Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/954

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1887-91) և ՀՅԴ-ի «Դրոշակ» (1891-1914) պաշտոնաթերթերը, ՍԴ-ի «Հանդես» (1900) և «Բանվոր» (1904, բոլորն էլ՝ Ժնև), գիտահանրամատչելի «Գիտություն» (1904-05, Լոզան), տեղեկատվ. «Ցոլք» (1979-84, հայերեն, ֆրանս.) պարբերաթերթերը։

Ներկայումս լույս են տեսնում հաս-քաղ․ «Արձագանք» (1986-ից), հոգևոր, բարոյական, ազգային «Շնորհալի» (1996-ից), տեղեկատվ. «Մենք» (1996-ից, բոլորն էլ՝ Ժնև) պարբ-ները։

Հունաստանում ցայսօր հրատարակվել են շուրջ 70 անուն հայերեն պարբեր։ Առաջինն «Ասպարեզ» (1891, Աթենք) կիսամսյա հանդեսն է։ Կարևոր պարբ-ներից են ՀՅԴ-ի «Դրոշակ» (1891 և 1969-85-ին, Աթենք) պաշտոնաթերթը, ռամկավարների «Նոր ալիք» (1924-28), «Արևելք» (1930-36, երկուսն էլ՝ Սալոնիկ), «Արամազդ» (1934-36), «Երկիր» (1957-68, երկուսն էլ՝ Աթենք), հնչակյանների «Երկունք» (1922-33, Աթենք), կոմունիստների «Աշխատանք» (1926-27, Սալոնիկ), «Ժողովուրդի ձայն» (1930-31), «Նոր շարժում» (1931-34, երկուսն էլ՝ Աթենք) թերթերը, ինչպես նաև գրական և մշակութային «Արևագալ» (1937-39, Աթենք) պարբերաթերթը, մարզ. «Նոր սերունդ» (1926-29), բժշկաառողջապահական և գրական «Օլիմպոս» (1926-28, երկուսն էլ՝ Աթենք) հանդեսները և այլն։

Ներկայումս լույս են տեսնում 10 անուն պարբ-ներ, այդ թվում՝ ՌԱԿ-ի շրջ. վարչության պաշտոն. «Նոր աշխարհ» (1968-ից, Աթենք) շաբաթաթերթը, ՀՅԴ-ի պատասխանատու մարմնի պաշտոն. «Ազատ օր» (1945-ից, Աթենք) ազգային, քաղաքական, գրական օրաթերթը՝ «Արմենիկա խրոնիկա» հուն․ հավելվածով, հոգևոր «Շողակաթ» (1990- ից) և ուսանող. «Երիտասարդական կանչ» (1995-ից, երկուսն էլ՝ Կոմոտինի) պարբերաթերթերը, հաս-քաղաքական, մշակութային «Հայաստան» (2001-ից, Աթենք) ամսաթերթը, «Էլլինո Արմենիկա» (1991-ից, Աթենք, հուն.) հասարակական, քաղաքական, գրական, պատմ. և մշակութային եռամսյա հանդեսը և այլն։

Ռումինիայում հայ մամուլի ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում տպագրվել են շուրջ 50 անուն պարբ-ներ (զգալի մասը կարճ կյանք է ունեցել)։ Առաջինը «Հայկական տարեցույցներ» (1895-99, Գալաց, հայերեն, ռում.) լրագիրն է։ Կարևոր դեր են ունեցել հայագիտական «Արարատ» (1924-42) և «Անի» (1935-43), գրական, պատմագիտական «Շեփոր» (1912-13) և «Սևան» (1950-58, հայերեն, ռում.) հանդեսները, հանրագիտական տեղեկատու «Հայ հանրագիտակը» (1938-40), քաղաքական, գրական, մշակութային «Նոր արշալույս» (1922-34), հասարակական, քաղաքական, գրական «Արազ» (1932-44), գրական, հաս-քաղաքական «Պահակ» (1935-41, 1944-46, հայերեն, ռում.) թերթերը (բոլորն էլ՝ Բուխարեստ)։ 1950-ից Բուխարեստում լույս է տեսնում հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային «Նոր կյանք» շաբաթաթերթը (1982-ից՝ երկլեզվյա ամսաթերթ)։

Գերմանիայում ցայսօր հրատարակվել են շուրջ 15 անուն հայերեն թերթեր և հանդեսներ։ Առաջինը գրական, պատմ., ազգագր. «Հանդես հայագիտության»-ն է, լույս է տեսել 1901-02-ին Մարբուրգում (2 գիրք, հայերեն, գերմ.)։ Ավելի ուշ տպագրվել են «Մեսրոպ» (1914, հայերեն, գերմ.), «Հայաստան» (1937-44, գերմ., երկուսն էլ՝ Բեռլին) հանդեսները։ Երկրորդ աշխարհամարտի (1939-45) տարիներին Հայոց ազգային խորհուրդը հրատարակել է «Հայաստան» (1942-44) շաբաթաթերթը և «Ազատ Հայաստան» (1943, երկուսն էլ՝ Բեռլին) ամսաթերթը։

Ներկայումս Քյոլնում լույս են տեսնում «Արմենիշ-Դոյչե Քորեսփոնդենց» (1973-ից, գերմ.) Գերմանա-հայկական ընկերության եռամսյա պաշտոնաթերթը և «Գարուն» (1995-ից, հայերեն, գերմ., թուրք.) ամսագիրը։

Կիպրոսում հրատարակված առաջին հայերեն պարբ-ը «Տեղեկագիրն» է (1901, Նիկոզիա), որին հաջորդել են «Ազատ կիպրահայ» (1922-33, Նիկոզիա) շաբաթաթերթը, հաս-քաղաքական «Արաքս» (1924-29) կիսամսյան, Հայախոս միության պաշտոնաթերթ «Լուսարփի» (1926-28) ամսաթերթը, «Նոր Արաքս» (1945-47, երեքն էլ՝ Լառնակա) կիսամսյան, Մելգոնյան կրթական հաստատության «Այգ» (1937-78) պարբ-ը, «Հենարան» (1959-62, երկուսն էլ՝ Նիկոզիա) քաղաքական շաբաթաթերթը ևն։