Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/897

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անարատ հղության հայ քույրերի միաբանությունը գործում է Սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իրան, Իրաք, Ֆրանսիա, ԱՄՆ։ 1992-ից միաբանության քույրերը գործում են նաև ՀՀ-ում և Վրաստանում։

Հայ կաթողիկե եկեղեցին ունի նաև ընկերային, բարեսիր., մշակութային կազմակերպություններ. Լիբանանում գործում են Հայ կաթողիկե երիտասարդաց միությունը, Սբ Մեսրոպի արիների սկաուտ․ շարժումը, 2 որբանոց, Ստամբուլում՝ հիվանդանոց, Թեհրանում՝ ծերանոց։ Մի շարք թեմերում ստեղծվել են մշակութային կենտրոններ։

Հայ կաթողիկե եկեղեցին և Մխիթարյան միաբանությունը կրթական գործունեություն են ծավալում Սփյուռքի մեծ համայնքներում և ՀՀ-ում։ Գործում է 44 դպրոց, որոնց մեծ մասը երկրորդական վարժարաններ են (լիցեյի մակարդակով)՝ շուրջ 35 հազար աշակերտով։ Անարատ հղության հայ քույրերը նույնպես ունեն իրենց դպրոցները և ընծայարանները։ Ամենահայտնի կրթական կենտրոններից էր Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1998-ից չի գործում)՝ հարուստ գրադարանով և թանգարանով։ Մխիթարյանների տնօրինությամբ գործում են Բուենոս Այրեսի, Հալեպի, Բեյրութի, Լոս Անջելեսի Մխիթարյան վարժարանները։ XVIII-XIX դդ-ում Մխիթարյան վարժարաններ են գործել Արևմտյան Հայաստանում, Թուրքիայի հայաշատ վայրերում, Հունգարիայի հայկական գաղթավայրերում, Ախալցխայում և այլ վայրերում։

Կաթոլիկ հայ հոգևոր կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց է 1883-ին Հռոմում հիմնադրված և ցայսօր գործող Լևոնյան վարժարանը։ Հայաստանի հայ կաթոլիկ համայնքի համար հոգևորականներ պատրաստելու նպատակով 1994-ին Գյումրիում բացվել է Ներսիսյան դպրեվանք-ընծայարանը։

1843-ից անընդմեջ Վենետիկի Մխիթարյանները լույս են ընծայում «Բազմավեպ» հայագիտ-բանասիր. հանդեսը, որը ներկայումս հրատարակվող հայերեն ամենահին պարբ-ն է։ Վիեննայի Մխիթարյանները 1847-63-ին հրատարակել են «Եվրոպա» շաբաթաթերթը, 1887-ից ցայսօր՝ «Հանդես ամսօրյա» հայագիտ-բանասիր. ամսագիրը։ Մխիթարյանները շարունակում են «Հայագիտական մատենաշար» (Վենետիկ) և «Ազգային մատենադարան» (Վիեննա) մատենաշարերի հրատարակումը։

Սահակ Սահակյան
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց կամ Հայ ավետարան․ եկեղեցին (ՀԱԵ) քրիստոնեության 3 հիմն․ ուղղություններից մեկի՝ բողոքականության հայազգի հետևորդների եկեղեցին է։ Կազմավորվել է 1846-ի հուլիսի 1-ին՝ 40 հիմնադիր հաղորդական անդամներով՝ Կ. Պոլսի Բերա թաղամասում։ Առաջին հովիվ է ընտրվել Աբիսողոմ Ութուճյանը։

Դեռևս 1836-ին հայ ավետարանականները Կ. Պոլսում ստեղծել են «Բարեպաշտության միաբանությունը», որով սկզբնավորվել է Հայ ավետարան․ շարժումը։ Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը միաբանության անդամներին համարել է այդ ժամանակ Կ. Պոլսում հաստատված ամերիկյան «Բորդ» միսիոներ․ ընկերության վարձկաններ, իսկ 1846-ի հունիսի 21-ին պատրիարք (1844-48) Մատթեոս Բ Չուհաճյանը (1858-65-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի) հրապարակել է բանադրական կոնդակը՝ հայ ավետարանականներին զրկելով Հայ առաքել․ եկեղեցու անդամակցությունից և հաղորդությունից։ Արտաքսվելով Մայր եկեղեցուց և զրկվելով պատրիարքարանի աջակցությունից՝ հալածյալները հիմնել են առաջին ՀԱԵ-ն. ի սկզբանե հրաժարվել են որդեգրել բողոք․ հարանվանություններից որևէ ձև և, հակառակ միսիոներների դժգոհության, կոչվել Հայաստանյայց ավետարան․ եկեղեցի։ 1850-ի նոյեմբ. 27-ին թուրք․ կառավարությունը հատուկ հրամանագրով (ֆերման) պետականորեն ճանաչել է ավետարան․ հայերին՝ իբրև Հայ առաքել․ եկեղեցուց և Կ. Պոլսի հայոց պատրիարքությունից անջատ կրոն․ համայնք (միլլեթ), որն իրավունք ուներ առանձին ազգապետով ներկայանալու պետական բոլոր ատյաններին։ Հայ ավետարան․ համայնքի առաջին ազգապետ է դարձել Ստեփան Սերոբյանը [Կ. Պոլսի հայոց պատրիարք (1839-40, 1848-58) Հակոբոս Գ Սերոբյանի եղբայրը]։ Մինչև Մեծ եղեռնը Թուրքիայում գործել է ավետարան. 4 միություն։ Առաջինը Բութանիայի միությունն էր, որն ստեղծվել է 1864-ին (ունեցել է 27 եկեղեցի), 1866-ին կազմվել է Արևելյան միությունը՝ 4 շրջանով (68 եկեղեցի), 1867-ին՝ Կիլիկիո միությունը՝ 4 շրջանով (65 եկեղեցի), 1868-ին՝ Կենտրոնական միությունը՝ 3 շրջանով (42 եկեղեցի)։ XX դ-ի սկզբին տարագիր հայ ավետարանականներն ԱՄՆ-ում ստեղծել են ևս 2 միություն՝ Արևելյան նահանգների (1901) և Կալիֆոռնիայի (1908) Հայ ավետարան․ միությունները։

Առաջին աշխարհամարտից (1914-18) առաջ Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում և Կիլիկյան Հայաստանում գործել են 137 ավետարան․ եկեղեցիներ, որոնց կից՝ 270 կիրակնօրյա դպրոցներ, 7 քոլեջ, 46 բարձրագույն վարժարաններ, 3 աստվածաբան. ճեմարաններ։ Արևմտահայ ավետարանականների ընդհանուր թիվը 51 հազար էր։ Ցեղասպանությունից փրկված հայ ավետարանականները (14-15 հազար) գաղթել են Եվրոպա, Ամերիկա, Մերձավոր Արևելքի երկրներ, որտեղ նույնպես հիմնադրել են ՀԱԵ-ներ ու միություններ։

Սփյուռքում գործում է հայ ավետարան. 3 միություն՝ Մերձավոր Արևելքի (ստեղծվել է 1924-ին, կենտրոնը՝ Բեյրութ, ընդգրկում է Լիբանանի 6, Սիրիայի 11, Թուրքիայի 3, Եգիպտոսի 1, Իրանի 3, Հունաստանի 2 եկեղեցիները), Ֆրանսիայի (ստեղծվել է 1927-ին, կառավարությունը ճանաչել է 1946-ին, կենտրոնը՝ Փարիզ, 14 եկեղեցի) և Հյուսիսային Ամերիկայի (ստեղծվել է 1971-ին, կենտրոնը՝ Նյու Ջերսի, ընդգրկում է ԱՄՆ-ի 20 և Կանադայի 4 եկեղեցիները)։