Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/981

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XVII դարից մինչև 1918 թվականը XVI դ-ում Արցախում կազմավորվել են ինքնատիպ վարչաքաղաքական միավորներ՝ ավատատիր. փոքր իշխանություններ, որոնք հայտնի են «մելիքություններ», իսկ նրանց տիրակալները՝ «մելիքներ» (սեմ. ծագման բառ է. նշանակում է իշխանավոր, թագավոր) անվանումներով։

Մելիքների ջանքերով Արցախում XVII դ-ի վերջերից ձևավորվել է պարսկ. լծից հայրենիքի ազատագրման գաղափարը։ Հայերը զինված պայքարին զուգահեռ դիվանագիտական ջանքեր են գործադրել նախ Արևմտյան Եվրոպայում, ապա՝ Ռուսաստանում աջակցություն փնտրելու նպատակով։ Այդ պայքարով են պայմանավորել իրենց գործունեությունը քաղաքական, ռազմական և հոգևոր հայտնի գործիչներ Իսրայել Օրին, Մինաս վրդ. Տիգրանյանը, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, Ավան և Թարխան յուզբաշիները (հարյուրապետ)։ 1722-ին Դերբենդը և Բաքուն գրավելուց հետո Պետրոս I կայսրը (1689-1725) հայերին խոստացած օգնության փոխարեն, նվաճած մերձկասպյան խանություններն ամրապնդելու նպատակով, 1724-ի հունիսի 12-ին Կ. Պոլսում Թուրքիայի հետ կնքել է պայմանագիր՝ ողջ Այսրկովկասում (մինչև Շամախի) նրան տալով գործողությունների ազատություն։ Նույն թվականին երկրամաս են ներխուժել օսմանյան բանակները և հսկայական վնաս պատճառել արցախահայությանը։ Այդուհանդերձ, Պետրոս I-ի պարսկ. արշավանքը նոր լիցք է հաղորդել հայոց պայքարին։

1720-ական թթ-ին Արցախի հայկական զինվորականությունը կենտրոնացվել է 3 սղնախում (ամրացված բնակատեղի)։ Առաջինը՝ Մեծ սղնախը, Մռավի լեռներում էր՝ Թարթառ գետի մոտ, 2-րդը՝ Փոքր սղնախը՝ Վարանդա գավառի Քիրսի լեռներում, իսկ 3-րդը՝ Ղափան գավառում։ Սղնախները, որտեղ որոշակի ազդեցություն է ունեցել նաև Գանձասարի կաթողիկոսը, գործել են հրամանատարների խորհրդի գլխավորությամբ։

Հայերի նկատմամբ Պետրոս I-ի քաղաքականությունը շարունակվել է նրա կնոջ՝ Եկատերինա I-ի (1725-27) և թոռան՝ Պետրոս II-ի (1727-29) օրոք։ Ցար. կառավարությանն ուղղված ռազմական օգնության մասին հայերի խնդրանքները շարունակաբար մնացել են անպատասխան։ Հայ զինվորականությունը Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի, Ավան և Թարխան յուզբաշիների գլխավորությամբ տևականորեն դիմակայել է օսմանյան կանոնավոր բանակին։ 8-ամյա թեժ պայքարից հետո սղնախները թուլացել են, և Հյուսիսային կամ բուն Ղարաբաղը բաժանվել է անջատ մելիքությունների՝ վերադառնալով իր նախկին քաղաքական կարգավիճակին։ Սակայն անգամ այդ իրավիճակում մելիքությունները չեն հրաժարվել օսմանցիների դեմ պայքարից։

Հայերն այս անգամ շրջվել են 1736-ին Պարսկաստանում իրեն շահ հռչակած Նադիրի կողմը, որին հաջողվել էր վերականգնել երկրի երբեմնի հզորությունը։ Նա հայերին տվել է մի շարք արտոնություններ, քանի որ վերջիններս պայքարել են Պարսկաստանի դարավոր թշնամու՝ օսմանյան Թուրքիայի դեմ։

Նադիր շահի (սպանվել է 1747-ին) օրոք Արցախի մելիքությունները միավորվել են նախկին Խաչենի իշխանության տարածքում՝ կազմելով 5 մելիքությունների դաշինք։ Վերջինս կոչվել է Խամսա (արաբ․ է, նշանակում է հինգ) կամ Խամսայի երկիր (Հինգի երկիր) և տարածվել է Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։ Մելիքությունները ղեկավարել են Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների, Խաչենի Հասան-Ջալալյանների, Վարանդայի Մելիք-Շահնազարյանների և Դիզակի Մելիք-Եգանյանների տոհմերը։ Խամսայի մելիքությունները հզորացել են և իրենց գրաված աշխարհագր. նպաստավոր դիրքով ռազմական մեծ նշանակություն են ձեռք բերել՝ երկրամասը վերածելով անառիկ բերդի։ Սակայն ներքին երկպառակությունների հետևանքով թուրք․ ջիվանշիր ցեղի Սարուջալու տոհմի առաջնորդ Փանահին Մելիք Շահնազար Բ-ի օգնությամբ հաջողվել է ներխուժել Հյուսիսային Արցախ և, հաստատվելով այնտեղ, հիմնել Ղարաբաղի խանությունը։

Փանահ խանին հաջորդել է որդին՝ Վարանդայի Մելիք Շահնազար Բ-ի փեսա Իբրահիմ խանը, որը 1787-ին դավադրաբար սպանել է Դիզակի մելիք Բախտամին ու Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանին, գրավել Գանձասարի վանքը՝ հայոց ազգ-ազատագր. շարժման կենտրոնը, որի հետևանքով Խամսայի Գյուլիստանի բերդը (XVIII դ.) մելիքությունների միությունը վերջնականապես փլուզվել է։ 1804-13-ի ռուս-պարսկ. պատերազմի ավարտին՝ հոկտ. 12-ին կնքված Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին են անցել նաև Գանձակի ու Ղարաբաղի խանությունները։ Իսկ 1826-28-ի ռուս-պարսկ. երկրորդ պատերազմն ավարտվել է փետր. 10-ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրով. Ռուսաստանին են միացվել նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը։

1840-ի վարչական բաժանումով ստեղծվել են Վրացա-Իմերեթ. նահանգը՝ Թիֆլիս, և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոններով։ Արևելյան Հայաստանի մեծ մասը մտել է Վրացա-Իմերեթ. նահանգի, իսկ մյուս տարածքները, այդ թվում՝ նաև Ղարաբաղի գավառը՝ Կասպիական մարզի մեջ։ XIX դ-ի 40-ական թթ-ի 2-րդ կեսին նոր