Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/977

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արցախը հնագույն շրջանից մինչև X դարը

V-VII դդ-ի «Աշխարհացոյց»-ի համաձայն՝ Արցախը Մեծ Հայքի 10-րդ նահանգն է կամ աշխարհը (վերջինիս արլ. մասում)։ Բաժանվել է 12 գավառի՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք (Վակունիք), Բերձոր (Բերդաձոր), Մեծիրանք (Մեծառանք), Մեծ Կուանք (Մեծ Կվենք), Հարճլանք (Հարջլանք), Մուխանք, Պիանք, Պարծկանք (Պարզկանք), Քուստի, Փառնես, Կողթ։ Տարածքն ավելի քան 15,5 հազար կմ² էր։ Մինչև IV դ. ներառել է նաև Սևանա լճի ավազանի արլ. հատվածը (Ծավդեք կամ Սոդք)։ Հյուսիսում և արևելքում սահմանակից էր Ուտիք նահանգին, հարավում՝ Փայտակարանին, արևմուտքում՝ Սյունիքին։

Սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է նաև Արձախ, Ծավդեից աշխարհ, Փոքր Սյունիք, Վանի թագավորության (Ուրարտու, մ. թ. ա. IX-VII դդ.) սեպագիր արձանագրություններում՝ «Արդախ», «Ուրդեխե», «Ատախունի» անուններով։ Հույն աշխարհագետ ու պատմագիր Ստրաբոնը (մ. թ. ա. 64/63 - մ. թ. 23/24) հիշատակել է «Օրխիստինե» ձևով՝ նշելով նահանգի ռազմական հզորությունը. «...պատերազմների ժամանակ հանում է մեծաքանակ հեծելազոր»։ X դ-ից, երբ Առանշահիկները երկրի քաղաքական կենտրոնը տեղափոխել են Խաչենագետի հովիտ, «Արցախ» տեղանունն աստիճանաբար փոխարինվել է «Խաչենով», իսկ XVI-XVII դդ-ից կրել է օտար՝ «Ղարաբաղ» («Սև այգի») անվանումը։ «Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988-ից։

Արցախի նախարարական տունը, ըստ ավանդության, սերում է Հայկ Նահապետի ժառանգ Սիսակից։ Նախարարական տան նախահայրը եղել է Հայկազուն Առանը, որի անունից էլ առաջացել է հարստության «Առանշահիկ» (նշանակում է Առանի տիրակալ) անվանումը։

Երկրամասի մասին առաջին վկայությունները [պեղվել է Որվանի (Ազոխ), Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում] վերաբերում են հին քարի դարի (պալեոլիթ) աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Որվանի քարայրում (ԼՂՀ Հադրութի շրջան) հայտնաբերված նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Կրկժան, Ամարաս, Մաղաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ. թ. ա. V-III հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ. թ. ա. III հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։

Մ. թ. ա. I հազարամյակի սկզբներին Արցախը եղել է Ասորեստանի և Վանի թագավորությունների քաղաքական ու մշակութային ագդեցությունների ոլորտներում։ Խոջալուի (Իվանյան) դամբարանադաշտերից հայտնաբերվել է Ասորեստանի թագավոր Ադադ-Նիրարի անունը կրող սարդիոնե ուլունք։ Ըստ Վանի թագավորության Սարդուրի Բ արքայի (մ. թ. ա. 764-735) սեպագիր արձանագրության (պահպանվել է Ծովք գյուղի մոտ)՝ նրա զորքերը հասել են Ուրդեխե (Արցախ) երկիրը։ Մ. թ. ա. 550-331-ին Արցախը, Հայկազուն-Երվանդյանների թագավորության կազմում, Աքեմենյան աշխարհակալության գերիշխանության տակ էր։

Մեծ Հայքի Արտաշիսյանների թագավորության (մ. թ. ա. 189-մ. թ. 1) սահմանները հյուսիս-արևելքում անցել են Կուր գետով, ներառել Արցախը, որը կառավարել է բնիկ Առանշահիկ (Եռանշահիկ) իշխանական տոհմը։ Տիգրան Բ Մեծ արքան (մ. թ. ա. 95-55) այստեղ կառուցել է իր անունը կրող քաղաքներից մեկը՝ Արցախի Տիգրանակերտը (հնավայրը ԼՂՀ Աղդամ քաղաքի շրջակայքում է, պեղումները՝ 2006-ից)։