միևնույն հարթության վրա։ ԱՀ-ն մերժել է այդ փաստաթուղթը, որով փակուղային վիճակը շարունակվել է։ 1998-ի դեկտ-ին Փարիզում ՀՀ խորհրդարան, և ԼՂ կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ ԵԽԽՎ շրջանակներում տեղի են ունեցել ԼՂ հիմնախնդրի շուրջ լսումներ, որոնցով հնարավորութուն է ընձեռվել միջնորդավորված կերպով եվրահամայնքին ներկայացնելու ԼՂ հիմնախնդիրն ամբողջությամբ և ՀՀ-ի մոտեցումներն ու մեկնաբանությունները։
1999-2007-ին ԼՂ հակամարտության կարգավորման համար Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, Ժնևում, Յալթայում, Սադարակում (Նախիջևան), Ս. Պետերբուրգում, Քի Վեստում, Դավոսում, Ստամբուլում, Բուխարեստում, Մինսկում և այլ քաղաքներում տեղի են ունեցել ՀՀ և ԱՀ նախագահներ Ռ. Քոչարյանի և Հ. Ալիևի (2004-ից՝ Իլհամ Ալիևի) հանդիպումներ։
2007-ի նոյեմբ-ին Մադրիդում ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականը ՀՀ և ԱՀ նախագահների քննարկմանն են ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար (Մադրիդյան) սկզբունքների նախնական տարբերակը՝ խաղաղության համապարփակ համաձայնագիր մշակելու համար։ 2008-ի հունիսին Ս. Պետերբուրգում ՀՀ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել բանակցությունների հիմքում դնել Մադրիդյան սկզբունքները։ Նոյեմբ. 2-ին ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի միջնորդությամբ ու նախաձեռնությամբ վերսկսվել է բանակցային գործընթացը, և ՌԴ, ՀՀ ու ԱՀ նախագահներն ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Մայնդորֆյան հռչակագիրը։
2009-ի հուլիսի 10-ին Իտալիայի Լ Ակվիլա քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Դ. Մեդվեդևը, Ն. Նարկոզին ու Բ. Օբաման հանդես են եկել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնականացման մասին համատեղ հայտարարությամբ։
2010-ի հունվ. 15-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահները կողմերին ներկայացրել են Մադրիդյան սկզբունքների լրացված (նորացված) տարբերակը։ 2010-ի հունիսի 26-ին Կանադայի Մուսկոկա, 2011-ի մայիսի 26-ին Ֆրանսիայի Դովիլ քաղաքներում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովներում հակամարտության կարգավորման մասին համատեղ հայտարարությամբ հանդես են եկել ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները։
2011-ի հունիսի 24-ին Կազանում ՀՀ և ԱՀ նախագահների հերթական հանդիպման ժամանակ Ադրբեջանը հետքայլ է արել նախնական պայմանավորվածություններից՝ 10 փոփոխություն առաջարկելով նախապես համաձայնեցված տեքստում, որն անընդունելի էր ՀՀ-ի համար։
Հակամարտության կարգավորման համար Ադրբեջանն առաջարկում է առանց սկզբունքային պայմանավորվածության անցնել խաղաղության համաձայնագրի մշակմանը, որը չի համապատասխանում ո՛չ բանակցային գործընթացի տրամաբանությանը, ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը։