Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևմտյան մուտքի վրայի կամարակապ voûte d'arrêt-ը հետնագույն նորոգության արդյունք է։ Հետևաբար այդ եկեղեցին 12-րդ դարուն մեջ, անկասկած, նորոգություն կրեր է։

Այս եկեղեցին, որ կոչվում է ս․ Անանիա, Գրիգոր Եղյուստր անունով մեկուն շինածն է, ըստ արձանագրության 637 թվականին, Հերակլ կայսեր և Արշարունյաց տեր Ներսեհ Կամսարականի оրով։

Եկեղեցին 7-րդ դարու ոճի համաձայն արտաքուստ խաչաձև է, բայց ավելի նախնական քան անկյունավոր աբսիդներ ունեցողները։ Այստեղ աբսիդներն ուղղակի քառակուսի ձևով են դուրս շեշտված։

ՏԵԿՈՐԻ ՏԱՃԱՐԸ

Արևելքեն արևմուտք ընթացող համանուն գետակին հարավակողման վրա լեռնացած երկարող բարձր բլուրներու լանջին շինված է այս հռչակավոր հնադարյան տաճարը, հարավային և արևմտյան կողմեն շենքը շրջապատող մոտակա լեռներն են, որոնց մեջեն հազիվ իմն նշմարելի է Յազլճա լեոան գագաթը, հյուսիսեն նմանապես, բայց քիչ ավելի բացագույն կերևին Ալաճա լեռան կցված և անոր շարունակությունը կազմող լեռնակներ, իսկ արևելքեն, որ ձորի ուղղությամբ հետզհետե ցածրացած են լեռներ, հիանալի կերպով կպարզվի Արագածի սպիտակափառ սրանկյուն գագաթը իր լայնատարած քղանցքներով։ Առայժմ բացի գյուղի մեջ ջուրի առատության պատճառով բացառաբար կանաչած վայրենի ու պտղատու ծառերու կանաչութենե, ուրիշ հաճելի տեսարան մը չկա։

Անտարակույս այլ պատկեր կներկայացներ այս ջրառատ ձորը և նույնպես ջրառատ լեռնալանջերը, երբ Կամսարականներու և Բագրատունիներու մեծ և վայելչասեր հովանավորությունը կվայելեր, մանավանդ տաճարի հարավակողման լեռնալանջը, որ Ագարակի միջով հոսած ջուրով շատ հավանականություն կվերցնի դրախտանման վայելչությամբ ծաղկած լինելը, ծառ ու ծառաստանով և պտղատու պարտեզներով և անշուշտ այս իսկ պատճառ տվեր է այն մեծ ջրի կռվին, որուն մինչև Բագրատունի Հովհաննես Սմբատ միջամտեր հաշտեցուցեր է տեկորցիները ագարակցիներու հետ և այդ անբռնաբարելի որոշումը արձանագրվեր է տաճարի հյուսիսակողմը արևմտյան անկյան կից։

Բազմադարյան անցքերու ու արհավիրքներու վկա այս տաճարը ուսումնասիրել շատ դժվար և երկար ժամանակի գործ է։ Թե ի՞նչ է եղեր սկիզբը և ի՞նչ զանազան փոփոխություններե անցնելով զառամած ու օրհասական հասեր է մեր օրին, չէ կարելի լիովին մանրամասն և ճշգրիտ բացատրել, սակայն ինչ որ ակներև է և քիչ թե շատ փաստացի կերպով և գիտականորեն հավանական, ես պիտի ջանամ զանոնք պարզել։

Իր ձևով և հատակագծով այս եկեղեցին հազվագյուտ оրինակներեն մեկը կներկայացնե, որուն համանման շինություններ հազիվ իմն նշմարելի են Հայաստանի զանազան կետերու վրա, մինչև այսօր նկատելի եղած են Ղըզըլ-Ղալայի տաճարը և Քասախի եկեղեցին, որոնք ևս սույն տաճարին նման ունին նախնական քրիստոնեական տաճարներու տիպը և ձևերով ալ շատ նմանություններ։

Ուղղանկյուն երկար քառակուսի կներկայացնե հատակագիծը, միայն արևելյան կողմեն մի քիչ դուրս ընկած է խորանի կիսաբոլորակի մասը։ Բացի արևելքեն, այժմ նկատելի են, որ երեք կողմեն՝ հյուսիս, հարավ և արևմուտք, շրջապատված է եղեր սյունազարդ սրահով մը, որուն սյուները աղեղներով թե՛ միմյանց կապված էին և թե՛ կամարներով բուն տաճարին, արևելյան կողմեն այս սյունասրահը ընդհատվեր են սեղանին կից երկար հյուսիսեն հարավ երկնցող քառակուսի սենյակներու պատճառով և նույն սյունազարդի ուղղությամբ սենյակներու պատերը շարունակվելով հասեր են մինչև արևելյան անկյունը, ուր այլևս այսօր ոչինչ չեն նշմարվեր, բացի իր ինն աստիճաններեն։

Փոփոխություններ և նորոգություններ խիստ շատ եղեր են այս տաճարին վրա, բայց բարեբախտաբար յուրաքանչյուր շրջաններու մեջ եղած փոփոխություններու և նորոգություններու բավականին բնորոշ հետքերը մնացեր են, թե՛ արտաքուստ ամեն կողմն և թե՛ ներքուստ։

Շատ պատճառներ կան համոզվելու, որ տաճարի արևելյան կողմը ի սկզբան չէ ունեցեր աբսիդի այժմյան դուրս ելած մասը, այլ եղեր է ուղիղ օրորոց հյուսիսեն հարավ և ունեցեր է նմանապես սյունազարդ սրահ մը ինչպես մյուս կողմերը։

Բացի այն նշանները, որոնք կապացուցանեն խորանին հետնագույն ժամանակ դուրս եղած ըլլալը, այժմ կա մի անհերքելի փաստ՝ արևելյան կողմեն ևս սյունասրահի մը գոյության։

Արևելյան ճակատի երկու անկյուններուն տակ, տակավին կմնան երկու որմնասյանց խարիսխներ, քանդակված միևնույն քարով, միևնույն ճաշակով և միևնույն բարձրաքանդակներով, ինչպես տաճարի մյուս կողմերը, սյունախարիսխները ևս չէին կարող կամ պատահաբար դրված ըլլալ և կամ իբր զարդ աննպատակ կերպով, առանց վրաները սյուներ կամ contre