Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՇԻՐՎԱՆՃՈՒՔ

Ուշադրության արժանի է այս եկեղեցվույն մեջ ամենեն առաջ բոլորովին շեշտված պայտաձև աղեղները, որուն միակ օրինակը մնացեր է խորանին վրա, մյուս որմասյուներուն վրայի աղեղները, որոնք անպայման նման էին խորանին պայտաձևերուն, քանդեր են որմասյուները և պատերը ներսեն մեկ կամ երկու մետր տեղ իրենց խոր հնության տիպը պահեր են, մնացածները հաճախ նորոգված են, և այդ նորոգությունները ունեն 7-10-րդ դարերու հատկանիշները։

Ինչպես կերևի, ի սկզբան պատուհան բնավ չէ ունեցեր․ 7-րդ դարու նորոգության ժամանակ հարավային պատին վրա սեղանին մոտ բացեր են մի պատուհան, շատ տարօրինակ ձևով վերևը նեղ և վարը լայն։ Այս պատուհանը հավանաբար 7-րդ (?) դարու նորոգության ժամանակ փակեր են դրսեն և ներսեն ազատ թողելով։

Որմասյուներու խարիսխները շատ նման են Տեկորի ներքին որմասյուներու համաչափությանց և անոնց զարդագծերու մի այլազանությունը կներկայացնեն։

Արձանագրության անընթեռնելի հետքեր կան թափված հարավային պատի վրայի պատուհանին մեջ դրված քարերեն մեկուն վրա, որոնց ձևը 10-րդ դարու տառերու ձևը ունին։

Անկասկած կարելի է ըսել թե հարավային պատի վրա արևմտյան անկյունին մոտ, մի նեղ փոքր պատուհան, նմանապես արևելյան կողմը խորանին վրա և արևմտյան կողմը զույգ պատուհաններ շինված են 10-րդ դարուն։

Արևմտյան ճակատի պատին վրա դեռ մնացեր է կամարի կլորության հետքերը, և ապացուցում է որ անպայման այս շենքը ծածկված էր կամարակապ։ Հյուսիսային պատի վրա բարձրը կա մի քար, որուն վրա տառեր կնշմարվին անընթեռնելի, և ըստ երևույթին նույնիսկ հայերեն չեն։

Առայժմ երկու աստիճան է որ կա, սակայն հիմերը շատ տարօրինակ կերպով լեցված են հսկայական որձաքարերով և ըստ երևույթին հեթանոսական շրջանի արվեստագործության շարունակությունն է։

Արևմտյան կողմը ֆրոնտոնին ներքև տակավին մնացած է 7-րդ դարու հատուկ մոդիլոնի ձևով զարդարուն քիվը որուն շատ հարազատ նմանությունը կներկայացնե Բագարանի կաթողիկեի քիվը և կամ ավելի ճիշտը Էջմիածնի քիվը (հինը)։

Հյուսիսային կողմը բնավ պատուհան չունի։ Պատի քարերը առհասարակ տաշված ու շարված են 5-րդ-7-րդ դարերու ոճով, գլխավորաբար ստորին մասերու վրա, որոնք թե առհասարակ երկար են և թե շարված են դեպի երկարությանը։

Այս է հանգիստը ՍՈՇԱՆ ի Ի Թ ՈԾԱ (651+551=1202)։ Այս քարը կգտնվի Մահմուտճուքի անանուն (արևմտյան կողմը գյուղին) մատուռին արևելյան կողմը արտին մեջ։

Այս Մակարավանքի մեջ ուշադրության արժանի նորություն է ներսի կողմի արևմտյան որմասյուներուն վրայի նիշերը։ Գմբեթը շինված է պանդանտիվի վրա։

Արևելյան պատին վրա եղեր է արձանագրություն մը, որուն տողերու վերջերը պարանակող քարը միայն մնացեր է. այդ մնացորդին մեջ կկարդացվի «Շինեցի վանք» բառերը։ Թեև տառերու ոճը ավելի 12 և 13-րդ դարերուն կվերաբերի, որ անշուշտ չի կարող նախնական շինության թվականը ըլլալ, հավանորեն 13-րդ դարուն մեջ վերանորոգած և վանքի վերածած է արձանագրողը։

Ուստի վանքի հյուսիս արևելյան կողմի քառակուսի աշտարակաձև շենքի մնացորդին համար կպատմեն գյուղացիք, որ եղեր է բարձր աշտարակ, քան եկեղեցին և ունեցեր է ներսեն սանդուխներ վեր բարձրանալու համար։

ՄԱԶԱՐՃՈԻՔ

1913 օգոստոս 16-ին այցելեցի Մազարճուք գյուղը։

Ունի երկու եկեղեցի մին Ամենափրկիչ անունով և մյուսը սբ. Աստվածածին անունով։ Ամենափրկիչ անվանվածը փոքր եկեղեցի է, արևմտյան կողմեն դուռով ըստ ամենայնի հնության կներկայացնե, թերևս 7-րդ դարեն առաջ, ներսի կողմի ջլաղեղ կամարները և խորանին աղեղը շատ շեշտված պայտաձև են, անշուշտ 5-րդ և 7-րդ փոխանցման շրջանի կպատականի։ Այս փլատակ եկեղեցվո միջեն գտնվեցան հին 7-րդ դարու ձևով գերեզմանաքարերու բեկորներ։ Սույն եկեղեցվո հարավային կողմը կա գերեզմանատուն մը, որուն մեջ կա ձգված դարձյալ 7-րդ դարու ձևով մեծ գերեզմանաքար մը, կեսը կոտրած, հավանաբար ուրիշ տեղե բերված և այնտեղ նոր մեռելի վրա պառկեցուցեր են։

Իսկ սբ․ Աստվածածնին միայն արևելյան մասն է մնացեր, գեղացիք 1903 թվականին հին եկեղեցվո միայն արևելյան խորանին մասը պահելով մնացածը քանդել և կցեր են նոր շինությանը։ Հինը եղեր է ներսեն