Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/998

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համազգային ընդգրկումով՝ ՀՀ-Արցախ-Սփյուռք։ Պատերազմը մեկ անգամ ևս բացահայտեց հայ անհատի քաջությունը, անձնազոհությունը և պատրաստակամությունը՝ հանուն հայրենիքի։ Պատերազմում զոհվել է շուրջ 6 հազար հայ, իսկ հակառակորդը կորցրել է մոտ 30 հազար զինվոր։

Հակամարտության քաղաքական կարգավորման բանակցությունները ներկայումս ընթանում են Մինսկի խմբի եռանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), ՀՀ և ԱՀ նախագահների, արտաքին գործերի նախարարների շարունակվող հանդիպումներում։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

Ղարաբաղյան շարժման սկզբից հիմնախնդիրն ստացել է միջազգային բնույթ։ ԻԻՀ-ից և Ռուսաստանից բացի՝ 1992-ից հակամարտության կարգավորման միջնորդի դեր է ստանձնել նաև ԵԱՀԿ-ն։ 1991-ի սեպտ-ին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինն ու Ն. Նազարբաևը հանդես են եկել միջնորդ․ նախաձեռնությամբ։ 1992-ի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների խորհրդի մակարդակով որոշվել է ստեղծել Մինսկի խումբ՝ հակամարտող կողմերի միջև բանակցություններ վարելու և Մինսկի համաժողովի հրավիրումը նախապատրաստելու համար։ 1992-ի մայիսի 8-ին Թեհրանում ստորագրվել է ՀՀ և ԱՀ բարձրագույն ղեկավարների ու ԻԻՀ-ի համատեղ կոմյունիկե։ Սակայն տարածաշրջանում ռազմական գործողությունների ուժգնացման, հանդիպմանը ԼՂ ներկայացուցիչների բացակայության պատճառով և Շուշիի ազատագրման հետևանքով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականացվել։ 1992-ի ամառվանից մինչև 1994-ի մայիսը բազմաթիվ փորձեր են արվել զինադադար հաստատելու ուղղությամբ, և այդ առումով, ՌԴ միջնորդությամբ և հակամարտության կողմերի ուղիղ բանակցությունների արդյունքում հաստատված զինադադարը, որը պահպանվում է մինչև օրս (2012), բանակցային գործընթացի խոշոր նվաճումն է։

1994-ի դեկտ. 5-ին Բուդապեշտի գագաթնաժողովում ստեղծվել է Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահության ինստ-ը։ 1995-ի մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ ԼՂ-ն նշվել է որպես հակամարտության կողմ։

Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման 2 մոտեցում՝ փուլային և փաթեթային լուծում։ Փուլային լուծման տրամաբանությունը ենթադրում է համաձայնության ձեռքբերում ԼՂ կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995-ի վերջը գործընթացում գերիշխել է այդ մոտեցումը, և հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական Մեծ համաձայնագրի կնքման շուրջ։ 1995-ի վերջին բանակցային գործընթացը փակուղի է մտել, ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվել են զուգահեռ, ուղիղ բանակցություններ ՀՀ և ԱՀ նախագահների հատուկ բանագնացների միջև։ 1996-ի դեկտ-ին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ է արվել բանակցությունները դուրս բերել ստեղծված փակուղուց։ Սակայն գագաթնաժողովի գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատվում էր ԱՀ տարածքային ամբողջականությունը և նախատեսում ԼՂ-ին ամենաբարձր կարգավիճակի շնորհում՝ ԱՀ-ի սահմաններում, ավելի է խորացրել փակուղային իրավիճակը։ ՀՀ դեմ է քվեարկել այդ հայտարարությանը։ Դրանից հետո տեղի են ունեցել դիրքորոշումների կարծրացում, ուղիղ բանակցությունների դադարեցում և փաստացի հետընթաց։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է ԼՂ-ի կողմից փուլային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի, որի հետևանքով 1998-ի փետր. 4-ին ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխություն։ ՀՀ նոր ղեկավարությունը որդեգրել է հակամարտության կարգավորման փաթեթային կամ համապարփակ մոտեցում և առանց նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշում։

Մինսկի խմբի համանախագահները 1998-ի սեպտեմբերյան այցի ժամանակ ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, որը վերջնականորեն ձևակերպվել է նոյեմբերին ներկայացված պաշտոն, առաջարկում։ Փաստաթղթում չեն ներառվել «ինքնավարություն» ու «Լիսաբոնի սկզբունքներ» ձևակերպումները, այլ ամփոփվել են ինքնորոշման բոլոր նախատիպերի կիրառելի տարրերը, և փորձ է արվել գտնել միջին տարբերակ, որը չի նախասահմանում ԼՂ կարգավիճակը, այլ կողմերին հնարավորություն է տալիս համաձայնության գալու վերջինիս շուրջ՝ բանակցությունների միջոցով՝ ԼՂ-ն դիտելով ԱՀ-ի հետ