Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/947

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է բազմաթիվ դպրոց․ երգչախմբեր, հանդես եկել համերգներով։ 1934-38-ին Բաքվի կոնսերվատորիայի տնօրենը կոմպոզիտոր Ա. Տեր-Ղևոնդյանն էր։

Բաքվում է ապրել և ստեղծագործել կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը։ Թառահարներից և քամանչահարներից հայտնի են Բալա Մելիքովը, Գրիգորի տղա Մելիքովը, Արսեն Յարամիշևը, Արշակ Սողոմոնովը, Վաղո Մելքումովը, Թադևոս Հարությունյանը, Սողոմոն Սեյրանյանը, Լևոն Կարախանը, Ս. Օգանեզաշվիլին և ուրիշներ։ Վերջինս հիմնադրել է Բաքվի Արևելյան երաժշտության առաջին դասընթացները (1914)։ Կոմպոզիտոր Ավանես Ավանեսյանը Բաքվում կազմակերպել և ղեկավարել է Ադրբ. ժողովրդական գործիքների պետական առաջին (1920), հիմնադրել կանանց ժողովրդական գործիքների (1925) նվագախմբերը, դասավանդել է երաժշտ. տեխնիկումում։

Ղրիմի հայերը մեծ ներդրում ունեն հայ երաժշտության մեջ։ Հայկական ժողովրդական երգերի առաջին ձեռագիր ժող-ը կազմել է Խաչգռուզը, որի շնորհիվ XVI-XVII դդ-ում տարածվել են հայկական ժողովրդական երգերը։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանն ապրել և ստեղծագործել է Ղրիմում, այնտեղ է գրել իր լավագույն գործերից մի քանիսը («Ղրիմի էսքիզներ», «Երեք արմավենի», «Առ Հայաստան» և այլն)։ Ղրիմահայ կոմպոզիտոր Ք. Կարա-Մուրզան առաջինն է սկսել հայկական ժողովրդական երգերի հավաքման, ձայնագրման և քառաձայն մշակման գործը, իսկ Անդրեաս Քաղցածյանը մեծ ներդրում ունի նոտագրման ոլորտում։ Վերջինս նաև մանկավարժ․ գործունեություն է ծավալել Ղարասուբազարում, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում։ Երաժիշտ-մանկավարժներ էին նաև Հ. և Մ. Ուզունյանները, Գաբրիել, Մելքոն և Մարտիրոս Նալբանդյանները, Կ. Խանբեկյանը, Հովհաննես Նալբանդյանը (նաև՝ ջութակահար)։

Ռուսաստանում կադրերի պատրաստման կարևոր օջախներ էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը, ինչպես և Մոսկվայի ու Ս. Պետերբուրգի կոնսերվատորիաները, որտեղ սովորել են նաև հայ երաժիշտներ, երգիչներ Սոֆյա Ակիմովան, Նադեժդա Պապայանը, Բեգլար Ամիրջանյանը, Մագդալինա Գենջյանը, Արշակ Կոստանյանը, ջութակահար Հ. Նալբանդյանը և ուրիշներ։ XIX դ-ի 2-րդ կեսին-XX դ-ի սկզբին Ք. Կարա-Մուրզան, Ա. Սպենդիարյանը, Մ. Եկմալյանը, Ռ. Մելիքյանը, Գրիգոր Սյունին, Նիկողայոս Տիգրանյանը և ուրիշներ օգտագործել են ռուս․ օպերային ստեղծագործության փորձը։ Կոմպոզիտորներ Ն. Կլենովսկին, Ե. Իպպոլիտով-Իվանովը և ուր․ ձայնագրել, մշակել և իրենց երկերում օգտագործել են հայկական ժողովրդական, ազգ-հայրենասիր. և գուսան․ երգեր։ Ռուս բանաստեղծների խոսքերով վոկալ ստեղծագործություններ են գրել Գ. Ղորղանյանը և Ա. Սպենդիարյանը։ Մոսկվայի հայ մշակույթի տան (1921) երաժշտ. ստուդիան մեծապես նպաստել է հայ երաժշտության տարածմանը և կադրերի պատրաստմանը, այստեղ են ուսանել կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Ադամ Խուդոյանը, բալետմայստերներ Մաքսիմ Մարտիրոսյանը, Ազատ Գարիբյանը, բալետի արտիստներ Թերեզա Գրիգորյանը, Վանուշ Խանամիրյանը, երգիչներ Ս. Դավթյանը, Սերգեյ Գալստյանը և ուրիշներ։

1910-16-ին գործել է Մոսկվայի հայ խմբերգային ընկերությունը (հիմն.՝ Ե. Բաղդասարյան), 1922-ին ստեղծվել է Հայ երաժշտ. կոլեկտիվը (նախագահ՝ Գևորգ Բուդաղյան)։ 1924-ին կազմակերպվել է լարային քառյակը (1932-ից՝ Կոմիտասի անվան), որն իր գործունեությունը շարունակում է Երևանում։ Քառյակի հետ ելույթներ են ունեցել դաշնակահարներ Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսը, կոմպոզիտոր, դաշնակահար Դմիտրի Շոստակովիչը և ուրիշներ։ Մոսկվայում են ստեղծագործել դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փալահը, կոմպոզիտորներ Ա. Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը, Դավիթ Թուխմանովը, Արամ, Կարեն և Էմին Խաչատրյանները, Սերգեյ Բալասանյանը, Էդվարդ Խաղագորտյանը, Ալեքսանդր Փիրումովը, Գեորգի Գարանյանը, երգիչներ Պավել, Ռուբեն, Կարինե և Ռուզաննա Լիսիցյանները, Զարուհի Դոլուխանյանը, Սարատովի, Սվերդլովսկի օպերային թատրոններում է երգել Լ. Իսեցկին։ Ռուսաստանում են ապրել և ստեղծագործել Նադեժդա-Շողակաթ Սիմոնյանը, Ալեքսանդր Մնացականյանը, Արկադի Աղաբաբովը և ուր․։ Ռուս․ էստրադայի երգիչներից են Իգոր Սարուխանովը, Ռոքսանա Բաբայանը, Իրինա Օտիևան, Իրինա Ալեգրովան, Վյաչեսլավ Դոբրինինը և ուրիշներ։

Ուզբեկստանում է ծնվել ու ստեղծագործել երգչուհի և պարուհի Թամարա Խանումը (Թամար Պետրոսյան), երկացանկում՝ աշխարհի ժողովուրդների երգեր ու պարեր։ Հայտնի էր նաև երաժշտ. գործիքների վարպետ Ս. Պետրոսյանցը, որը կատարելագործել է ուզբ. ժողովրդական գործիքները, պատրաստել նորերը։

Թուրքմենստանում ազգային պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման մեջ մեծ դեր ունեն հայ երաժիշտները։ Աշգաբադի երաժշտ. ընկերության (1893) հիմնադիրներից է Մ. Նասիբյանցը։ Կոմպոզիտոր Գեորգի Բեդրոսովը գրել է թուրքմ. պարային երաժշտություն։ Գրիգոր Առաքելյանը հիմնադրել և ղեկավարել է թուրքմ. առաջին սիմֆոնիկ նվագախումբը, մշակել ժողովրդական մեղեդիներ կամերային և ժողովրդական գործիքների անսամբլների համար։ Ա. Շապոշնիկովը (Փափախչյան) թուրքմ. պրոֆեսիոնալ երաժշտարվ-ի հիմնադիրներից է, առաջին ազգային և այլ օպերաների հեղինակ։ Ջութակահար և դիրիժոր Դմիտրի Ախշարումովը կրթել է բազմաթիվ բարձրակարգ երաժիշտ-կատարողների։ Նորանկախ Հայաստանում (1991-ից) մշակույթի ոլորտում ստեղծված անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք երաժիշտներ (հիմնականում՝ կատարողներ) մեկնել են (կամ հրավիրվել) արտերկիր՝ աշխատելու, կատարելագործելու իրենց արվ-ը։

Գրկ. Բրուտյան Ց., Սփյուռքի հայ երաժիշտներ, Ե., 1968։ Նույնի, Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները, Ե., 1996։

Ցիցիլիա Բրուտյան , Վալիդա Մելքումյան