Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/982

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժանումով կազմավորվել են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու, ինչպես նաև Դերբենդի նահանգները։ Արլ․ Հայաստանի տարածքներն առանձին գավառների կարգավիճակով մտել են 1-ին 3 նահանգների մեջ։ 1867-ի դեկտ-ին Անդրկովկասը բաժանվել է 5 նահանգի՝ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։ Արլ․ Հայաստանի զգալի մասը և Նախիջևանի գավառը մտել են Երևանի, իսկ մյուս մասը՝ Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների կազմերի մեջ։ Ղարաբաղը ներառվել է Ելիզավետպոլի նահանգի մեջ։ Վարչատարածքային այս բաժանումն անփոփոխ է մնացել մինչև 1918-ը։

Լեռնային Ղարաբաղը 1918-20 թվականներին

Արցախահայության համար ծանր շրջան էր 1918-20-ի ժամանակահատվածը. Ղարաբաղը դարձել էր «տարածքային վեճերի» առարկա։ Ռուսական կայսրության անկումից հետո՝ 1918-ի փետր. 10-ին Թիֆլիսում կազմված Անդրկովկասի սեյմը (խորհրդարան) ապրիլի 9-ին Թուրքիայի պահանջով Անդրկովկասը հայտարարել է Ռուսաստանից անջատ և հռչակել անկախ Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատ. Հանրապետությունը։ Ադրբեջանը ձգտել է միավորվել Թուրքիայի հետ, Վրաստանը հույսեր է տածել Գերմանիայի նկատմամբ, իսկ Անտանտին հավատարիմ մնացած Հայաստանին ոչ մի տերություն չի սատարել։

Սակայն ռազմաքաղաքական իրադրության և ազգային շահերի հակասությունների հետևանքով Անդրկովկասի դաշնության արագորեն փլուզումը դարձել է անխուսափելի։ 1918-ի մայիսի 26-ին Սեյմը վայր է դրել իր լիազորությունները, Վրաստանը հայտարարել է իր անկախությունը։ Մայիսի 27-ին հռչակվել է Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ), 28-ին՝ Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ)։

Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ «Ադրբեջան» անունով պետություն ձևավորվել էր առաջին անգամ և որևէ պատմ. կապ չուներ Արևելյան Անդրկովկասի հետ։ Իսկ Ատրպատականը, որի տարընթերցումներից է «Ադրբեջան» անվանումը, Պարսկաստանի տարածք է։

«Ադրբեջան» պետության ստեղծումը Անդրկովկասում հետապնդում էր պանթուրք. տերություն ստեղծելու աշխարհաքաղաքական նպատակ՝ հավակնություններ ուներ պարսկ.՝ բուն Ադրբեջանի, Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի նկատմամբ և դրանց միջոցով Կենտր. Ասիա դուրս գալու գերնպատակ։ Նորաստեղծ Ադրբեջանը նպատակ ուներ ցամաքային կապ հաստատել օսմանյան կայսրության հետ, որի ճանապարհին ընկած էր նաև Արցախի տարածքը։

Լեռն. Ղարաբաղի (ԼՂ) ժողովուրդը հրաժարվել է ճանաչել ԱՀ-ի իրավասությունը։ Այստեղ իշխանությունն իր ձեռքն է վերցրել հայկական ազգային նահանգային խորհուրդը և կազմակերպել պայքար մուսավաթ. Ադրբեջանի դեմ։

1918-ի հուլիսի 22-ին Շուշիում հրավիրվել է Արցախահայության 1-ին համագումարը, որը ԼՂ-ն հռչակել է անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրել Ղարաբաղի Ազգային խորհուրդ և կառավարություն՝ կազմված 7 հոգուց։ Հուլիսի 24-ին ընդունվել է Ղարաբաղի կառավարության հռչակագիրը։ ԱՀ-ի կառավարությունն այդ համագումարից հետո փորձել է ԼՂ-ն Ադրբեջանին կցել թուրք․ զորքերի օգնությամբ։ Զորահրամանատար Նուրի փաշան վերջնագիր է ներկայացրել Ղարաբաղի Ազգային խորհրդին, սակայն սեպտ. 6-ին հրավիրված Արցախահայության 2-րդ համագումարը մերժել է թուրք․ հրամանատարության և մուսավաթ․ կառավարության պահանջը։ 1918-ի սեպտ. 15-ին անգլ. ուժերի՝ դիրքերը լքելուց հետո թուրքերը ներխուժել են Բաքու և կազմակերպել եռօրյա «խրախճանք»՝ կոտորելով 30 հազար անզեն հայերի։ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում ավերվել ու ոչնչացվել են հարյուրավոր հայկական գյուղեր։

Թուրք․ զորքերի հրամանատարությունը դարձյալ վերջնագիր է հղել Ղարաբաղի կառավարությանը՝ պահանջելով զինաթափվել ու թույլատրել թուրք-ադրբ. զորքերի մուտքը Շուշի և ճանաչել ԱՀ-ի իշխանությունը։

1918-ի սեպտ. 17-ին հրավիրված Արցախահայության 3-րդ համագումարը դարձյալ մերժել է թուրքերին։ Թուրք․ հրամանատարությունն ստիպված հրաժարվել է ժողովրդի ընդհանուր զինաթափման պահանջից, չի պնդել Ադրբեջանի իշխանության ճանաչումը և խոստացել է պահպանել Ղարաբաղի ստատուս քվոն, պնդել է միայն զորքերը Շուշի մտցնելու պահանջը։ Քանի որ Առաջին համաշխ. պատերազմում (1914-18) գերմանա-թուրք. խմբավորման պարտությունը դարձել էր օրախնդիր, Ղարաբաղի կառավարությունը ժամանակ շահելու նպատակով համաձայնել է այդ պահանջին։

Առանց կռվի մտնելով Շուշի՝ թուրքերը զինաթափել են քաղաքի հայ բնակչությանը, ձերբակալել մտավորականությանը։ 1918-ի հոկտ. 30-ի Մուդրոսի զինադադարով Թուրքիան ճանաչել է իր պարտությունը Առաջին աշխարհամարտում։ Թուրք․ զորքերը նահանջել են Անդրկովկասից, իսկ դեկտ-ին նրանց տեղը գրավել են անգլիացիները և երկրամասում դարձել բացարձակ տեր ու տիրական։ ԱՀ-ի կառավարությունն այս անգամ փորձել է անգլիացիների օգնությամբ նվաճել ԼՂ-ն։ Անդրկովկասում հանրապետությունների սահմանները չէին կարող որոշվել առանց Անգլիայի համաձայնության։ Հայտարարելով, թե վիճելի տարածքների ճակատագիրը որոշվելու է Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919-20), անգլ. հրամանատարությունն իրականում ջանք չի խնայել ԼՂ-ն մուսավաթ. Ադրբեջանին կցելու համար։ Հսկողություն հաստատելով Բաքվի նավթի արտահանության վրա՝ նրանք ձգտել են Անդրկովկասը վերջնականապես