Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/963

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

ԼՂՀ-ում կառավարման նախագահ․ ինստ-ը մտցվել է 1994-ի դեկտ. 21-ին։ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։

Նախագահը հանրապետությունը ներկայացնում է միջազգ. հարաբերություններում և իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը։ Ընտրվում է ԼՂՀ քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով։

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում։

ԼՂՀ Նախագահը Սահմանադրությամբ սահմանված կարգով նշանակում է վարչապետին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարության մյուս անդամներին։ ԱԺ-ին առաջարկում է Գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները, նշանակում առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատարանների նախագահներին և մյուս դատավորներին, դադարեցնում դատավորների լիազորությունները։ ԱԺ-ին առաջարկում է գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Նշանակում է Արդարադատության խորհրդի 2 իրավաբան անդամներին, կազմավորում է Անվտանգության խորհուրդը և նախագահում այն։

ԼՂՀ նախագահը ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում ու ազատում է ԶՈՒ-ի և այլ զորքերի բարձրագույն հրամանատար․ կազմը։ Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված դեպքերում արձակում է ԱԺ-ն և նշանակում արտահերթ ընտրություններ։

ԼՂՀ ԳԽ-ն 1994-ին ԼՂՀ առաջին նախագահ է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, իսկ 1996-ի նոյեմբ-ին նա վերընտրվել է համընդհանուր ընտրություններով։ 1997-2000-ին և 2000-05-ին ԼՂՀ նախագահ է եղել Արկադի Ղուկասյանը, 2007-ից Բակո Սահակյանն է։

ՍԱՀԱԿՅԱՆ Բակո Սահակի (ծ. 30.08.1960, Ստեփանակերտ), ԼՂՀ նախագահ՝ 2007-ից, վերընտրվել է 2012-ին, գեներալ-մայոր (2003)։ Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակ-ը (2003)։

Արցախյան շարժման առաջամարտիկներից ե 1992-93-ին՝ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի թիկունքի պետի տեղակալ, 1994-95-ին՝ ՊԲ թիկունքի շտաբի պետ-դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, 1995-96-ին՝ ՊԲ հրամանատարի արտաքին կապերի բաժնի պետ, 1996-97-ին՝ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, 1997-99-ին՝ ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարների օգնական, 1999-2001-ին՝ ԼՂՀ ՆԳ նախարար, 2001-07-ին՝ ԼՂՀ ԱԱՊՎ-ի պետ։

1992-ից մասնակցել է ԼՂՀ ազատագր. մարտերին, ռազմ․ գործողությունների պլանների մշակման, նախապատրաստման և բանակցային գործընթացների աշխատանքներին։

Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի, ՌԴ «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշաններով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Շուշիի ազատագրման համար», «Վազգեն Սարգսյան» և բազմաթիվ այլ մեդալներով։ ՌԴ Անվտանգության, պահպանության և օրինապահպանության հարցերով ակադ-ի իսկական անդամ է։