Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/943

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրանի հայ երաժիշտները նշանակալի ներդրում ունեն ոչ միայն ազգային, այլև իրան. ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության մեջ։ XVIII դ-ում ժողովրդական երգարվ-ի զարգացմանը նպաստել են հայ աշուղներ Հարություն Օղլին, Ղուլ Սարգիս Շիրիշկանցին, Միսկին Մատթեոսը, Միսկին Ստեփանը, Մարտիրոս Մանուկյանը և ուրիշներ։ Իրան․ երաժշտ. մշակույթի պատմության մեջ կարևոր դեր ունի երգիչ Սարգիսը (VII դ.), որի համբավը տարածված էր նաև Հայաստանում ու Մերձավոր Արևելքում։ Իրանահայ երգարվ-ի ճանաչված դեմքերից է Նիկոլ Գալանդերյանը. գրել է ռոմանսներ (շուրջ 700), մանկ․ երգեր, օպերաներ և այլն։ Պրոֆեսիոնալ երաժշտության ներկայացուցիչներից է Ա. Տեր-Հովհաննիսյանը. XIX դ-ի վերջին Թեհրանում ստեղծել է Երաժշտասերների միություն և լարային նվագախումբ։ Հայտնի է Գրիգորյանների տոհմը, հատկապես՝ ջութակահար, խմբավար Լևոն Գրիգորյանը, որը Թեհրանում կազմակերպել և ղեկավարել է «Գուսան» երգչախումբը։ Որդին՝ կոմպոզիտոր և խմբավար Ռուբենը, պարսկ. ժողովրդական երգերի առաջին գրառողն էր։

Ճանաչված դաշնակահարներից են Էմանուել Մելիք-Ասլանյանը, Տանյա Հարությունյանը, Ռուբինա Սաիդխանյանը, Հայկուշ Մակարյանը, ջութակահարներ Լեոպոլդ Ավագյանը, Հրաչ Մանուկյանը, երգչուհիներ Սաթո Աղաբաբյանը, Թամարա Փիլոսյանը, Մարիցա Սանոսյանը, Հակինթ Վարդանյանը, Հերմինե Դավթյանը, խմբավար Գուրգեն Մովսիսյանը։ Երգչախմբերից են «Գուսանը», «Անուշը», «Արազը», «Հայ երգը», «Անին» և այլն։ 1920-ական թթ-ին Ե. Ավետիսյանը Թավրիզում հիմնադրել է բալետի առաջին ստուդիան (1945-ից՝ Թեհրանի պարարվ-ի դպրոց), 1939-ին պարուսույց Ա. Ջամբալյանը Թեհրանում՝ բալետի դպրոց։ Թեհրանում գործել է նաև «Պապիկյան-Բալե» խումբը։ Հայտնի են Թեհրանի «Արարատ», «Կարապ», «Զարթոնք», «Կարավան» պարախմբերը։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը նույնպես սփյուռքահայ երաժշտ. մշակույթի կարևոր օջախներից է։ Կոմպոզիտոր և խմբավար Բարսեղ Կանաչյանը, բացի Բեյրութից, գործել է նաև Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում, Կ. Պոլսում, Բուլղարիայում և Ֆրանսիայում։ 1936-ին Բեյրութում ստեղծել և ղեկավարել է «Գուսան» երգչախումբը։ Գրել է հիմնականում մեներգեր ու խմբերգեր, որոնք աչքի են ընկնում վոկալի նուրբ զգացողությամբ։

Երաժիշտ-մանկավարժ Գրիգոր Հեպոյանը հեղինակ է դպրոց․ երգերի, դաշնամուրային պիեսների։ Կոմպոզիտոր-խմբավար Մինաս Գանգրունին երաժշտագիտական և քննադատ․ հոդվածներ է հրապարակել տեղի մամուլում, գրել է ֆուգաներ, սոնատներ, կվարտետ, սիմֆոնիկ պոեմ, մանկ․ երգեր և այլն։ Մանկավարժ և ջութակահար Օննիկ Սյուրմելյանը Բեյրութում հիմնադրել է «Կոմիտաս» քառյակը և «Լիբանանյան եռյակ» անսամբլները, որտեղ ջութակահարն ինքն էր։ Երգչուհի և դաշնակահարուհի Մարի Ավետյանը համերգներով շրջագայել է Մերձավոր Արևելքի բոլոր խոշոր քաղաքներում։ Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առիթով եղել է Հայաստանում։ Դաշնակահարուհի Սոնա Վարդապետյան-Ահարոնյանը, բացի համերգային գործունեությունից, զբաղվել է նաև մանկավարժությամբ. 1950-ին Բեյրութում բացել է երաժշտ. դպրոց։

Ճանաչված են երգչուհի Արփինե Փեհլիվանյանը, նրա դուստրը՝ երգչուհի և դաշնակահարուհի Էլիզաբեթը։ Հայտնի են նաև երգչուհիներ Սոնա և Սոսի Մինասյան քույրերը, դաշնակահարուհի Սինթիա Խաչատրյանը, ջութակահարուհի Սոնիկ Չանգրյանը, կիթառահար Վրույր Մազմանյանը, քամանչահար Ռուբեն Գարախանյանը և ուրիշներ։ Էստրադային երաժշտության բնագավառում մեծ ավանդ ունեն Ատիս Հարմանտյանը, Մանվել Մենենկիչյանը, Լևոն Գաթրճյանը (հետագայում տեղափոխվել է ԱՄՆ), Վարդավառ Անթոսյանը և ուրիշներ։ Մի շարք հայ երաժշտագետներ դասավանդում են «Բարսեղ Կանաչյան» և «Թեքեյան» կոնսերվատորիաներում։ Լիբանանում հիմնադրվել են «Ալեմշահ», «Գարուն», «Կոմիտաս», «Կռունկ», «Նաիրի», «Շահմուրադյան» երգչախմբերը, «Քնար» պարախումբը և այլն։

Սիրիայում նույնպես հայ երաժիշտներն աշխույժ գործունեություն են ծավալել։ Հիշարժան են «Առնո Բաբաջանյան», «Զվարթնոց», «Նարեկացի», «Քնար», «Մեսրոպ Մաշտոց» երգչախմբերը, «Ասլամազյան լարային քառյակը», «Սարդարապատ», «Ազատ Ղարիբյան» պարախմբերը և այլն։ Վահե Դեմիրճյանն ստեղծել է ժամանակակից երաժշտության «Թայջերս» (1968) խումբը, հեղինակ է կինոերաժշտության։ Պ. Աբաջյանը դասավանդել