Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/946

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ս. Բեդելյանը, մանդոլինահար Զավեն Մաքսուդյանը և ուրիշներ։

Անգլիահայ երաժշտարվ-ում ճանաչված է ջութակահար Մանուկ Բարիքյանը. նվազել է առաջնակարգ նվագախմբերի հետ՝ Հերբերտ ֆոն Կարայանի, Արտուրո Տոսկանինիի և ուր. ղեկավարությամբ։ Այցելել է Հայաստան (1962, 1965)։ Անվանի ջութակահար է նաև Մ. Բարիքյանի քրոջ որդին՝ Լևոն Չիլինկիրյանը, որը Լոնդոնում ստեղծել է «Չիլինկիրյան» քառյակը (1971)։ Մ. Բարիքյանի սաներից է Հարություն Բեդելյանը։ Հայտնի են նաև «Վարդուկյան» քառյակը, երգիչ Խաչատուր Փիլիկյանը և ուրիշներ։

Ուրուգվայի մշակութային կյանքն աշխուժացնում են «Կոմիտաս» (1935), «Կռունկ» երգչախմբերը, «Գայանե» (ղեկ.՝ Ռոսա Չաքճյան), «Շիրազ» (ղեկ.՝ Գևորգ Սերոբյան) պարախմբերը, «Երևան-50», «Արամ Խաչատրյան» (ղեկ.՝ ջութակահար Արսեն Մոմջյան) նվագախմբերը, նաև դաշնակահարներ Մարտիրոս Բայասլյանը, Քնարիկ Բեկլիկյանը, ջութակահար Ավետիս Կարամանուկյանը, երգիչներ Կարպիս Գրագիրյանը, Պարգև Ավշարյանը, Աղասի Սանթուրյանը, Հակոբ Բոյաջյանը և ուրիշներ։

Շվեյցարահայ գաղութը հարուստ ավանդույթներ ունի երաժշտարվ-ում։ 1907-ին տարբեր քաղաքներում համերգներով և դասախոսությունեներով հանդես է եկել Կոմիտասը։ Երաժշտ. կյանքում մեծ ավանդ ունեն դաշնակահարուհիներ Հեղինե և Եվգինե Ադամյան քույրերը։ Ժնևում է ստեղծագործել նշանավոր դաշնակահար և կոմպոզիտոր Ստեփան Էլմասը, որը Ֆերենց Լիստի սաներից էր։ Հայտնի են նաև դաշնակահար-դիրիժորներ Ալեքսանդր Սիրանոսյանը, Լուկ Արամ Բաղդասարյանը (հանդես է եկել նաև Երևանում), երգչուհի և կոմպոզիտոր Սիրվարդ Գազանճյանը, երգիչներ Գևորգ Բոյաջյանը, Հայ Վարդանը։ Գործում են «Անի» պարախումբը և «Արաքս» երգչախումբը։

Թիֆլիսը XVIII դ-ի սկզբից հայ երաժշտ. մշակույթի կենտրոն էր, որտեղ կազմավորվել է վիրահայ աշուղ․ դպրոցը՝ Սայաթ-Նովա, Շամչի Մելքո, Բուդաղ Օղլան, Քիչիկ-Նովա, Ֆրեյդուն, Հազիր և ուրիշներ։ Կյանքի վերջին շրջանում Թիֆլիսում է ստեղծագործել նաև Ջիվանին։ XIX դ-ի վերջին-XX դ-ի սկզբին նկատելիորեն զարգացել է հայ պրոֆեսիոնալ երաժշտությունը։ 1885-ին հայկական առաջին խմբերգային համերգով հանդես է եկել Քրիստափոր Կարա-Մուրզան։ Հիմնադրվել են երաժշտ. դպրոց (1876), ուսումնարան (1886), Ներսիսյան դպրոցում ստեղծվել են երգչախմբեր (ղեկ.՝ Մակար Եկմալյան), համերգային կյանքի աշխուժացմանը նպաստել են Գենարիոս Ղորղանյանը և Վասիլ Ղորղանյանը։ 1907-ին ստեղծվել է Արևելյան երաժշտ. ընկերությունը, 1912-ին՝ Թիֆլիսի հայոց երաժշտ. ընկերությունը, 1917-ին՝ Հայոց երգչախմբային ընկերությունը, 1919-ին՝ հայ երաժիշտ-տեսաբանների «Կոմիտաս» ընկերությունը։

Թիֆլիսում են ստեղծագործել նշանավոր երաժիշտներ Արշակ Ադամյանը, Կարո Զաքարյանը, Ազատ Մանուկյանը, Վանո Մուրադելին, Անուշավան Տեր-Ղևոնդյանը, Վարդգես Տալյանը, Միքայել Միրզայանը, Վաչե Ումր-Շատը, Բեգլար Ամիրջանյանը, Սաշա Օգանեզաշվիլին և ուրիշներ։ «Հայարտան» երաժշտ. մասնաճյուղին (հիմնադիրներ՝ Արմեն Տիգրանյան, Սարգիս Բարխուդարյան, նախագահ՝ Ռոմանոս Մելիքյան) կից ստեղծվել է մանկավարժ․ ստուդիա (1927-ից՝ ուսումնարան)։ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում են աշխատել երգիչներ Լևոն Իսեցկին, Հայկանուշ Դանիելյանը, դիրիժորներ Դմիտրի Շիկանյանը, Սուրեն Չարեքյանը, պարուհի Լյուբով Վոինովա-Շիկանյանը և ուրիշներ։

Բաքուն XIX դ-ի վերջից հայ մշակույթի կենտրոններից էր, որտեղ հայ երաժշտ. կյանքում կարևոր դեր են ունեցել աշուղները։ Հայտնի աշուղներ Փարսին (XVI դ.), Դոնին (աշուղների ուսուցիչը, XVIII դ.), Ղազարը (XIX դ.) երգել են թուրքերեն և մասնակցել աշուղ․ մրցույթներին։ XIX դ-ում ապրել և հայ-ով ստեղծագործել է աշուղ Սեյադը (Պետրոս Մադաթյան)։ 1885-ին Բաքվում իր երգչախմբով ելույթ է ունեցել Ք. Կարա-Մուրզան, 1886-ին Մ. Եկմալյանը հայկական եկեղեցում ղեկավարել է իր «Պատարագը», 1908-ին դասախոսություններով և համերգով ելույթ է ունեցել Կոմիտասը։ Կոմպոզիտոր Անտոն Մայիլյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը (1910-17)։ 1920-ական թթ-ին կազմակերպել է բանվոր․ առաջին երգչախմբերը, մանկ․ երաժշտաթատեր. ստուդիան՝ հայկական և ադրբ. բաժանմունքներով, ելույթներ ունեցել համերգներով։ Երկար տարիներ Բաքվում է ստեղծագործել կոմպոզիտոր և խմբավար Ստեփան Դեմուրյանը. ղեկավարել