ի Կանբեռայի (Ավստրալիա) VII համաժողովում ընտրվել է կենտրոնական ու գործադիր վարչության ատենապետ, վերընտրվել 1998-ին՝ Հարարեի (Զիմբաբվե) VIII համաժողովում։