Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևույթ համարել քաղկեդոնիկ կաթողիկոսներու համար և այս մասին օգտվել «Անահիտին» տված հոդվածես։ Նույնպես խոսել մոդայիկ պատկերներու մասին օտար ճանապարհորդներու Հայաստանի (Մուշ?) մեջ տեսած պատկերներուն հին կարծելուն մասին դիտողությունները։

7. Ch. Diehl-ի և Ստրիժիգովսկիի գրածներեն անպայման քաղվածքներ կատարել և ուղղումներ ընել անոնց սխալ տեղեկություններուն վրա։

8. Զվարթնոցի բոլորակ գալերեան երկհարկանի լինելուն վրա տեսություններ և վկայություններ թե որտեղեն կարող էր ազդվել և այդ սովորության պետքը զգացվել Հայաստանի մեջ բացառապես քաղկեդոնիկ եկեղեցիներու համար։

9. Զվարթնոցի ներքին մեծ աղեղներ Ogive-եին թե plein de cintre. քննել այս հարցը, նկատելով որ դրսի պատին երեսի աղեղները pleine de cintre-են։

10․ «Եւ կատարեալ զնա մեծածախ գանձիւք կանգնեցին ճեմարան իմն երկնանման հրաշաքարտար շինուածովք, երկագմբեթս և եռախորանս և երկուց կողմանէ գաւիթս և սրահակս, վերնատունս սեամբք և սքանչելի յօրինուածովք ,շինեալ»։[1]

Օրբելյանի այս նկարագրությունը այստեղ պարզապես ցույց կուտա հայոց հնագույն եկեղեցիներու ձևը, երկու կողմանց գավիթներով և սրահակներով, և ճշտիվ կպատշաճեն Երերույքի, Օձունի, և այլ նման տաճարներուն։ Անշուշտ «երկուց կողմանե գավիթս» ըսածեն պետք է հասկանանք՝ երկու կողմի սյունազարդ գավիթները և սրահակները նույնպես սենյակները երկու կողմին վրա, որ այժմ պահված կա Երերույքի տաճարին վրա։ Սակայն ամենեն հետաքրքրականը և կարևորը՝ այս նկարագրության մեջ Զվարթնոցի տեսակետով՝ երկագմբեթ բառն է։ Ուրիշ ոչ մեկ կերպով չի պատշաճեր երկու գմբեթ հայոց եկեղեցիներու վրա, կամ պետք է հինգ գմբեթանի լիներ, ինչպես հին Էջմիածինը, Ավանի եկեղեցին, Անիի Առաքելոց եկեղեցին և կամ մեկ գմբեթանի, ուստի այս նկարագրության մեջ պետք է պարզ տեսնվի Զվարթնոցի երկու գմբեթը միմյանց վրա։

11. Զվարթնոցի գմբեթը բանտանթիվ ունե՞ր թե ոչ.— Եթե Զվարթնոցի մեջ գտնվի չորս մույթերու և բոլորակ սյունաշարերու հպումեն ձևացած անկյուններուն վրա դրված բանտանթիվներու հետքեր, ինչպես կան Գագիկի շինած ս. Գրիգորի ավերակներուն մեջ, այն ժամանակ անպայման պետք է հավատալ, որ Զվարթնոցի գմբեթը ևս շինված էր բանտանթիվներով, և այս տեսությամբ գոնե ավելի հին կլինի Հայաստանի մեջ բանտանթիվնիներու սովորությունը, բայց այս հաստատությունով անպայման կհետևե արդյոք թե այս սովորությունը Բյուզանդիոնեն բերված է, կամ տեղական ստեղծագործությունը։ Համենայն դեպս 6-րդ դարուն Կ. Պոլսի ս. Սոփիայի այժմյան գմբեթի բանտանթիվները Տրդատ ճարտարապետին շինածն է և նախկինը միշտ կմնա անորոշ, քանի որ երկրաշարժով վերջին կործանումեն հետո, Տրդատ ամբողջովին նորոգեց ս. Սոփիայի գմբեթը։

12․ Զվարթնոցի մեջ գործածված ծածկի կղմինդրները համեմատել Մրենի, Բագարանի, Մոլլա-Ղասումի և այլ տեղերու կղմինդրներու հետ, և որ ավելին է Զվարթնոցի կղմինդրներու մեջ երևցած հատուկ գմբեթի կոնի համար շինած կղմինդրներու վրա որոշ ուշադրություն դարձնել, թե ինչպես մեկ կողմը նեղ և մյուս կողմը լայն շինված են մասնավորապես մահեռները։

* * *
Սյուներ

Ներքին խաչաձևի բոլոր խարիսխները կոփված են մի տեսակ սև քարերե, որոնց մեջն ընկած են մանր գայլախազի փշրանքներ, բնականաբար սկզբում կառուցման ժամանակ ունեին նաև փայլ, որին ընդունակ է այս քարը։ Որտե՞ղ էր հանքը։ Բայց կերևի թե բավարար քանակությամբ չեն գտած այս քարերեն, որուն պատճառով մի քանի խարիսխներ և առանց բացառության բոլոր խոյակներ, արծվի խոյակներն ալ միասին առնելով, մի ուրիշ տեսակ սև քարե կոփված են, որոնք թեև պարունակում են իրենց մեջ գայլախազի մանր փշրանքներ, սակայն չունին նախորդներուն ո՛չ փայլը, ո՛չ ալ կարծրությունը։

Այս սյուներու բուներեն մնացած է միայն մեկ բեկոր հարավ արևմտյան որմնամույթի ետև, նույն տեղի արծվե սյունին պատկանող։ Այս մնացորդեն կհետևի, որ բոլոր բուները շիկագույն հրաբխային քարե շինված էին։

Այս բեկորը գրեթե ցույց կուտա արծվի սյունին բունին ամբողջական մեծությունը, որովհետև երկու ծայրին վրա ալ կգտնվին երկաթե գամի համար բացած ծակը՝ 11 սմ. երկարությամբ և 4,5 սմ. լայնությամբ, նույն չափով ևս փորված է արծվեսյան խարիսխին վրա։ Բունի երկարությունն է մոտավորապես 225-230 սմ։ Ծայրերու հատվածակողմին վրա կան խաչաձև փորվածքներ մոտավորապես մեկ սանտիմետր կամ քիչ ավելի լայնությունով, կապար հալեցնելով մեջը վազցնելու համար, որպեսզի ամրացնե գամը։ Բոլոր սյունախարիսխները ունին թե՛ երկաթի տեղ և թե՛ արճիճ լեցնելու, տաճարի մյուս բոլոր սյուները թե՛ ներսեն

  1. Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբելեան Արքեպիսկոպոսի Սիւնեաց, Թիֆլիս, 1910 թ., էջ 71։