Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչ էլ ուշանա, արդեն ամեն հույս կկորչի շենքի մանրամասն վերակազմությունն ունենալու համար։

45․ ԽԾԿՈՆՔ

Խծկոնք կամ Խծկունք ոչ միայն հասարակաց ուխտատեղի է, այլ և շուրջը բխած բուժիչ ջրերու պատճառով կարևոր բուժավայր է։

Խծկոնքը գտնվում է Անիից մոտ 40 կմ. դեպի հարավ-արևելք և Տեկորի արևմտյան կողմը կես ժամ հեռավորությամբ. մի փոքր շրջանում ունի հինգ եկեղեցիներ, որոնց մեկը, ամենահինը, հավանական է որ 10-րդ դարուց առաջ լինի և գուցե հասնի 7-րդ դար։ Երկրորդ եկեղեցին ս. Սարգիսն է, որը շինել է Վեստ Սարգիս, արտաքուստ բոլորշի է, ներքուստ խաչաձև։

Առաջին տաճարի անունն է ս. Կարապետ, նրան կից կա մի ուրիշ փոքր եկեղեցի, որն ունի ս. Աստվածածին անունը, չորրորդ եկեղեցին անջատ է և գտնվում է այս երեք եկեղեցիներու արևելյան կողմը մի ժայռի վրա և կոչվում է ս. Ստեփանոս։ Հինգերորդ եկեղեցին դարձյալ երեք եկեղեցիների արևելյան կողմում է, սակայն գրեթե մի կիլոմետր հեռավորության վրա. այս վերջին հինգերորդ եկեղեցիին անունն է [Լուսավորիչ]։

46. ԽՈԹԱ ՎԱՆՔ

Արցախի Հաթերք գավառի մեջ Թարթառ գետի աջ կողմը կգտնվի Խոթա վանքը։ Այս վանքի սկզբնական շինության թվականը հայտնի չէ, հաճախ նորոգվեր և վերաշինվեր է, որով կորել են արձանագրությունները, եթե կային։ Առաջին անգամ արձանագրություն երևում է 12-րդ դարուն (1189)։ Այսպես հաջորդաբար հետագային կարելի է այս վանքում գտնել նորոգության կամ վերաշինության արձանագրություններ։

47. ԽՈՐ ՎԻՐԱՊ

Խոր Վիրապի վանքը որ մինչև այսօր ուխտատեղի է հասարակ ժողովրդյան համար, ունի յուր պատմական ծագումը, որ ժողովրդական հավատալիքների հետ սերտիվ կապվում է․ այսինքն հայոց մեջ քրիստոնեություն տարածող Գրիգոր Լուսավորիչը այստեղ բանտարկված է եղել Տրդատ թագավորի հրամանով, որովհետև Խոր Վիրապը թագավորական ժամանակ թե աքսորավայր էր, և թե բանտ էր, որոնք փորած էին գետնի տակ շատ խորը և այս Խոր Վիրապների մեջ բանտարկվողների կյանքը երաշխավորված չէր, օրերի հարց էր հորը ձգվածի ապրելը, Գրիգորը իբր թե ապրել է մի պառավ կնոջ տված օրվան մեջ մի նկանակով։