Jump to content

Էջ:Armenia past and present.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մաքսէնտիոսին յաղթելուց յետոյ, քրիստոնէութիւնը դասեց հռոմէական տէրութեան մէջ ընդունված պետական պաշտամունքների շարքը։ Հայաստանում, ընդհակառակը, քրիստոնէութիւնն իբրև ազգային կրօն՝ պէտք է փախարինէր մինչև այդ միաժամանակ պաշտած կրօնին։ Այս, իշխանութիւնից ստիպողաբար հրամայված, դարձի միջոցին—ինչպէս որ առհասարակ լինում է կրօնների այդպիսի փոփոխութեան ժամանակ—ժողովրդին պէտք էր դիւրութիւններ տալ՝ պահպանելով նախկին պաշտաման վայրերը և սիրելի դարձած հին սովորույթները։ Հայաստանում, առանց որոնելու, շատ անգամ եմ նկատել այդ երևույթի ազդեցութեան հետևանքները։

Հայաստանի ամենամեծ շքով տօնվող սրբութիւնը գտնվում էր Տարօնի Աշտիշատում—Տակիտոսի՝ regio Tauranitiun—այժմեան Մուշի գավառում և նվիրված էր Վահագն, Անահիտ ու Աստղիկ աստվածներին։ Դրանց երեք տաճարները կործանվեցին, սակայն դրանց տեղը կառուցվեց քրիստոնէական եկեղեցի—բոլոր հայոց եկեղեցիների մայր տաճարը—հավանօրեն հէնց այն վայրում, որտեղ այժմ կանգնած է սուրբ Կարապետ հռչակավոր վանքը։

Աշտիշատում էր գտնվում նաև հայոց եկեղեցու հոգևոր պետի, կաթողիկոսի, գահը․ առաջին կաթողիկոսն եղավ Գրիգորը՝ Կեսարիայի արքեպիսկոպոսի ձեռքով օծումն ստանալուց յետոյ, իսկ այնուհետև կաթողիկոսութիւնը մնաց Գրիգորի ընտանիքի ժառանգութիւնը։

Հայոց կաթողիկոսութիւնը—որ կարելի է համեմատել (ըստ․ պրօֆ․ Գելցէրի) հրէական քահանայապետութեան հետ ավելի զօրեղ և հաստատուն հանդիսացավ, քան թագավորութիւնը և հէնց այսօր էլ միայն դրանով է արտահայտվում հայ ազգի նախկին միութիւնը։ Սակայն կաթողիկոսն այլ ևս Աշտիշատում չէ գահակալում, այլ Էջմիածնում, որ այժմ գտնվում է ռուսական Հայաստանում։ Անտօնիոս Պիոսի ժամանակ, 163թ․ Ք․ յ․, երբ Հռոմայեցի զօրավար Պրիսկոսը կործանեց հայոց մայրաքաղաք Արտաշատը։ Արաքսի հարթավայրում հիմնեց մի նոր քաղաք, որ սկզբում կոչվում էր հէնց նոր-քաղաք, յետոյ մեծ մասամբ Վաղարշապատ, իսկ այսօր՝ Էջմիածին։ Այս նոր մայրաքաղաքը և արքայանիստը չորրորդ դարից սկսած նաև եկեղեցական ասպարէզում յետ մղեց Աշտիշատը։ Վաղարշապատում կայացավ նոյնպէս հայոց եկեղեցու առանձնացման համար վճռական նշանակութիւն ունեցած եկեղեցական ժողովը (491 թ․ Ք․ յ․) որով հայերը վերջնականապէս