ԼՂՀ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը Ազգային ժողովն է (ԱԺ)՝ միապալատ և ներկայացուցչ. խորհրդարանը։ ԼՂՀ 1-ին օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը (ԳԽ), ձևավորվել է 1991-ի դեկտ. 28-ին։
1992-ի հունվ. 6-ին ԳԽ-ն ընդունել է ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը, որով օրենսդրորեն ամրագրել է հանրաքվեի արդյունքները և այն իրավ․ փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են հանրապետության քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման ԼՂ ժողովրդի իրավունքը։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասին» ԼՂՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ԼՂՀ ԱԺ-ն ընտրվում է 33 պատգամավորից (16 մեծամասն. և 17 համամասն․ ցուցակներով)՝ 5 տարի ժամկետով։ ԼՂՀ ԱԺ-ի պատգամավոր կարող է ընտրվել 23 տարին լրացած, վերջին 5 տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի։
ԱԺ-ն իր լիազորությունների ողջ ժամկետով, գաղտնի քվեարկությամբ ընտրում է ԱԺ-ի նախագահ։
ԱԺ-ն ընդունում է օրենքներ, կարգադրություններ, որոշումներ, դիմումներ և հայտարարություններ։ ԼՂՀ նախագահի առաջարկությամբ հայտարարում է համաներում, վավերացնում, կասեցնում կամ դադարեցնում է ԼՂՀ միջազգային պայմանագրերը, որոշում ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին։
ԱԺ-ն Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն, վերահսկում դրա կատարումը։ ԱԺ-ն նշանակում է Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության խորհրդի 2 իրավաբան անդամներին։
ԼՂՀ ներկայիս խորհրդարանն ունի 7 մշտ. հանձնաժողովներ՝ արտաքին հարաբերությունների, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի, պետաիրավական հարցերի, սոցիալ. ոլորտի հարցերի, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, 3 խմբակցություն՝ «Ժողովրդավարություն»՝ Արցախի ժողովրդավար․ կուս-յան, «Հայրենիք»՝ «Ազատ հայրենիք» կուս-յան, «Դաշնակցություն»՝ Արցախի ՀՅԴ անդամներից կազմված, և «Արցախատուն» անկախ պատգամավորների խումբ։
ԼՂՀ ԳԽ նախագահներ են եղել Արթուր Մկրտչյանը (1992-ի հունվ-ապրիլ), Գեորգի Պետրոսյանը (1992-93), Կարեն Բաբուրյանը (1993-94), Արթուր Թովմասյանը (1994-ի հունվ-ապրիլ), ԱԺ-ի նախագահներ՝ Արթուր Թովմասյանը (1994-97), Օլեգ Եսայանը (1997-2002 և 2002-05), 2005-ից Աշոտ Ղույլանն է։
ԼՂՀ Կառավարությունը երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է (1992-94-ին՝ պատերազմ․ իրադրության պայմաններում, լիազորությունների մեծ մասը ժամանակավորապես փոխանցվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին, ՊՊԿ)։ ԼՂՀ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։
ԼՂՀ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից։ Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում նրա անդամների աշխատանքը։ Կառավարությունը նշանակում և ազատում է վարչակազմերի (տարածքային կառավարման մարմիններ) ղեկավարներին, ԱԺ-ի քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը։ Կառավարությունը հաշվետու է ԼՂՀ նախագահին և ԱԺ-ին։