վոկալ և գործիքային երկերի և այլն։ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին է նվիրված նրա «Խորհուրդ նահատակաց» երկը՝ ուդի և լարային քառյակի համար։
Ռիչարդ Յարդումյանի գործերից հանրահայտ են դաշնամուրային կոնցերտը, 4-մասանոց «Հայկական սյուիտը», 2 սիմֆոնիան, «Պատարագը» և այլ երկեր։ Հրանտ Բեկլարյանը գրել է «Սիմֆոնիկ դիվերտիսմենտը», «Յոթ բլուրների արձագանքը» կանտատը, կոնցերտներ, երգաշարեր և այլ գործեր։ Լորիս Չոպանյանի ստեղծագործությունն առանձնանում է հայկական թեմաներով գրված գործերով՝ «Հայկական ռապսոդիան», «Նահատակած ապրիլ 24-ի» սիմֆոնիան, «Հայկական պարեր», «Երգեր Արարատին» և այլն։ ԱՄՆ-ում հանրաճանաչ են նաև կոմպոզիտորներ Պերճ Գալաջյանը, Հայկ Բոյաջյանը, Վազգեն Մուրադյանը, Շառլ Ամիրխանյանը, Միշել Էքիզյանը, Ռուբեն Շաքարյանը և ուրիշներ։
Հայկական երաժշտության պահպանմանն ու տարածմանը նպաստում են նաև երաժիշտ-կատարողները, որոնք ավելի շատ են, քան ստեղծագործողները։ Ամերիկահայ գաղթավայրի ամենավաղ շրջանի երգիչներից է Պաոլո Անանյանը, որը երկար տարիներ երգել է «Մետրոպոլիտեն» օպերայում՝ հռչակավոր երգիչներ Բենիամինո Ջիլլիի և Տիտո Սկիպայի հետ։
Նույն թատրոնի առաջնակարգ երգիչներից էր Արման Թոքատյանը, որին ամերիկյան մամուլը համարել է Էնրիկո Կառուզոյի հաջորդը։ «Մետրոպոլիտենի» հանրահայտ երգչուհիներից են Լուսին Ամարան և Լիլի Չուգասզյանը, որոնց կամերային երկացանկում ընդգրկվել են նաև հայկական երգարվ-ի լավագույն նմուշներից։ Երգարվ-ի բացառիկ մեկնաբաններից են Քեթի Բերբերյանը, Անիտա Դարյանը, Արա Բերբերյանը, Անիտա Թերզյանը, Ռոզ Զուլալյանը, Շաքե Վարդենսյանը, Զաբել Արամը, Մայքլ Քրմոյանը, Նորմա Կազանչյանը և ուրիշներ։
Ամերիկահայ գաղթավայրում 1920-ական թթ-ից գործել է դաշնակահարների մի քանի սերունդ, ճանաչված են Սիրուհի Արփին, Հերմինե Այճյանը, Լևել Շիրինը, Անահիտ Աճեմյանը, Լյուսի Իշխանյանը, Ֆելիքս Թագակչյանը, Լուիզ Ոսկերչյանը, Շահան Արծրունին, Փիթր Բեկլյանը և ուրիշներ։
Ջութակահարների ավագ սերնդի ներկայացուցիչներից է Գիսակ Վրույրը, որը նաև անվանի մանկավարժ էր. Լոս Անջելեսում հիմնադրել է «Կոմիտաս» (1928) երգչախումբը։ Վրույրի ժամանակակիցն էր ջութակահար Հայկ Կյուտենյանը. նրան 1919-ին հրավիրել են ԱՄՆ՝ որպես մանկավարժ փոխարինելու բելգիացի հռչակավոր ջութակահար Էժեն Իզաիին։ Հայտնի են նաև Իվան Կալամյանը, Աիդա և Անի Գավաֆյանները, Վրույր Գանթարջյանը, Փիթր Ունջյանը, Նուրհան Արմանը, Վարուժան և Միհրան Գոճյանները և ուրիշներ։
Ճանաչված են թավջութակահարներ Վահե Պերպերյանը, Հրանտ Թաթյանը, Նենսի Դերյանը, երգեհոնահարներ Պերճ Ժամկոչյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ջոն Մեմլին, Մարթա Սարյանը, տավղարահարուհի Կլայտիս Կարագյոզյանը, ֆլեյտահարուհի Սաթո Մուղալյանը, հարվածային գործիքների երաժիշտ-կատարող Պոլ Մուրադյանը և ուրիշներ։ Ամերիկահայ ամենանշանավոր դիրիժորներից է Ալեքսանդր Ասլանովը. հանրահայտ կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևն իր Երկրորդ կոնցերտը նվագել է նրա ղեկավարությամբ (1913)։ Հայտնի են նաև Հայկ Փափազյանը, Ջորջ Փեհլիվանյանը, Օշական Մինասյանը, Հարություն Բեկյանը, Վահե Ասլանյանը, Հենրիկ և Արմեն (նաև՝ ջութակահար) Անասյանները, Արամ Ղարաբեկյանը և ուրիշներ։
Ամերիկահայ երաժշտարվ-ի զարգացման ընթացքը պայմանավորվել է նաև