Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանի թագավորությունը

Վանի համահայկական թագավորությունը (մ. թ. ա. IX-VII դդ.) ասորեստանյան աղբյուրներում կոչվում է «Ուրարտու», տեղական արձանագրություններում՝ «Նաիրի» և «Բիայնիլի» (վերջինից ծագում է Վան քաղաքի անունը, որից էլ՝ Վանի թագավորությունը), իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»։

Մ. թ. ա. 830-ական թթ-ին Սարդուրի Ա-ն (մ. թ. ա. մոտ 835-825) հիմնադրել է Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը, որի շուրջը կազմավորվել է Վանի համահայկական թագավորությունը։ Քաղաքի հիմնադրման ասուրերեն արձանագրություններում Սարդուրին իրեն անվանում է «Նաիրի երկրի արքա» և ներկայանում Մեծ արքա, Հզոր արքա, Արքաների արքա, Տիեզերքի արքա և այլ տիտղոսներով։ Մ. թ. ա. 833-ին Սարդուրի Ա-ին հիշատակում է Ասորեստանի արքա Սալմանասար III-ը (մ. թ. ա. 859/858-824)՝ վերջինիս զորքերին դիմակայելու առնչությամբ։ Այդ ժամանակ Վանի թագավորությունը, ընդգրկելով Վանա լճի ավազանը, տարածվել է Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։

Սարդուրի Ա-ին հաջորդած որդին՝ Իշպուինին (մ. թ. ա. մոտ 825-810), իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդին՝ Մենուան (մ. թ. ա. մոտ 810-786)։ Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոն, (պետության միասնական դիցարանի ստեղծումը) բարեփոխումները։ Ռազմ․ բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտ. կանոնավոր բանակով։ Մ. թ. ա. 820-ական թթ-ի վերջին Իշպուինին թագավորությանն է միացրել Արդինի-Մուսասիր Երկիրը, որի համանուն կենտրոնը դարձել է նաև տերության հոգևոր կենտրոն։ Այնուհետև տիրույթներն ընդլայնել է հվ-ում՝ մինչև Պարսուա (Պարսք) երկիր, հս-ում՝ մինչև Հայկական Պար լեռնաշղթա։

Մենուայի օրոք Վանի թագավորությունն աննախադեպ վերելք է ապրել, ծավալվել են շին. աշխատանքներ, ստեղծվել է ոռոգման ցանց, հատկապես նշանավոր է ցայժմ գործող 72 կմ երկարություն Մենուայի ջրանցքը։

Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հս.՝ դեպի Դիաուխի-Դայանեի (Տայք) երկիր, հարավ-արմ. ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան, արմ-ում առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ՝ սպառնալով անդր-Եփրատյան պետություններին։ Սելիտեայի (Սելիդ, Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու։ Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արլ.՝ հասել է մինչև Դիալա գետի ավազան։

Մենուան Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, հիմնել է պետության հս. գլխավոր հենարանը՝ Մենուախինիլի քաղաքը։ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հս. շրջանների իշխանությունները ք»եև չեն մտել Վանի տերութան մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը։ Մենուան առաջին հաղթանակներն է տարել տարածաշրջանի հզոր պետության՝ Ասորեստանի նկատմամբ, և Վանի թագավորությունը վերածել գերտերության։

Մենուայի որդու և հաջորդի՝ Արգիշտի Ա-ի օրոք (մ. թ. ա. 786-764) տերությունը հասել է իր ռագմաքաղաքական հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա-ն մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Ձաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտը, իշխանության ազդեցությունը տերության հս. շրջաններում, այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենեից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արլ. և Փոքր Ասիայի հարավ-արլ. շրջաններով անցնող առևտր. մայրուղիներին։

Ասորեստանն իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Վանի թագավորությանը։ Արգիշտի Ա-ի թագավորությունը ձգվել է Ուրմիայի ավագանի հվ-ից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտեա ու Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև ճորոխի ավազան, իսկ տերությունն ընդգրկել է Փոքր Ասիայի արլ. պետություններն ու մերձուրմյան ավազանի մի քանի երկրներ, հարավում մինչև Պարսից ծոց՝ ներառյալ Բաբելոնիան: