(վերջին երկուսը հետագայում բնակվել են ԱՄՆ-ում), Հ. Համբարձումյանը, Արտե (Արտեմիս) Թոփալյանը, Շուշան Եգոյանը։ Ստեղծագործ․ կյանքը Եգիպտոսում է սկսել Հակոբ Հակոբյանը (1962-ին հայրենադարձել է), պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ («Կինը խոհանոցում», 1959, «Սխտորներ», 1961, «Վիշտ», 1961, և այլն)։ Նկարիչ, արվեստաբան, մանկավարժ Օննիկ Ավետիսյանն ազգային թեմաներով ստեղծել է «Եղերամայրեր» (1946), «Հայկական պար», «Անթիլիաս» և այլ գործեր, որոնք առանձնանում են ընդգծված ծավալներով, հնչեղ գույներով, գծանկարի ամուր կառուցվածքով։ Հրատարակել է նաև «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխութեան եւ արդիականացման» (1946) գիրքը։ Նրա «Հայ նկարիչներ և քանդակագործներ» (ֆրանս., 1959) գիրքը եզակի ներդրում է հայ կերպարվեստագիտության մեջ։ Եգիպտահայ արվեստագետների նոր սերնդի ներկայացուցիչներից են Ջեկ Փափազյանը, Շ. Ավետիսյանը, Էլիս Վարթումյանը, Վ. Վարդապետյանը, Արմենուհի Ժամկոչյանը և ուրիշներ։
Լիբանանում է անցել նկարիչ Հարություն Կալենցի ստեղծագործության առաջին շրջանը (1946-ին հայրենադարձել է), նա օժտված էր բացառիկ գեղանկարչական ճաշակով, իրականությունը բացարձակապես գույներով ընկալելու վարպետությամբ։ Հ. Կալենցի, ինչպես և Օ. Ավետիսյանի, Գառզուի, Ժանսեմի, Շարթի ցուցահանդեսները Բեյրութում նպաստել են տեղի գեղարվեստական կյանքի աշխուժացմանը։
1950-ական թթ-ից լիբանանահայ մշակույթը բուռն վերելք է ապրել։ Ճանաչված նկարիչներից է նաև Պոլ (Պողոս) Կիրակոսյանը. ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, թեմատիկ կոմպոզիցիոն պատկերներ, որտեղ արտացոլել է նաև հայության աստանդական կյանքն ու կենցաղը («Դեր Զոր», «Գաղթ», «Կարպետագործը» և այլն)։ Նրա գործերին բնորոշ են հյութեղ երփնագիրը, գույնի նուրբ զգացողությունը, գծանկարի մեղմությունը։ Արժանացել է մի շարք միջազգային և ՀՆՄ Մարտիրոս Սարյանի անվան (1981) մրց-ների։ Լիբանանահայ միջին և երիտասարդ սերնդի գեղանկարիչների արվ-ները մոտ են երազային, թախծոտ բովանդակությամբ, սակայն առանձնանում են Եվրոպ. արդի արվ-ից սերող գունագծային որոշակի ինքնատիպությամբ, որը բնորոշ է Կյուվտերի (Ջոն Կյուվտերելյան), Կյուվի (Ժորժ Կյուրվերջինյան), Հարություն Թորոսյանի, Լյուսի Թյությունճյանի, Գրիգոր Նորիկյանի, Րաֆֆի Թոքաթլյանի, Հրայր Տիարպեքիրյանի, Ժակլին Օհանյանի ու Ս. Մանուկյանի պատկերներին։ Միջին սերնդի քանդակագործներից հայտնի են Զավեն Խտշյանը (Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան, Բիկֆայա գյուղաքաղաք) և Վարուժան Մարտիրոսյանը։ Ճանաչված ծաղրանկարիչ Տիրան Աճեմյանի գծանկարները տպագրվել են հայկական, ֆրանս. և արաբ․ մամուլում։ Լուսանկարչության բնագավառում հայտնի է Վարուժան Սեթյանը։ Արվեստաբան Սեդա Պարսումյան-Տատոյանը 1984-ին հրատարակել է լիբանանահայ նկարչությունը վերլուծող պատկերազարդ աշխատություն։ Բեյրութի մի շարք հեղինակավոր պատկերասրահներ («Վարուժան Արթ Սենթր», «Նոազ Արի», «Ռոշան») պատկանում են հայերին։
Ռումինիայում ռեալիստ․ գեղանկարչության դպրոցի ազդեցությամբ, որի հիմնադիրներից է արվեստաբան և հավաքորդ, Ռումինիայի ԳԱ թղթ. անդամ (1918) Գրիգոր Զամպաքճյանը, դաստիարակվել են մի շարք նկարիչներ։ Նրա հավաքածուի հիման վրա 1947-ին Բուխարեստում ստեղծվել է իր անունը կրող պետական թանգարան (այժմ՝ Արվ-ի գործերի թանգարանի Զամպաքճյան բաժին)։
1864-ին հայազգի նկարիչ Թեոդոր Ամանը Բուխարեստում հիմնել է գեղարվ-ի դպրոց։ Նրա «Ծաղիկներ» կտավը պահվում է ՀԱՊ-ում։ Այդ շրջանում է ստեղծագործել նաև գեղանկարիչ Թեոդոր Բուիկլուն (Աստվածատուր Բյկլյան)։
Մինչև Երկրորդ համաշխ. պատերազմը (1939-45) նկարիչներ Բարդուդ Վարդանյանի և Արամ Ղարիբյանի գործերը ցուցադրվել են ռումին նկարիչների ցուցահանդեսներում։ Նուրբ բնանկարների հեղինակներ են Հրանտ Ավագյանը, Սիրարփի Թորոսյանը (Սեմիզյան)։ Քաղաքական բնույթի ծաղրանկարներով, շարժերով, գրքերի նկարազարդումներով միջազգային ճանաչում ունի Չիկ (Խաչիկ) Տամատյանը։ Նկարչուհի Նուցի Ագոնցի ստեղծագործությունները ցուցադրվել են մի շարք երկրներում։
Ռումինիայում ճանաչված են նաև գեղանկարիչ Օ. Սեխպոսյանը, բեմանկարիչներ