մշակութային կառույցների միաձուլումը միասնական պետական քաղաքական համակարգում»։
Այդ որոշմանը հաջորդել են կազմակերպված ջարդերը Բաքվում. 1990-ի հունվ. 13-ին, ԽՍՀՄ զինվորական կայազորի, ներքին զորքերի և ոստիկանության աչքի առաջ, բազմահազարանոց հանրահավաքից հետո, ամբոխը խմբերի բաժանված ներխուժել է հայերի բնակարաններ և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս են նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց ու շատերին ողջակիզել։ Ջարդերն ու անկարգությունները շարունակվել են 6 օր։ Հունվ. 19-ին, երբ դրանք արդեն սպառնում էին խորհրդային իշխանության անվտանգությանը, ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին, և հունվ. 19-ի՝ լույս 20-ի գիշերը զորք է մտցվել քաղաք (օդադեսանտային ուժերի հրամանատար՝ գեն. Ալեքսանդր Լեբեդ)։ Զորքի հետ զինված բախման ժամանակ սպանվել են 137 ադրբեջանցիներ, շատերը ձերբակալվել են։
Չնայած հայտարարված արտակարգ դրությունը հայերին փրկելու նպատակ չուներ, սակայն ջարդերը դադարեցվել են, քաղաքից տարհանվել են վերջին 50-60 հզ. հայերը և լաստանավով՝ Կասպից ծովով, տեղափոխվել Թուրքմենիայի Կրասնովոդսկ քաղաք։ Ջարդերի ընթացքում սպանվել են 150-300, անհայտ կորել հազարավոր հայեր։
Այդպես հայաթափվել է Բաքուն, որտեղ ժամանակին ապրել են մինչև 250 հազար հայեր, ստեղծել ազգ. մշակույթ, կառուցել եկեղեցիներ և պատմաճարտ. բազմաթիվ հուշարձաններ։
1990-ի հունվ. 17-ին ԵԽ-ն կոչ է արել ԱԳ-ի նախարարների կոմիտեին և ԵԽ-ին՝ պաշտպանել հայերին հակաօրինական գործողություններից և անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին ու ԼՂ-ին։ Հունվ. 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Մ. Գորբաչովին և անհանգստություն հայտնել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ։
Օգտվելով այն բանից, որ միութ. մարմինները միջոցներ չեն ձեռնարկում հայերի ցեղասպանության դադարեցման համար, 1989-ի հուլիսին, իբրև ընդդիմադիր կուսակցական ձևավորված Ադրբեջանի ժողովրդական ճակատը, իշխանությունների համաձայնությամբ, զինված հարձակում է ձեռնարկել Շահումյանի և Խանլարի շրջանների հայկական գյուղերի վրա։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով տարբեր հատվածներում սկսվել են մարտական գործողություններ։
ԽՍՀՄ ԳԽ նախագահության 1990-ի հունվ. 15-ի հրամանագրով արտակարգ դրություն է մտցվել նաև ԼՂԻՄ-ում և սահմանամերձ ադրբ. շրջաններում, ՀԽՍՀ Գորիսի շրջանում, ինչպես նաև Ադրբ. ԽՍՀ պետական սահմանի երկայնքով ընկած գոտում։ Ռազմական դրության պայմաններում ԼՂԻՄ-ի տարածքում պետական իշխանության գործառույթներն իրականացրել է զինվորական պարետատունը։
Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլուր տեղի ունեցած հայ բնակչության ջարդերից և տեղահանություններից հետո ՀՀ-ում ու Արցախում կազմավորվել են բազմաթիվ ինքնապաշտպան. և աշխարհազորային ջոկատներ։
Առաջին զինված բախումները տեղի են ունեցել Հյուսիսային Արցախի բնակավայրերում։ 1991-ի հունվ. 12-14-ին ադրբ. մհոջականները (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ, ռուսերեն՝ ОМОН) հարձակումներ են գործել Կամո, Ազատ, Մարտունաշեն, Գետաշեն և այլ գյուղերի վրա։
1991-ի հունվ. 14-ին Ադրբեջանի ԳԽ նախագահության որոշմամբ Շահումյանի շրջանը լուծարվել և միավորել է սահմանակից Կասում Իսմայիլի շրջանին. ստեղծվել է Գերանբոյի շրջանը։
1991-ի ապրիլին խորհրդային իշխանությունը ձեռնարկել է Ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային տարբերակ. փորձել է միմյանցից տարանջատել հակամարտող կողմերին, զինաթափել ապօրինի զինված կազմավորումները և ստեղծել «անվտանգության գոտի»։ Այդ պատժիչ-ահաբեկչ. գործողությունը կոչվել է «Օղակ» (ռուսերեն՝ "Кольцо")