Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատուկ բաժանումներով։ Դղյակի արևմտյան ծայրը անդնդախոր ձորի վրա է, իսկ արևելյան ծայրից շարունակվում է հաստատուն մեծ պարիսպը մինչև այնտեղ, ուր Բյուրականի կողմի ձորն անմատչելի է դարձնում մուտքը։ Այս կողմի պարիսպի վրա է ամրոցի դուռը, որ ներս մտնելուց հետո, երկու ճյուղի է բաժանվում, մեկը տանում է դեպի դղյակ, իսկ մյուսը դեպի բերդամեջ կամ քաղաքամեջ։ Չափազանց ուշագրավ է դղյակի շինելակերպը, հավանորեն պատերազմական տեսակետով. հյուսիսային կողմը, որ միանգամայն մատչելի է, ամենևին պատուհան չունի և խիտ բուրգերով ամրացված է, իսկ բոլոր բաժանումներ և խոշոր պատուհաններ միայն քաղաքին վրա են բացված։ Դղյակը և պարիսպները հազիվ թե 9-10-րդ դարու գործ են երևում․ միայն հայտնի չէ, թե նախորդ ամրության վրա նորը շինված է, թե՞ այս մասը նորոք շինած է։ Բերդի մտից դռան կամարը հիշեցնում է Անիի Սմբատաշեն պարիսպի վրա ավագ դռան և Տեկորի եկեղեցիի ներքին կազմի նորոգության ժամանակ վերաշինված կամարները, որոնք ատամնավոր տաշված են և շարվելիս միմյանց մեջ կանցվին ու մեկս մեկ կպահեն։

Տարակույս չկա, որ շատ հին ժամանակ այստեղ ընտրված էր որպես բերդատեղ՝ տեղի բնական ամրության պատճառով, որովհետև երկու գետերի խառնուրդի տեղի վրա, բարձր տակավին երևում են պարսպամասեր, որոնք անկասկած նախապատմական շրջանի գործեր են։

Այս հատ ու կտոր նախաքրիստոնեական շրջանի պարսպամասերը ապացույց են, որ ի հնումն ամբողջ թերակղզին շրջապատված էր պարիսպով, սակայն հյուսիսային կողմի ամրոց-դղյակն իր ներքին սենյակներով և այլ բաժանումներով նման էր Տիգնիսի դղյակին, որը համարվում էր Բագրատունիների սեփականություն դարձած այն ժամանակ, երբ նախքան Անին, Շիրակավանն էր Բագրատունյաց մայրաքաղաքը։

Ամբերդի դղյակի և պարիսպի շինարարական ոճը հիշեցնում է Բագրատունի շրջանի արվեստագործությունը, և ինչպես հավաստում են պատմական հիշատակությունները և ուրիշ հավանական ապացույցներ, սա ևս մի ժամանակ եղել է Բագրատունի թագավորաց սեփականություն։ Պատմական տեղեկություն կա, որ Գագիկ առաջին Բագրատունի թագավորը կտակել է այս ամրոցն իր հաջորդ Հովհաննես Սմբատին։ Իսկ հետո, Բագրատունի արքունիին հարազատ Վահրամ Պահլավունիին։ Սա է շինել դղյակի փառավոր եկեղեցին, որ նույնպես չափազանց նման է Մարմաշենի Վահրամաշեն Կաթուղիկեին։ Թեև գեղեցկության և ճոխության տեսակետով Ամբերդի եկեղեցին պակաս է քան Մարմաշենինը, սակայն շինարարական տեսակետով սքանչելի, է ամեն կողմից։ Ինչ ապացույցի կարոտ պիտի լինի, որ մոտավորապես հազար տարի է անցել, սակայն շենքը տակավին հաստատուն մնում է իր տեղը կանգուն. եթե փոքր ինչ վնասվածքներ երևում են, պատճառը երկարատև անտերությունն է։

Եկեղեցուց մի քանի քայլ դեպի հարավ-արևմուտք, փորված է մի անցք, որ հասնում է մինչև ձորի ջրի սահմանը, պաշարման ժամանակ անշուշտ գետից ջուր հանելու համար։ Հին ժամանակ, ինչպես երևում է, ամրոցների մեջ պահանջ էր այս ջրի գաղտնի ճանապարհը. նույնը մինչև այժմ կան Անիում, Բագարանում և ուրիշ տեղեր։

Քաղաքին ամբողջության ջուր մատակարարող առուները հետաքրքրական են տեսնել, թե ինչպես գետի բարձր տեղից միմյանց վրա երկու առու ձորի լանջով բերած են Ամբերդ. այս առուներեն մին հատուկ էր մեծ մասամբ դղյակին, իսկ մյուսն՝ ամբողջովին քաղաքին համար էր։

10. ԱՅՐԻՎԱՆՔ ԿԱՄ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Հարավային կողմը արևելքեն թև անի, ճիշտ նման Տեկորի և Երերույքի։ Բայց պետք է ստուգել ժամանակը, թե թևին հետ միասի՞ն շինված է թե ոչ։