Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՑՈՒՑԱԿ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ[1]
(Թերի)
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Պատմական տվյալներով հաստատվում է, որ մեր թվականից շատ տարիներ առաջ Հայաստանը քաղաքակրթական զգալի բարձրության հասած էր և կարևոր տեղ էր բռնում սահմանակից մեծ պետությունների շարքում, որոնք շատ պարագաների մեջ հաշվի էին առնում Հայաստանի գոյությունը քաղաքական և տնտեսական տեսակետներով։

Ես այստեղ չեմ խոսելու Հայաստանի ընդհանուր զարգացման մասին։ Այս ընդհանուր զարգացումը և փոխադարձ ազդեցությունները բովանդակ Հայաստանի պատմության մեջ հետազոտել և դրական եզրակացության հանգել բավականին լուրջ գործ է և պահանջում է առանձին մասնագիտություն ընդհանուր ուսումնասիրության համար։ Ուստի, ինձ մնում է խոսել ճարտարապետական և շինարարական արվեստների տեսակետով, որ սկսած մեր թվականից շատ առաջ արդեն որոշ կատարելության հասած էր Հայաստանի մեջ և մինչև մեր օրերը անջնջելի հետքեր մնացել են սեփական ստեղծագործությունների։

Երկար տարիների մեջ իմ կատարած հետազոտություններով և համեմատական ուսումնասիրություններով համոզվել եմ, որ Հայաստանի նախաքրիստոնեական շրջանին մեջ ճարտարապետություն և գեղարվեստ մի համր զարգացումից հետո, բավականին կատարելագործված հասած են մեր թվականին և տևած են մինչև մեր թվականի 4-րդ և 5-րդ դարերը։

Հայաստան երկրին հատուկ ինքնուրույն մի ճարտարապետական արվեստի զարգացումը տևել է մինչև 15-րդ դար գաղափարների աստիճանական զարգացումով, շինությունների մշակումով և, որ ավելին է, ճաշակի նորանոր փոփոխություններով։

Հայաստանի մեջ, ճարտարապետական արվեստը երբ ենթարկվեց նորանոր վերածնությունների, հին ոճը (5-րդ դար) այնքան հեռացավ վերջին վերածնության ոճից (14 և 15-րդ դար) և տարբերվեցավ նրանից, որ հինը անճանաչելի դարձավ նոր ոճի համեմատությամբ։ Թեև գտնվեցին ճարտարապետական հին դետալներ, որոնք զանազան վերածնությունների մեջ ընդունվեցին,

  1. Թորամանյանը միտք է ունեցել ցուցակի ձևով տալու Հայաստանի ճարտարապետական հուշարձանների համառոտ բնութագիրը, ոչ միայն իր տեսածների, այլ և նրանց, որոնց նա ծանոթ է եղել գրականության միջոցով։ Այդ նպատակի համար նա քաղվածքներ է արել Ալիշանից, Էփրիկյանի «Բնաշխարհիկ բառարանից» և այլ գրքերից, որոնց վրա երբեմն ավելացրել է և երբեմն էլ ուղղումներ է կատարել։ Սակայն այդ գործը նա թողել է միանգամայն անավարտ վիճակում և հրատարակության է կարողացել պատրաստել միայն մի քանի հուշարձանների նկարագիր, որը արդեն տպագրել ենք նրա աշխատությունների առաջին ժողովածուի մեջ «Երևանի Պետական Պատմական թանգարանի ճարտարապետական բաժնի համառոտ հատկանշական ցուցակ» վերնագրի տակ (էջ 282-320)։ Այստեղ մենք ընտրել և այբբենական կարգով դասավորել ենք անավարտ մասից այն հուշարձանների նկարագիրը, որոնք համեմատաբար ինքնուրույն են և ընդհանուր գաղափար են տալիս հուշարձանի մասին։ Ցուցակի մեջ ենք ամփոփել նաև տարբեր սևագիր և անավարտ գործերի միջից քաղված հեղինակի որոշ արժեք ներկայացնող նկարագրերը, ենթարկելով նրանց որոշ խմբագրության, որտեղ միշտ նկատի ենք ունեցել հեղինակի մյուս ավարտված գործերը։ Տպագրվող մասում էլ պարզ երևում են նյութերի մշակման տեսակետով խոշոր տարբերություններ, այսինքն, որոշ հուշարձանների նկարագիրը կազմված են ավելի մանրամասնությամբ, քան մյուսները, այդ պետք է բացատրել ոչ թե հուշարձանի կարևորությամբ, այլ այն բանով, որ հեղինակը ներկայացվող ցուցակի որոշ մասերը հնարավորություն է ունեցել մշակելու և մյուսները դեռ մնացել են անմշակ Ցուցակին իբրև առաջաբան կցում ենք առաջին պրակի մինչև այժմ անտիպ մնացած ծանոթությունը չնչին կրճատումներով։ Կազմող