Գառնիից դեպի հյուսիս-արևմուտք 8-10 կիլոմետրի վրա, Արտաշար գյուղին կից են Հայաստանի երբեմնի մայրաքաղաք և Մերձավոր Արևելքի կենտրոն հանդիսացող Դվինի ավերակները, որտեղ գետնի երեսին միայն մնացել են պարիսպները, որոնք հետզհետե քանդվելու և ոչնչանալու վրա են։
Խաչիկ վարդապետը բացած է այստեղ 7-րդ դարեն կանգնված հսկայական Ս.Գրիգոր եկեղեցին, որն իր մեծությամբ գերազանց է բոլոր Հայաստանի մեջ գտնված եկեղեցիներեն։ Միջնաբերդը նույնպես ավերակ է և բազմիցս փորված ու խուզարկված ժողովրդի կողմանե այնուամենայնիվ պեղումները շատ բան կարող են պարզել այս պատմական նշանավոր քաղաքի մասին։ [1937 թվին ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալը ձեռնարկեց Դվինի սիստեմատիկ պեղումները, որոնք հսկայական նյութ տվին 5-13-րդ դարերի պատմության համար: Պեղումները շարունակվելու են մի քանի տարի ևս]»[1]:
Աշտարակի շրջանում, Արայի լեռան ստորոտին, գտնվում է այս նշանավոր գյուղը, որուն հետ կապված են անընդհատ պատմական անցքեր, սկսած 5-18-րդ դար, որոնց մասին պատմաբանները գրել են արդեն։ Ճարտարապետական հուշարձանների տեսակետով նշանավոր է այս գյուղնիր մեջ զանազան դարերի հուշարձանների հոյակապ մնացորդներն ունենալով։ Ամանանշանավոր շինության մնացորդն է այս գյուղում այն մեծ կաթողիկեն, որու ներքևից մեկ երկու մետր բարձրությամբ պատերն են մնացած։ Այս կաթողիկեի շինությունը վերագրվում է եղվարդեցի Մովսես կաթողիկոսին (574-603): Շուրջը մեծատառ արձանագրություն թեև կա, սակայն ինձ կթվի թե, դեռ մանրամասն ստույգ կարդացող չէ եղած։ Այնուամենայնիվ շենքը 6-րդ դարու լինելուն ոչ մի կասկած չկա, որովհետև այդ տիպը միմիայն 6-րդ դարում գոյություն ունի, ինչպես Արթիկի փոքր եկեղեցին, ինչպես Դվինի Ս.Գրիգոր եկեղեցին և այլն և այլն։ Իսկ այս եկեղեցու հյուսիսարևելյան կողմը դարձյալ կա մի ավերակ, որուն պատերը մեկ կամ մեկուկես մետր բարձրության մնացել են, միանգամայն 5-րդ դարու գործ է։ Ցավոք սրտի արևմտյան դռան վերև գտնված 10 կամ 11-րդ դարու մեծ արձանագրությանը բարբարոս ձեռքեր կոտրել և գործածել են հարևան շենքի մեջ։
Գյուղի հարավարևելյան ծայրում կա մի շքեղ եկեղեցյակ, որ նաև Զանգակատուն անունն ունի։ Շինված է ձեռամբ ոմն Ազիզբեկի 1321 կամ 1328 թվականին (վրան երկու արձանագրություն կա, առաջինը ձեռով գրված, երկրորդը քանդակված)։ Եկեղեցին երեք հարկանի է, առաջին և երկրորդ հարկերում պատարագի տեսարաններ կան, իսկ երրորդ հարկը մի սյունազարդ զանգակատուն է։ Արտաքին ճակատներն այնքան գեղարվեստականորեն քանդակագործված են, որ Հայաստանի 13 և 14 դարերի արվեստագետներին և ճարտարապետներին մեծ պատիվ կբերի։
Երևան-Լենինական երկաթուղագծի վրա, Անի կայարանից մեկ կիլոմետր հեռու, Անի Պեմզային կից կանգուն է մի կիսավեր եկեղեցի անգմբեթ, տանիքը փլած է, իսկ հսկայական սրբատաշ քարերով շինված պատերը տակավին կանգուն են. եկեղեցին իր շուրջն ունեցեր է սյունազարդ սրահներ։ Անվիճելի է, որ 5-րդ դարուց այս կողմ չի կարող լինել նրա հիմնարկությունը։ Ունի երեք դուռ, մեկը արևմտյան կողմում, իսկ երկուսը հարավային կողմում։ Վրան կա 10-11 և 13-րդ դարու արձանագրություններ։ 1038 թվականի մի արձանագրություն կա հարկերի բաշխման մասին։
Շուրջը թափված են քանդակազարդ խոյակներ
- ↑ Կազմող