Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսյալ հարավի դռան մոտ սյունեն բոլորովին փլած է և շատ մոտալուտ է բոլորովին կործանման վտանգը։ Շուրջը շինության հետքեր չեն մնացած, ամեն բան անհայտացած է և եղած է վարուցանքի տեղ, արտեր ու կմշակվի այժմ ցորեն և գարի։

Հովվի եկեղեցիեն ուղիղ գծով դեպի հարավ 500 քայլի վրա ինկած կան կրաշաղախ բեկորներ, որոնք ցույց կուտան թե եկեղեցիի մը կամ մատուռի մը փլատակներ են, պատի սրբատաշ քարերու վրա տակավին մնացած կա արտաքին որմասյան մը մնացորդները։

Այս բեկորներեն դեպի արևմտուք ավագ դռան զույգ աշտարակներու ուղղակի դիմացը, կա մի մեծ փլատակ կարևոր շինություն մը, որուն հյուսիսային պատին մեկ մասը տակավին կանգուն կը մնա։ Ասիկա բաղնիք մե եղած պարիսպեն դուրս և բավական խոշոր, որ մեկ կարգի վրա ունեցեր է (հյուսիսային կողմեն) հինգ գմբեթավոր սենյակ արևմուտքեն արևելք երկնցած, արևելյան ծայրին վրա մի սենյակ կամարակապ. սենյակներուն երկուքը արևելյան կողմեն դեռ կանգուն են իրենց հյուսիսային որմակամարներով և գմբեթներու կիսովը․ մյուս մասերը փլած են բոլորովին։ Փլատակների մեծությունը և տեղին ընդարձակությունը ենթադրել կուտա, որ այս բաղնիքը ունեցեր է ավելի քան տասներկու սենյակ համաչափորեն դրված հարավային կողմն ալ հյուսիսային կողմի սենյակներուն։ Կանգուն մնացած արտաքին պատին վրա արձանագրության և քանդակներու հետքեր չկան, միայն հյուսիս արևմտյան կողմը ընկած բեկորներեն մեկուն մի քարին վրա 15 սմ. մեծությամբ փորագրված կա այս ձևով (չ) տառ մը։

Պեղումները գուցե տան մեզի շատ մանրամասնություններ այս շինության մասին։ Մի տարօրինակ երևույթ կա այս կողմերը, որ մինչև այսօր ոչ ոքի ուշադրությունը չէ գրաված, սկսված նախապես նկարագրածս շիրիմեն մինչև պարիսպները և երկու կողմին վրա դեպի արևելք մինչև խաչի ձորը, դեպի արևմտուք մինչև Անի գյուղը (ասկե անդին չեմ քննած), բացի զանազան մեծ ու փոքր ավերակներու փլատակներ պարունակող բլուրներեն կան մեծ քանակությամբ պատեր կամ պարիսպներ, ոմանք մինչև 7-8 հարյուր քայլ երկայնությամբ պարիսպներու մնացորդներ հողին տակ ծածկված, հակառակ երկար դարեր մաքրվելով վարուցանք անելուն դարձյալ զգալի կերպով մնացեր են հետքերը, երբեմն տեղեր, մասնավորապես պարիսպի մոտերը սկսյալ Հովվի եկեղեցիեն այնպես որոշ ձևեր ստացած են պարիսպներու ուղղությունները, զորս կարելի է կետ առ կետ չափել, զանազանել և որոշել յուրաքանչյուրին սահմանները։ Ասոնք ի հարկե ամրոցներ չէին, և ոչ ալ շինությանց պատեր։ Ապահովաբար ասոնք եղեր են այգեստաններու և պտղատու պարտեզներու շրջափակ պարիսպներ։ Անիի շեն ժամանակ որ առատ ջուր կար, և այդ ջուրին ճանապարհը կանցներ այդ տեղերով, անպատճառ պետք էր որ օգտվեին այդ ջուրի առատությունեն։ Արձանագրությանց մեջ բազմաթիվ են Գլիձորի մեջ և պարիսպներուն տակ խրամատները ջուրով լեցուն ըլլալուն վկայությունները, նույնիսկ պարտեզներ և ջրաղացներ կան հիշատակված Գլիձորին կողմերը, ուր այժմ բոլորովին չոր է, միայն գարնան մի քիչ խոնավություն կգտնվի։ Սակայն վերջերս Անիի Մայր եկեղեցվո մոտ գտնված արձանագրություն մը, որուն մեջ կհիշատակվի Պաճեզ մի կարուց դռան մոտ լիովին կապացուցանե իմ ենթադրություններս, որ քաղաքը շրջապատված է եղեր ընդարձակ տարածության վրա (հյուսիսեն) բազմաթիվ պարտեզներով։

Հետաքրքիր այցելուին համար շատ դյուրին է տեսնել այս մրգաստաններու կամ այգիներու սահմանները։

Պարիսպներեն դուրս նկարագրված բաղնիքին հյուսիսային պատին ուղղությամբ կտեսնվի գլխավոր պարիսպներեն մեկը, որը բաղնիքեն դեպի արևելք երկննալով ավելի քան 250 քայլ կդառնա ուղղանկյուն ձևով դեպի հարավ, իսկ բաղնիքեն դեպի արևմուտք ալ դարձյալ