Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/997

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թալիշ, Չայլու, Մադաղիս և Լևոնարխ գյուղերը։ Ղարաբաղյան զորքերը հաջող գործողություններ են իրականացրել նաև ռազմաճակատի հարավ-արլ. հատվածում։

1994-ի գարնանային պատերազմաշրջանի խոշորամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով երկուստեք մարդկային, իսկ Ադրբեջանի համար նաև նորանոր տարածքային կորուստներն անհեռանկար էին դարձրել պատերազմը շարունակելը։ Միևնույն ժամանակ, ԼՂՀ-ին սահմանակից վերջին ռազմահանգրվանի՝ Միրբաշիրի կորստյան սպառնալիքի տակ Ադրբեջանն ընդունել է ՌԴ-ի առաջարկությունը կրակը դադարեցնելու մասին։ ՌԴ-ն կարողացել է հասնել այն բանին, որ 1994-ի մայիսի 5-ին Բիշքեկում իր, Ղրղըզստանի Հանրապետության և ԱՊՀ միջխորհրդարան. համաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների ղեկավարներն ստորագրել են կրակը դադարեցնելու վերաբերյալ Արձանագրություն։

Մոսկովյան 1994-ի փետր. 18-ի և Բիշքեկյան նույն թվականի մայիսի 5-ի Արձանագրությունների հիման վրա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին, ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրևին և ՌԴ նախագահի՝ Արցախի հարցով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովին հղված եռակողմ նամակներով 1994-ի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից ռազմաճակատում պաշտոնապես հայտարարվել է հրադադար։ Մայիսի 9-ին Բաքվում նամակն ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մուհամեդռաֆի Մամեդովը, մայիսի 10-ին Երևանում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ կողմից՝ ՊԲ-ի հրամանատար Սամվել Բաբայանը՝ Ստեփանակերտում, մայիսի 11-ին։ 1994-ի մայիսի 12-ին Մոսկվայում, Բիշքեկյան արձանագրության իրավաբ. ձևակերպման նպատակով, տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարի հանդիպումը, որտեղ համաձայնագիր է ստորագրվել 1994-ի մայիսի 17-ի 00 ժամից կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Պատրաստվել է նաև մի փաստաթուղթ, որով նախատեսվել են ղարաբաղյան և ադրբ. զորքերի տարանջատումը, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծումը և այնտեղ խաղաղարար ուժերի տեղակայումը։ Փաստաթուղթն ստորագրել են ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Պ. Գրաչովը և Ս. Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար Ս. Բաբայանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովն այն չի ստորագրել, նրան շտապ հետ են կանչել Բաքու։

Թեպետ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել Մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, Ղարաբաղյան հակամարտության գոտում սկսվել է տևական հրադադար, որն առանձին խախտումներով գործում է առ այսօր։

Միջնորդները 1994-ի հուլիսին հանդես են եկել նոր համաձայնագրի ստորագրման նախաձեռնությամբ։ Համաձայնագիրը 1994-ի հուլիսի 26-ին ստորագրել են ՀՀ, ԱՀ պաշտպանության նախարարները և ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարը։ Համաձայնագրով նախատեսվում էր 30 օրվա ընթացքում կնքել Մեծ քաղաքական համաձայնագիր, որը սակայն չի կատարվել։

Այնուամենայնիվ, զինադադարից հետո ստեղծված ճակատային գծի դիրքը հայկական կողմի համար բավական բարենպաստ է. Արցախի հվ. թևը պաշտպանվում է իրան․ սահմանով, հս-ը՝ դժվարամատչելի Մռավի լեռնաշղթայով։ Արևելյան ուղղությամբ՝ Մռավի լեռնաշղթայից մինչև Արաքս գետը, հայկական կողմն ունի բազմաշերտ՝ պաշտպանական մի քանի գոտիներից բաղկացած և ինժեներ. առումով լավ ամրացված սահմանագիծ։

Ներկայումս ՊԲ-ն ու նրա վերահսկած տարածքը (շուրջ 12 հազար կմ²) բավական հուսալի երաշխիքներ են Արցախի անվտանգության համար։

Պատերազմին հայ ժողովուրդը մասնակցել է ուժերի գերագույն լարումով և