1992-ի ողջ ամռան ընթացքում, ծայրաստիճան լարված իրավիճակում, շարունակվել են դիրքային մարտերը՝ հիմնականում հակառակորդի նախաձեռնությամբ։ Օգոստ. 24-ին Դրմբոն գյուղի մոտակայքում զոհվել է Աշոտ Ղուլյանը (Արցախի հերոս՝ 1999)։ Մեծաքանակ ռազմական տեխնիկայով զանգվածային հարձակումների են ենթարկվել Մարտունիի, Ասկերանի, Հադրութի մի շարք բնակավայրեր։
Ամռան վերջին առավել լարված էր կացությունը ռազմաճակատի Մարտակերտի ուղղությունում։ Օգոստ. 26-ին հակառակորդը մեծ կորուստների գնով տիրել է ռազմավարական կարևոր նշանակության Մարտակերտ-Քելբաջար ավտոմայրուղուն։ Զորքերի ամրացման նպատակով ռազմաճակատի այդ հատվածում կատարվել է ուժերի վերախմբավորում։
1992-ի նոյեմբ-ին ԼՂՀ ՊԲ-ն Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելքում ծավալած հակահարձակող. գործողությունների ընթացքում իր վերահսկողության տակ է առել Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար մայրուղին։ 1992-ի վերջերին մարտական գործողությունները նվազել են ռազմաճակատի ողջ երկարությամբ։
1993-ի հունվ. 14-ին ադրբ. զորքերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Կիչան և Սրխավենդ, ինչպես նաև Մարտունիի շրջանի ճարտար գյուղերի ուղղություններով, սակայն առաջ շարժվել չեն կարողացել։
Փետր-ի սկզբներին դաժան մարտեր են ծավալվել հս. ռազմաճակատում։ Մարտակերտի շրջանի զավթված տարածքների ազատագրման նպատակով ԼՂՀ ՊԲ-ն փետր. 5-ին անցել է հարձակման։ Մարտական գործողություններին մասնակցել են 1-ին և 3-րդ վաշտերը, 71-րդ ու 77-րդ առանձին մոտոհրաձգային և Խաչենի գումարտակները, Կենտրոնական, Մարտակերտի ՊՇ-ների առանձին ստորաբաժանումներ, Վանքի, Ջերմուկի և այլ կամավորական ջոկատներ։ Այդ ընթացքում պարտիզանական և խափանարար գործողություններ է իրականացրել «Եղնիկներ» ջոկատը (հրամանատարներ՝ Շահեն Մեղրյան, Սերգեյ Չալյան)։ Մի քանի օրում ղարաբաղյան ուժերը դուրս են եկել Մարտակերտ-Քելբաջար ճանապարհի ռազմավարական հատվածը։ Փետր-ի վերջերին նրանց հաջողվել է վերահսկողության տակ առնել Սարսանգի ջրամբարը, որի ջրէկը կենսական նշանակություն ուներ հանրապետության համար։ 1993-ի մարտի վերջին խնդիր է դրվել վնասազերծելու Քելբաջարում և Լաչինում տեղակայված կրակակետերն ու ջախջախելու Լաչին-քելբաջարյան խմբավորումը։
Ըստ օպերատիվ պլանի՝ հարձակումներն իրագործել են Մարտակերտի ՊՇ-ի գումարտակները, Մարտունիի ՊՇ-ի խմբավորումը (հրամանատար՝ Մոնթե Մելքոնյան), Էջմիածնի կամավորական ջոկատի 100 ազատամարտիկների խումբը, Հադրութի ՊՇ-ի մի ջոկատ, Հայաստանի կամավորական միացյալ ջոկատը, Վանքի գումարտակը, «Սիսական» ջոկատը, Ասկերանի ՊՇ-ի գումարտակը, 35-րդ, 53-րդ և 51-րդ գումարտակները, ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի գումարտակը (հրամանատար՝ Հմայակ Հարոյան), հս. զորախմբի կազմավորումները և արլ. զորախումբը (համակարգող՝ գեն. Գ. Դալիբալթայանը)։ 1993-ի մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ը տեղի ունեցած ռազմական գործողություններն ավարտվել են հակառակորդի Լաչին-քելբաջարյան ռազմական խմբավորման լիակատար ջախջախմամբ։ ԼՂՀ ՊԲ ուժերը, արլ. զորախմբի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը, ապրիլի 5-ին դուրս են եկել Օմարի լ-անցք։
Գարնան վերջին և ամռան սկզբին հակառակորդը ռազմաճակատի ողջ երկարությամբ վերսկսել է մարտական գործողությունները՝ գլխավոր հարվածի համար ընտրելով արլ.՝ Մարտունիի ուղղությունը։ Սակայն ղարաբաղյան ուժերի պաշտպանությունը ճեղքելու փորձերն անցել են ապարդյուն։ Կրկժանի, Ջանհասանի, Ղայբալուի, Մալիբեյլիի, Խոջալուի, Շուշիի, Քելբաջարի կրակակետերը ճնշելուց և այդ բնակավայրերն ազատագրելուց