Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/933

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտավներում զուգորդված են իրականն ու երևակայականը և հայրենի երկրին առնչվող նրա հոգեկան տառապանքն ու պայծառ հիշատակները։

Ամերիկյան արդի արվ-ում հայտնի է նաև քանդակագործ Ռուբեն Նակյանը, որի գեղագիտական սկզբունքները ձևավորվել են Ա. Գորկու արվ-ի ազդեցությամբ, գործերին բնորոշ է դաս. ավանդույթների, էքսպրեսիոնիզմի և աբստրակցիոնիզմի ազատ համադրումը։ Հեղինակ է անիմալիստ., աստվածաշնչյան և դիցաբան. թեմաներով հորինվածքների («Ցուլը և Կովը», «Հորթը», «Վեներայի ծնունդը», 1978-80, «Սալոմեի պարը», 1980, և այլն ), նաև դիմաքանդակների («Ֆ. Ռուզվելտ», 1931, «Մարսել Դյուշան», 1943,ևն)։ 1972-ին ստեղծել է Մեծ եղեռնին նվիրված «Խաչից իջեցումը» հուշակոթողը (Նյու Յորքի Սբ Վարդան եկեղեցու հրապարակում)։

Քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստվար ու բազմաբնույթ ստեղծագործությունը ներշնչված է հայրենասիրությամբ, մարդասիրությամբ ու ազատաշունչ ոգով։ Նա դիմել է ոճ. տարբեր սկզբունքների, փայտի, քարի, բրոնզի վրա կատարած դիմաքանդակները, այլաբան. բնույթի արձաններն ու մոնումենտալ գործերն առանձնանում են ինքնատիպությամբ՝ «Կայեն» (1942), «Լեդան և կարապը» (1946), «Սասունցի Դավիթ» (1956), «Մուսա լեռան 40 օրը» (1963), «Մեսրոպ Մաշտոց» (1964), «Արարատի մայրը» (1973), «Փոքր Մհերը» (1976, Ֆիլադելֆիայի գեղարվ-ի ակադ-ի զբոսայգի) և այլն։ ԱՄՆ-ում և Եվրոպայում ճանաչված արվեստագետը գործերի զգալի մասը նվիրել է հայրենիքին. 1985-ին Երևանի օղակաձև զբոսայգում կանգնեցվել է «Վերածնված Հայաստան» տուֆակերտ կոթողը։ Տեր-Հարությանը ստեղծել է նաև Մեծ եղեռնի թեմայով բարձրաքանդակներ, գրաֆիկ․ թերթերի շարքեր։ Նրա արվ-ում պատկերման ռեալիստ․ եղանակը զուգորդված է մոդեռնիստ․ որոշ տարրերի հետ։ Եղել է ԱՄՆ-ի Արվ-ի ինստ-ի պատվավոր անդամ (անունը գրանցված է «XX դարի լավագույն քանդակագործներ» գրքում)։ Արժանացել է ՀՆՄ Մարտիրոս Սարյանի անվան մրց-ի (1971)։ 1991-ից Վաղարշապատում գործում է Խ. Տեր-Հարությանի թանգարանը։

1975-ին բոստոնաբնակ նկարիչ Հրաչ (Ռիչարդ) Թաշճյանի նախաձեռնությամբ հիմնվել է Ամերիկահայ արվեստագետների միությունը, որտեղ ընդգրկվել է ավելի քան 80 արվեստագետ։ ԱՄՆ-ում ճանաչված են նաև քանդակագործ Վ. Պողոսյանը, գրաֆիկ Մ. Բարուշյանը, գեղանկարիչներ Գայանե Սուրիկյանը, Արթուր Փինաջյանը, Պերճուհի Քայլյանը, Յուռոզը (Յուրիկ Գևորգյան), Լյուսի Ժամկոչյանը, Քերո Անթոյանը, Շ. Կարապետյանը, Էլեն Վարդանյանը և ուրիշներ։

Եգիպտահայ գաղութը մշակութային աշխույժ կյանք է ունեցել, անմիջական շփումը Եվրոպայի հետ նպաստել է հայ արվեստագետների գեղարվեստական մակարդակի բարձրացմանը։ 1944-ից Կահիրեում և Ալեքսանդրիայում կազմակերպվել են ցուցահանդեսներ, վարպետությամբ աչքի են ընկել ավագ սերնդի գեղանկարիչներ Երվանդ Դեմիրճյանը, Պարույր Պարտիզպանյանը, Գրիգոր Մկրտչյանը, Վ. Հովիվյանը, Տիրան Կարապետյանը։

Ալեքսանդր Սարուխանը երգիծանկարչության հիմնադիրն է Եգիպտոսում։ Մերձավոր Արևելքում լայնորեն տարածված նրա ծաղրանկարներն առանձնանում են ասելիքի սրությամբ և կատարման ուրույն հատկանիշներով։ Հեղինակ է «Այս պատերազմը» (1945), «Մենք մեր ակնոցով» (1962) և այլ երգիծանկարների ժող-ների։ Նրա 40 հազարից ավելի գործեր տպագրվել են տարբեր երկրների մամուլում։ Սարուխանին աշակերտել է Ֆրանսիայում ճանաչված ծաղրանկարիչ Էդմոն Քիրազը (Քիրազյան)։ Իրենց արվ-ի որոշակի ինքնատիպությամբ առանձնանում են նաև միջին սերնդի նկարիչներ Աշոտ Զորյանը, Բյուզանդ Կոջամանյանը, Սիմոն Սամսոնյանը