Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/895

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեր-Աբրահամյանին, որը պաշտոնավարել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը։ Ռուս. կայսրության 172 հայկական կաթոլիկ գյուղերում եղել է 71 եկեղեցական (63 քահանա, 8 վարդապետ), իսկ հայ կաթոլիկների ընդհանուր թիվն անցել է 61 հազարից, գործել են 70-ից ավելի եկեղեցիներ ու մատուռներ։ Հայ կաթոլիկ շուրջ 40 հոգևորական դարձել է ստալինյան հալածանքների զոհ, քանդվել են բազմաթիվ եկեղեցիներ ու մատուռներ կամ օգտագործվել այլ նպատակներով։

Մինչև Մեծ եղեռնը Արևմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, օսմանյան կայսրության այլ վայրերում հայ կաթոլիկ համայնքներ եղել են Սեբաստիայում, Ադանայում, Անարզաբայում, Կարինում, Խարբերդում, Մուշում, Զմյուռնիայում (Իզմիր), Քեսաբում և այլուր, եպիսկոպոս․ աթոռներ՝ Կ. Պոլսում, Հալեպում, Բեյրութում, Մարաշում, Ադանայում, Դիարբեքիրում։ Գործել են 19 թեմ, 156 եկեղեցի, 110 առաքելություն, 148 դպրոց, 32 վանք, 6 դպրեվանք։ Ցեղասպանության զոհ են դարձել հայ կաթոլիկ 8 եպիսկոպոս, 111 քահանա, 53 մայրապետ, Զմմառի վանքի 15 միաբան, 65 հազարից ավելի հայ կաթոլիկներ։ Լիբանան գաղթած շատ հայ տարագիրներ, որբեր ապաստանել են Զմմառի վանքում կամ վայելել միաբանության հովանավորությունը։

Ջարդերից մազապուրծ, աշխարհասփյուռ հայ կաթոլիկներին համախմբելու և Հայ կաթողիկե եկեղեցին վերակազմելու նպտակով 1928-ին Հռոմում գումարվել է հայ կաթոլիկ եպիսկոպոսների բանակցական ժողով, որտեղ որոշվել է պատրիարք․ աթոռը տեղափոխել Կ. Պոլսից (այստեղ էր 1866-ից) և վերահաստատել Զմմառի վանքում (1931-ից)՝ հռչակելով Լիբանանի պատրիարք․ թեմը։ 1934-ին կառուցվել են Էշրեֆիեի պատրիարքարանի շենքն ու Ավետման եկեղեցին և կանգնեցվել Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան։ 1749-1866-ին Լիբանանի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդները Զմմառում գահակալող կաթողիկոս-պատրիարքներն էին, որոնք համայնքի գործերը հսկել են պատրիարք․ դիվանի փոխանորդ եպիսկոպոսների միջոցով։ Կաթողիկոս. աթոռի՝ Կ. Պոլսում հաստատված տարիներին լիբանանահայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի պարտականությունները կատարել են Զմմառի վանքի կաթողիկոս․ փոխանորդները կամ վանքի մեծավորները։

Հայ կաթողիկե եկեղեցու ամենանշանավոր կաթողիկոս-պատրիարքը և Հռոմի կաթոլիկ եկեղեցու XX դ-ի ակնառու հոգևոր․ գործիչներից է կարդինալ (ծիրանավոր) Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանը։

Կաթողիկոս-պատրիարքի նստավայրը Լիբանանում վերահաստատվելուց (1931) հետո լիբանանահայ կաթոլիկ համայնքը որոշ ժամանակ իր հայախոս և արաբախոս հավատացյալների համար որպես առաջնորդ ունեցել է 2 առանձին կաթողիկոս․ փոխանորդների։

Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքության կաթողիկոս-պատրիարքներ

Աբրահամ Պետրոս Ա Արծիվյան (1740-49), Հակոբ Պետրոս Բ Հովսեփյան (1749-53), Միքայել Պետրոս Գ Գասպարյան (1753-80), Բարսեղ Պետրոս Դ Ավգատյան (1780-88), Գրիգոր Պետրոս Ե Գյուբելյան (1788-1812), Գրիգոր Պետրոս Զ Ճերանյան (1812-40), Հակոբ Պետրոս Է Հոլասյան (1841-43), Գրիգոր Պետրոս Տեր-Աստվածատուրյան (1843-66), Անտոն Պետրոս Թ Հասունյան (1866-80), Սեփանոս Պետրոս Ժ Ագարյան (1881-1899),Պողոս Պետրոս ԺԱ Էմմանուելյան (1899-1904), Պողոս Պետրոս ԺԲ Սապպադյան (1904-09), Պողոս Պետրոս ԺԳ Թերզյան (1910-31), Ավետիս Պետրոս ժԴ Արփիարյան (1931-37), Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան (1937-62), Իգնատիոս Պետրոս ԺԶ Պաթանյան (1962-1976), Հմայակ Պետրոս ԺԷ Կետիկյան (1976-82), Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյան (1982-99), Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի (1999-ից)։

Հայ կաթողիկե եկեղեցու նվիրապետությունը

Լիբանանի պատրիարքական թեմ. առաջնորդանիստը՝ Բեյրութում։ Առաջնորդը կաթողիկոս-պատրիարքն է, որը թեմը վարում է իր ընդհանուր փոխանորդի և վարչական խոհրդի միջոցով։ Գործում է 9 եկեղեցի, առավել հայտնի են Բեյրութի Սբ Եղիա-Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, Սբ Փրկիչ և Սբ Խաչ եկեղեցիները։ Եկեղեցիներ կան նաև Ռաուդայում և Հազմիեում, Զմմառում, Այնճարում, ինչպես նաև 1 մատուռ՝ Բիկֆայայի Մխիթարյանների ամառանոցում։ Եկեղեցիներ են գործել նաև Սայդա, Սուր և այլ բնակավայրերում, որտեղ ժամանակին եղել է հայ կաթոլիկ ստվար բնակչություն։

Լիբանանում հոգևոր ու կրթական գործունեություն են ծավալում Զմմառի, Մխիթարյան և Անարատ հղության հայ քույրերի միաբանությունները։ Բեյրութի Հազմիե արվարձանում Մխիթարյանները հիմնադրել են