Արցախ-Ղարաբաղ նահանգի տարածքը հնագույն ժամանակներից եղել է հայաբնակ։ Այդ են վկայում տարածքում հայտնաբերված բազմաթիվ վիմագիր արձանագրություններն ու պատմաճարտ. հուշարձանները։ Արցախը Հայաստանի 10-րդ նահանգ է դիտել Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը (913-915) Խաչենի մելիքին հղած իր նամակում։ Իսկ գերմանացի ճանապարհորդ Հանս Շիլտբերգերը 1138-40-ին արձանագրել է, որ Արցախը Հայաստանի մասն է, և բնակիչները հայեր են։
XII դ-ում թաթար-մոնղոլների և սելջուկ թուրքերի արշավանքներից հետո սկսել են Արցախ ներթափանցել քոչվոր խաշնարած թյուրքալեզու ցեղեր, որոնք մինչև 1926-ը՝ ԽՍՀՄ համամիութ. 1-ին մարդահամարը, պաշտոնապես անվանվել են կովկասյան թաթարներ, այնուհետև՝ ադրբեջանցիներ։
Բնակչության թիվը և ազգային կազմը՝ ըստ խորհրդային տարիների մարդահամարի տվյալների (հազար մարդ)
Տարեթվերը | 1923 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 |
Ամբողջ բնակչությունը | 158,7 | 150,8 | 130,4 | 150,3 | 162,2 | 189,1 |
այդ թվում՝ հայեր | 149,6 | 132,8 | 110,1 | 121,1 | 123,1 | 145,5 |
%-ով | 94,1 | 88,1 | 84,4 | 80,6 | 75,9 | 76,9 |
ադրբեջանցիներ | 7,7 | 14,1 | 18,0 | 28,2 | 37,3 | 40,6 |
%-ով | 4,9 | 9,3 | 13,8 | 18,1 | 23,0 | 21,5 |
ռուսներ | 0,6 | 3,2 | 1,8 | 1,3 | 1,3 | 1,9 |
%-ով | 0,5 | 2,1 | 1,4 | 0,9 | 0,8 | 1,0 |
այլազգիներ | - | 0,7 | 0,5 | 0,7 | 0,6 | 1,0 |
%-ով | - | 0,5 | 0,4 | 0,5 | 0,4 | 0,5 |
1897-ին Անդրկովկասում անցկացված ռուս․ առաջին պաշտոն․ վիճակագր. տեղեկությունների համաձայն՝ Արցախ-Ղարաբաղում եղել է 110 հազար հայ ընտանիք։
1805-ին Ղարաբաղն ինքնակամ ընդունել է Ռուսաստանի տիրապետությունը, որը վավերացվել է 1813-ին՝ Գյուլիստանի հաշտության պայմանագրով։ Երկրամասը Ռուսաստանին միանալուց հետո՝ արդեն 1823-ին Ղարաբաղի լեռն․ մասի բնակչության 84,6 %-ը հայ էր, 14,7 %-ը՝ թաթար («Ղարաբաղի նահանգի նկարագրությունը», Թիֆլիս, 1866, էջ 260)։ 1913-ին ներկայիս ԼՂՀ սահմաններում բնակչության ընդհանուր թիվը 372 հազար էր (Շուշիում՝ 42 հազար)։
1918-20-ին թուրք-թաթարների կազմակերպած կոտորածների (միայն 1920-ին ոչնչացվել է ավելի քան 20 հազար հայ) հետևանքով հայերի ընդհանուր թվաքանակը նվազել է. 1921-ին դարձել է 131,5 հազար (94,4 %-ը՝ հայ), 1923-ին՝ ԼՂԻՄ-ի հռչակման ժամանակ՝ 157,8 հազար։
Հակառակ դրան՝ խրախուսվել է ադրբեջանցիների ներհոսքը երկրամաս։ Ադրբեջանի կառավարությունն աստիճանաբար կրճատել է ներդրումների ծավալը ԼՂԻՄ-ում, և աշխատուժը ստիպված զանգվածաբար հեռացել է մարզից։ 1939-ին Ադրբեջանի քաղաքներում ու շրջաններում աշխատել են ավելի քան 52 հազար ղարաբաղցի հայ շինարարներ և բանվորներ (մարզի բնակչության շուրջ 1/3-ը)։ Միևնույն ժամանակ, 1940-60-ական թթ-ին Արցախի գյուղերից ֆաբրիկագործարանային ուսուցման ծրագրով հավաքագրել են հայ երիտասարդների և ուղարկել աշխատելու Բաքու, Սումգայիթ և այլ քաղաքներ։
1945-60-ին մարզում ոչ միայն չեն կառուցվել նոր ֆաբրիկա, գործարան, մշակութային, կենցաղսպասարկման օբյեկտներ, այլև քանդվել, ոչնչացվել են եղած արտադրական կարողությունները, սոցիալ-տնտեսական ոլորտի հաստատությունները։ Արտադրական ձեռնարկությունները տեղաբաշխված էին հիմնականում Ստեփանակերտում և Շուշիում։ Կտրուկ փոխվել է մարզի և հատկապես Շուշիի ժողովրդագր. պատկերը։ Եթե 1913-ին Շուշիի բնակչության (42.400) 61,5 %-ը հայ էր, ապա 1989-ին քաղաքում ոչ մի հայ չէր մնացել։
Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) ժամանակ մարզի բնակչության 35 %-ը (45 հազար մարդ) զորակոչվել է բանակ. 22 հզ-ը զոհվել է։ 1949-ին մարզից արտաքսել և Ալթայի երկրամաս (Ռուսաստան) են աքսորել հազարավոր հայ ընտանիքների։ 1959-ին հայ բնակչության թվաքանակը 1946-ի համեմատությամբ նվազել է 37 հազարով։ Կտրուկ փոխվել է նաև բնական աճի պատկերը, եթե 1961-ին մարզում 1000 շնչի հաշվով ծնվել է 40,5 երեխա, բնական աճը կազմել է 33,3: