Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/896

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրորդական վարժարան (ներկայումս չի գործում), 1972-ին բացվել է Մխիթարյան միաբանության Ռաուդայի դպրեվանքը։ Բեյրութում գործում են Անարատ հղության հայ քույրերի միաբանության Սբ Հռիփսիմյանց (1992-ից), Սբ Ագնես վարժարանները, ինչպես նաև դպրոցներ՝ Զահլեում ու Այնճարում, Զմմառի աղջկանց և Այնճարի երկսեռ որբանոցները։ 1937-ին հիմնված Սբ Շուշան վարժարանը 1997-ին վերածվել է մանկամսուրի։ Լիբանանահայ կրթական կենտրոններից է Մեսրոպյան վարժարանը։ Անցյալում լիբանանահայ պատանիների հայեցի դաստիարակության գործում մեծ է եղել նաև Հիսուսյան միաբանության Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի դերը։ Թեմում գործում են մշակութային, բարեսիր., մարզ․ և սկաուտական միություններ, 4 երգչախումբ։

Բերիո թեմ (Հալեպ, Սիրիա), առաջնորդանիստը Հալեպի Տիրամայր Մայր օգնությանց եկեղեցին է (1840)։ Թեմն ունի 5 եկեղեցի, 5 դպրոց։ Գործում են մշակութային, բարեսիր., մարզ․ միություններ։

Բարձր Ջեզիրեի թեմ (Կամիշլի, Սիրիա)։ Ունի 3 եկեղեցի և դպրոց։ Գործում է Ընկերային կենտրոնը։

Կ. Պոլսի թեմ (Թուրքիա)։ Ունի 4 եկեղեցի և 4 դպրոց, որոնք կառավարում են Մխիթարյան և Անարատ հղության քույրերի միաբանությունները։ Թեմի խնամակալության ներքո է Սբ Հակոբ հիվանդանոցը։

Ալեքսանդրիայի թեմ (Կահիրե, Եգիպտոս)։ Ունի 3 եկեղեցի (Կահիրեում, Հելիոպոլսում, Ալեքսանդրիայում) և դպրոց՝ Անարատ հղության քույրերի միաբանության տնօրինությամբ։

Սպահանի թեմ (Թեհրան, Իրան)։ Ունի 2 եկեղեցի և 2 դպրոց, մեկը՝ թեմական, մյուսը՝ Անարատ հղության քույրերի միաբանությանը պատկանող։ Թեմը տնօրինում է Հայկաշենի հայկական ավանը և Տարեցների տունը։

Բաղդատի թեմ (Իրաք)։ Ունի եկեղեցի և դպրոց՝ ղեկավարությամբ Անարատ հղության քույրերի միաբանության։

Ֆրանսիայի թեմ. առաջնորդանիստը՝ Փարիզում։ Ունի 6 եկեղեցի (Փարիզ, Առնովիլ լը Գոնես, Լիոն, Մարսել, Վալանս, Սեն Շամոն)։ Գործում են Անարատ հղության քույրերի միաբանության Մարսելի վարժարանը և Լիոնի Աղջկանց կենտրոնը։

Հյուսիսային Ամերիկայի թեմ. առաջնորդանիստը՝ Նյու Յորքում։ Ընդգրկում է ԱՄՆ-ն ու Կանադան։ ԱՄՆ-ում կան 8 համայնքային կենտրոններ՝ իրենց եկեղեցիներով. [Նյու Տորք, Ֆիլադելֆիա, Դետրոյտ, Լիթըլ Ֆոլզ (Նյու Ջերսի), Լոս Անջելես (2), Սան Դիեգո, Քեմբրիջ]։ Գործում է 3 դպրոց՝ Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Լոս Անջելեսում՝ Անարատ հղության քույրերի միաբանության ղեկավարությամբ, և դպրոց՝ Մխիթարյան հայրերի (Լոս Անջելես), ինչպես նաև 2 եկեղեցի (Մոնրեալ, Տորոնտո) և դպրոց՝ Կանադայում։

Հարավային Ամերիկայի թեմ. առաջնորդանիստը՝ Բուենոս Այրեսում։ Ունի 3 համայնքային կամ ծխական կենտրոններ՝ իրենց եկեղեցիներով [Բուենոս Այրես (Արգենտինա), Սան Պաուլո (Բրազիլիա) և Մոնտեվիդեո (Ուրուգվայ)]։ Բուենոս Այրեսում գործում է դպրոց՝ Մխիթարյանների ղեկավարությամբ։

Հայաստանի, Վրաստանի և Արևեյան Եվրոպայի թեմ. առաջնորդանիստը՝ Գյումրիում։ Կազմավորվել է 1991-ին՝ Հռոմի պապի վճռով։ Ընդգրկում է նաև Ռուսաստանը և Ուկրաինան։ Թեմում գործում են Փանիկ, Արևիկ, Ազատան, Լանջիկ, Ձիթհանքով (Շիրակում), Աշոցքի Մեծ Սեպասար և այլ գյուղերի, ինչպես նաև Վրաստանի Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ախալցխայի շրջանների գյուղերի եկեղեցիները։

2000-ի օգոստ-ին օծվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղի Սբ Սարգիս նորակառույց եկեղեցին։ Աշոցքում գործում է «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը, Գյումրիում՝ Ներսիսյան դպրեվանք-ընծայարանը։ Անարատ հղության հայ քույրերին է պատկանում Գյումրիի Պողոսյան կրթական համալիրը. երկուական քույրերով փոքր կենտրոններ կան Տաշիրում (Հայաստան) և Հեշտիայում (Ջավախք)։ Հայ կաթոլիկներ են ապրում նաև Ռուսաստանի Սոչի, Ադլեր, Կրասնոդար, Մոսկվա և այլ քաղաքներում։ Թեմի առաջնորդն է Մխիթարյան հայր Ներսես արք. Տեր-Ներսիսյանը։

Դամասկոսի պատրիարքական էքզարքություն (Սիրիա)։ Ունի եկեղեցի և դպրոց։ Գործում են երիտասարդ․ և սկաուտ. խմբեր, երգչախումբ։

Երուսաղեմի պատրիարքական փոխանորդություն (Իսրայել)։ Ունի 1 սրբավայր՝ Քրիստոսի խաչի ճանապարհի վրա՝ Երրորդ և Չորրորդ Կայաններ, կից՝ հյուրանոց ուխտավորների համար։ Փոխանորդության հետ կապված է Հորդանանի փոքրաթիվ համայնքը, որն Ամմանում ունի եկեղեցի և դպրոց։

Հունաստանի վիճակ, առաջնորդանիստը՝ Աթենքում։ Ունի 2 եկեղեցի։

Իտալիայի համայնք։ Ունի 2 եկեղեցի և վանք (Վենետիկի Մխիթարյան միաբանության մայրավանքը՝ Սբ Ղազար կղզում)։ Հռոմում գործում են Լևոնյան հոգևոր վարժարանը, Վատիկանի ձայնասփյուռի հայկական բաժինը։ Հայ կաթոլիկ համայնքներ կան նաև Լեհաստանում, Ավստրալիայում (գործում են 2 եկեղեցի՝ Սիդնեյում ու Մելբուռնում, և դպրոց), Հունգարիայում (եկեղեցի)։

Գործում է Հայ կաթողիկե եկեղեցու 3 միաբանություն՝ Մխիթարյան, Զմմառի Արծիվյան պատրիարք․ և Անարատ հղության հայ քույրերի։

Մխիթարյանները մեծապես նպաստել են հայկական գաղթավայրերի հայապահպանությանը։ Հայ մշակույթի ու գիտության զարգացման գործում մեծ է Մխիթարյան հայրերի՝ միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու, Միքայել Չամչյանի, Մկրտիչ Ավգերյանի, Հարություն Ավգերյանի, Ղուկաս Ինճիճյանի, Մանվել Ջախջախյանի, Արսեն Բագրատունու, Ղևոնդ Ալիշանի, Հովսեփ Գաթըրճյանի, Հակոբոս Տաշյանի, Ներսես Ակինյանի, Պողոս Անանյանի և այլոց վաստակը, որոնք հեղինակել են պատմագիտական, աշխարհագր., հայագիտական հիմնարար աշխատություններ, բառարաններ, լեզվաբան., թարգման․ գործեր։ Մխիթարյաններն իրենց թանգարաններում, մատենադարաններում, ձեռագրատներում ունեն հայերեն և օտար լեզուներով գրքերի, հայկական ձեռագրերի, կիրառ. արվ-ի, կեպարվ-ի, դրամների և բազմաթիվ այլ նյութերի հավաքածուներ։

Ավելի քան 2 դար բաժանված մնալուց հետո (Վենետիկ և Վիեննա) 2001-ին Մխիթարյան միաբանությունը վերամիավորվել է։ 1993-ից Երևանում գործում է «Հայաստանի Մխիթարյան կենտրոնը», որի նպատակը Հայաստանի և Սփյուռքի ազգ-մշակութային և կրթական գործին օժանդակելն է։ Կենտրոնը կազմակերպում է դասախոսություններ, հրատարակում գրքեր։ Ղեկավարը Եղիա ծ. վրդ. Քիլաղպյանն է։

Զմմառի միաբանությունը հոգևոր և մշակութային առաքելություն է իրականացրել հայկական շատ գաղթավայրերում։ Վանքի ձեռագրատանը, մատենադարանում, թանգարանում, դիվանում պահպանվում են հայկական ձեռագրերի, հայերեն և օտարալեզու հրատ-ների, սրբազան իրերի, գեղարվեստական գործերի, եկեղեց. և ազգային պատմությանը վերաբերող վավերագրերի եզակի հավաքածուներ, հնագիտական նյութեր։