Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քրիստոնեությունը հաստատվելուց հետո, որպես թե այնտեղ ի հիշատակ Գրիգորի բանտարկության վանք են շինել։ Այս վանքը հիշվում է 7-րդ դարուն Ներսես 3-րդի օրով։ Այնուհետև թե պարբերաբար է հիշվել, այնուամենանիվ մինչև այսօր նշանավոր ուխտատեղի լինելե չի դադրել։ Այժմյան եկեղեցին ուշ ժամանակի է, հավանաբար 17-րդ դարի գործ է։

48. ԾԱՂԿԱՁՈՐ
(Հն. Կեչառուս կամ Կեչառուք)

Երևանից դեպի հյուսիս Հրազդան գետի աջ ափի մոտ կգտնվի Ծաղկաձոր ամարանոցը, որուն մոտ կան բազմաթիվ ավերակներու մնացորդներ, որոնց մեջ այժմ գրեթե կանգուն վիճակի մեջ են չորս եկեղեցիներ.

1. Ս. Գր. Լուսավորիչ, որուն շինողը կհամարվի Գր. Մագիստրոս 1003 թվականին։ Վրան ունի բազմաթիվ արձանագրություններ մինչև 1272 թվականը։

2. Անթվական շինություն. նորոգված է 1204 թվականին ոմն պարոն Վաչեի ձեռքով ըստ արձանագրության։ Եկեղեցու անունն անծանոթ է, կկարծվի լինել ս. Նշան կամ ս. Հովհաննես։

3. Ս. Կաթողիկե անունն ունի. շինողն է Վասակ որդի Խաղբակա ԺԳ դարու սկզբին։

4. Ս. Հարություն, ունի ժամատուն, փոքր է եկեղեցին, բայց անաղարտ մնացած, շինված է 1220 թվականին. շինողի անունն անհայտ է։ Շինողի ծնողներու Հասանի և Ռուզաքանի հիշատակին նվիրված է։

Մնացած ավերակները միանգամայն հետաքրքրական են, բայց նկարագրության և մանրամասն խուզարկության կարոտ։

49. ԾԱՂԿԱՎԱՆՔ

Կարբիի մոտ, Արայի լեռան հարավային կրծքին, ձորի լանջին, ամայի վանք է։ Մինչև վերջին ժամանակներս շրջակա բնակչությանց մեծ ուխտատեղի է եղած ամեն տարի Համբարձման տոնին։

50. ԿԱԶԱՆՉԻ

Արթիկի շրջանի մեջ Լենինականից դեպի հարավ-արևելք կգտնվի այս գյուղը, որը նշանավոր եղած է մի հին բերդով, ուր գտնված են բավական հին զանազան գործիքներ, որոնց մեջ կարևոր տեղ կբռնե մի սյան խարիսխ, որուն վրա կա շուրջանակի բևեռագիր արձանագրություն։

51. ԿԱՐԱՆԼՈՒԽ

Ապարանից դեպի հյուսիս-արևելք լեռնալանջի վրա կգտնվի այս փոքրիկ գյուղը, կիսով չափ անտառներով շրջապատված։ Անտառի հյուսիսային կողմը կա մի 7-րդ դարու կիսավեր եկեղեցի, գյուղեն կես կիլոմետր հեռավորությամբ և իբրև ուխտատեղի կծառայե գյուղացոց։

Հյուսիսային կողմը, մի ուրիշ կետի վրա, անտառին