ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀԻՆ ՇՐՋԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ
III ԴԱՐԻ ՎԵՐՋԸ
ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ
Հայկ․ լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկում է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 մլն տարի առաջ- մ. թ. ա. IV հազարամյակի վերջ), որը գրեթե համապատասխանում է քարի դարաշրջանին։ Վերջինս հնագիտ․ պարբերացմամբ բաժանվում է փուլերի՝ հին քարի դարի (պալեոլիթ)՝ ստորին, միջին և վերին ենթափուլերով, միջին քարի դարի (մեզոլիթ), նոր քարի դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ)։
Հին քարի դար (պալեոլիթ)
Ստորին հինքարեդարյան (մոտ 2 մլն - մոտ 100 հզ․ տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով։ Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։ Վերջինիս կայաններից և Որվանի (Ազոխ) քարայրում (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) հայտնաբերված նախամարդու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն։ Պեղածոները բազալտից են ու վանակատից (օբսիդիան)։ Հայկ․ լ-աշխարհն Առաջավոր Ասիայում եղել է վանակատի արտահանման կենտրոն։
Միջին հին քարի դարից (մ. թ. ա. մոտ 100.000-40.000 տարի առաջ) հայտնի է ավելի քան 150 հուշարձան, հետազոտվել են Ապարանի գոգավորության, Արամուսի, Արզնիի, Արտենիի, Հատիսի, Դաշտադեմի և այլ հնավայրեր։ Մարդիկ ապրել են ոչ մեծ (մինչև 20 հոգի) խմբերով՝ համայնքներով։
Վերին հին քարի դարի (մ. թ. ա. մոտ 40.000-14.000 տարի առաջ) սկզբին նախամարդը նմանվել է ժամանակակից մարդուն․ հանդես է եկել բանական մարդը (Homo sapiens)։ Այդ շրջանի շուրջ 60 հուշարձանների մեծ մասը լ-աշխարհի հս-արլ., հվ. և հվ-արմ. կողմերում է (Եփրատի ու Տիգրիսի ավազաններ, Կորդվաց աշխարհ և այլուր)։ Մարդկանց հիմն․ զբաղմունքը որսորդությունն էր, ավելի ուշ՝ նաև ձկնորսությունը։
Մեզ են հասել քարանձավային (գծանկարներ քարայրերի պատերին) և փոքր չափերի (արձանիկներ, առարկաներին փորագրված ու ներկանյութով պատված զարդեր, պատկերաքանդակներ) արվ-ների նմուշներ։ Այդ շրջանի Հայաստանի մշակույթն ընդհանրություններ ունի Մերձավոր Արևելքի վերին հինքարեդարյան մշակույթի հետ և Միջերկրականի ափամերձ երկրների (Լևանտ) ու Զագրոսի հուշարձանների հետ միավորվել է այսպես կոչված առաջավորասիական մշակութ․ գոտու մեջ։
Միջին քարի դար (մեզոլիթ)
Միջին քարի դարը (մ. թ. ա. 12.000- 10.000 տարի առաջ) հին քարի դարից նոր քարի դարին անցման ժամանակահատվածն է։ Մարդու կյանքի համար նպաստավոր գրեթե բոլոր վայրերում ապրել է նեանդերթալյան մարդը, որը գործածել է մուստիերյան տեխնիկայով մշակված քարե գործիքներ, ապրել է գերազանցապես քարայրերում (ուսումնասիրված են «Երևան 1», Լուսակերտի և այլ քարանձավներ)։ Նեանդերթալյան մարդու ներքին ծնոտի հատված է հայտնաբերվել Որվանի №1 քարայրում։ Մուստիերյան շրջանում առանձնացել են ձմեռային (հիմնական) բնակավայրերը և ամառային որսորդական ճամբարները։
Մեզանից 14 հզ․ տարի առաջ համաշխ. հետսառցային տաքացումով Երկրագնդի