66-428-ին Արցախը Մեծ Հայքի Արշակունիների թագավորության կազմում էր, որի անկումից և մարզպանական կարգավիճակով Սասանյան Պարսկաստանի գերիշխանության տակ անցնելուց հետո Արցախն ու Ուտիքը միացվել են Կուրից հս. գտնվող Աղվան․ թագավորությանը։ Վերջինս 469-ին վերածվել է պարսկ. մարզպանության՝ պահպանելով «Աղվանք» անունը։
IV դ-ի սկզբին Արցախը հենակետ է եղել Հյուսիս-արլ. Հայաստանում և հարևան բուն Աղվանքում քրիստոնեություն տարածելու համար։ Աղվանից ու Վրաց եպիսկոպոս, Աղվանից եկեղեցու հիմնադիր Գրիգորիսը (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) մեծ դեր է խաղացել Արցախի և Ուտիքի, ինչպես նաև բուն Աղվանքի մի շարք գավառներում քրիստոնեությունը քարոզելիս, որտեղ էլ նահատակվել է Մազքթաց թագավոր Սանեսանի կարգադրությամբ։
V դ-ի սկզբին, հայերեն գրերի ստեղծման շնորհիվ, ինչպես Հայաստանի մյուս նահանգներում, այնպես էլ Արցախում սկսվել է կրթամշակութային աննախադեպ վերելք։ Ընդ որում՝ Սբ Մեսրոպ Մաշտոցն Արցախի Ամարաս վանքում հիմնադրել է առաջին հայկական դպրոցներից մեկը։
V-VI դդ-ում Արցախը մտել է պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ։
Ավարայրի ճակատամարտում (451-ի մայիսի 26) Արցախի այրուձին գլխավորել է Առանշահիկ Բակ իշխանը, որը ճակատամարտից հետո վերադարձել է Արցախ։
Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից (Հայաստանից իր զորքերի հետ կանչելը և այլն)՝ Արցախի Առանշահիկները Վաչագան Գ Բարեպաշտի (մոտ 487-510) գլխավորությամբ ստեղծել են թագավորություն, որն ընդգրկել է Ուտիքը և բուն Աղվանքը (Ալբանիա, զբաղեցրել է Կովկասյան Մեծ լեռնաշղթայի և Կուր գետի միջակա տարածքը)։ Վերջինս թագավորանիստ է դարձրել իր հիմնադրած Դյուտական ավանը (Տրտու գետի ափին)։ Ծավալել է եկեղեց., լուսավորչ. և քարոզչ. բուռն գործունեություն, կառուցել է բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ (Բաքվում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 500-ին), բացել դպրոցներ։
Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով Վաչագան Գ Բարեպաշտը ձեռնամուխ է եղել ներքին կարգուկանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Ժամանակի նշանավոր մտածողների (Մատթե, Աբրահամ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ և եկեղեց. նախկին կանոնների ու պետական կազմակերպության մասին պահպանված մատենագր. նյութերի հիման վրա Վաչագան Գ Բարեպաշտի կազմած «Սահմանադրութիւն կանոնական...» հաստատվել է Աղվենի եկեղեց. ժողովում։
Սակայն պարբեր. ընդվզումները պարսից տիրապետության դեմ և վերջինիս պատժարշավները հետագայում երկրամասն այնքան են թուլացրել, որ Արցախն ի վիճակի չի եղել դիմադրելու VII դ-ի սկգբին երկիր ներխուժած խազարներին։ VII դ-ի կեսից մինչև IX դ-ի վերջը Արցախը եղել է արաբ․ գերիշխանության տակ։ Առանշահիկ և Միհրանյան տոհմերի շուրջ 200-ամյա դաժան պայքարը (վերջիններս Ուտիք էին թափանցել VII դ-ում) IX դ-ի սկզբին ավարտվել է առաջինի հաղթանակով։ IX դ-ի առաջին կեսից մինչև 853-ը Առանշահիկների 2 ճյուղերը՝ խաչենցիները՝ Սահլ Սմբատյանի գլխավորությամբ, և դիզակցիները՝ Գտիչի (Քթիշ ամրոց) հերոս Եսայի Աբու-Մուսեի ղեկավարությամբ, դիմադրել են արաբական զորքերին։
Թեև Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները դաժանորեն ճնշվել են, իսկ կազմակերպիչներից շատերը՝ աքսորվել, IX դ-ի վերջին Արցախի իշխանական տան 2 ճյուղերը վերստին հզորացել են և Բագրատունյաց թագավորության (885-1045) ենթակայությամբ ստեղծել 2 փոքր թագավորություններ՝ մեկը՝ Պիզակում Եսայիի թոռ Գագիկի գահակալությամբ, մյուսը՝ Խաչենում՝ Սահլ Սմբատյանի թոռ Համամ-Գրիգոր Բարեպաշտի (Համամ Արևելցի) ղեկավարությամբ։ Վերջինիս տիրապետությունը տարածվել է Սևանա լճի հարավ-արլ. ափերից մինչև Մուղանի դաշտը, իսկ հյուսիսում ընդգրկել է Ուտիքի արմ. գավառներն ու հայաբնակ Կամբեճան գավառը (հետագայում Շաքի)։
Համամ-Գրիգոր Բարեպաշտի 4 որդիները նրա թագավորության սահմաններում X դ-ի սկզբին ստեղծել են 4 նոր իշխանություններ՝ Վերին Խաչենում (Սոդք, Ծար, Հաթերք), Ներքին Խաչենում (Գանձասարը՝ իր հարակից տարածքով, Մեծ Առանքը՝ Խաչենագետի ու Կարկառի հովիտները, և Հաբանդի մի մասը՝ այժմյան Մարտունիի շրջան), Փառիսոսի թագավորությունը (Փառնես-Փառիսոս գավառով, Շամքորը՝ իր հարակից տարածքով, Գարդմանքն ու Ձորագետի կողմերը) և Կամբեճան-Շաքիի թագավորությունը, որը X դ-ի կեսին կտրվել է հայկական միջավայրից, որովհետև Համամի թոռ Իշխանիկն ու նրա մայրը՝ Դինարը (վրաց իշխանաց իշխան Գուրգենի քույրը), բնակչությանը քաղկեդոնական են դարձրել և հեռացրել Հայոց եկեղեցուց ու պետությունից։
Փառիսոսի թագավորությունը գոյատևել է շուրջ 150 տարի. Գանձակի Փալդունյան ամիրության հարձակումների հետևանքով դադարել է գոյություն ունենալուց։
Խաչենի իշխանությանը (X-XVI դարեր)
X դ-ից «Արցախ» անունը կորցրել է իր նախկին վարչաքաղաքական նշանակությունը և գործածվել է որպես աշխարհագր. հասկացություն։ Եվ քանի որ նահանգի գերակշիռ մասն ընդգրկվել է Խաչենի իշխանության մեջ, նախկին անվանմանը փոխարինել է «Խաչենը»։
Խաչենի ավատատիր. իշխանությունը գլխավորել է նախկին Ծավդեք-Արցախի նախարար-իշխան. տան տոհմաճյուղը։ Արաբական գերիշխանության վերջին շրջանում (IX դ-ի վերջ) Գանձակում (այժմ՝ Գյանջա) գոյացած քուրդ-մահմեդ. ամիրությունը յուրացրել է Ուտիքի մի շարք գավառներ և Արցախի Մուխանք գավառը. Բագրատունյաց թագավորության օրոք արդեն նախկին Ծավդեք-Արցախի նախարարական տունը, որ բաժանված էր 2 ճյուղի, հիմնականում իշխել է նահանգի լեռնային ու նախալեռնային տարածքներում։