կարգով հինգերորդ քարին վրա կա սկսած արձանագրություն մը Ե Ջ Ր Ա հանդիպակաց կողմը կա ուրիշ խզբզված արձանագրություն «ԹՎ ՉՀԹ գիր է Վարդնայ Ումեկի որդուս յիշեցէք… ԱՄ, որ ԱԾ ձեզ յիշէ»: Հազիվ ես կարողացա այսչափ կարդալ։
Կան ուրիշ եղծված խզբզածներ անընթեռնելի, և գուցե անկարևոր։ Վերնահարկը հատակեն մինչև կամարին հանգիստը 150 սմ բարձրություն ունի, և բաժանված է երկու մասի, մատուռ և գավիթ, մատուռը վերջացած է կիսաբոլորակ աբսիդով մը արևելյան կողմեն, մեջտեղը կա փոքրիկ պատուհան մը վրան քանդակված փոքրիկ խաչ մը, նույնպես երկու քովերը փոքր, երկու սիրուն գեղաքանդակ խաչեր։ Խաչերը կգտնվին կիսագմբեթի սկզբնավորության վրա, պատուհանին աջ վերնակողմի կիսաբոլորակը անցած է պատին վերջավորությունը պսակող պսակեն վեր։ Սեղանին երկու քովերը կան փոքրիկ երկու խորհրդանոցներ։ Վրան ալ ծածկված կամարակապով սեղանին վրան ալ կիսագմբեթ։
Նախգավիթը երկայն է ամբողջ լայնության հավասար, իսկ լայնությունը հազիվ հասնի մեկ մետրի։
Արտաքուստ արևմտյան կողմի հյուսիսային անկյան մոտ մնացած է երկու խաչքանդակներու մնացորդ, կարմիր քարի վրա։ Արևմտյան կողմին ճակատի վրայի կամարը և ամբողջ հարավային պատին կեսը քանդված է. չորս տեսակ քար է գործածված այս շինության արտաքին երեսներուն վրա, կարմիր, հողի գույն, դեղնորակ և սպիտակի մոտ դեղնագույն. ծածկը եղեր է սագաշեն։
Կամարները և ընդհանրապես ներքին երեսները շինված են սև և սևորակ քարերով։ Հանգուցյալին գերեզմանը թերևս տակն է, սակայն այժմ ոչինչ չի կարելի հասկանալ, որովհետև կիսով չափ հողով լեցված է։
Արտաքին պսակը նման է ներսի կամարներուն հանգիստը կազմող պսակներուն։ Շուրջը բոլորովին վարված, մշակված, արտ եղած է, միայն արևմտյան կողմը կա թումբ մը անբնական, ուր որ դարձյալ կկարծեմ շիրիմ մը ծածկված ըլլալ։
Կիրակոս վարդապետին դամբարանեն դեպի հարավ արևմուտք 60 քայլի վրա կմնա մեծ խաչարձանի մը կրաշաղախ պատվանդանին մնացորդները և այս վերջինես ուղիղ դեպի արևմուտք կա մի ուրիշ տոհմային դամբարանի ավերակ, որուն հարավային պատը միայն կանգուն է և հյուսիսային պատը մեկ մետր միայն։
Մասնավոր ուշադրության արժանի է այս դամբարանը, որ ավելի հնագույն կերևի, քան Կիրակոս վարդապետինը։ Խիստ շատ փլփլած ըլլալու համար անհնար է ճշտիվ չափել, միայն մոտավորապես չափելով առնվազն ինը և կես մետրեն ավելի է արևելյան կողմի ճակատը, հինգ և կեսեն ավելի է հարավի ճակատը, ըստ երևույթին այս ալ եղած է կրկնահարկ, վրան մատուռով, թեև քարազերծ բեկորներ շատ թափած․ մեջը անհասկանալի է առանց պեղումի, սակայն արևելյան պատին ներսի երեսի վրա մնացած կամարի մնացորդի տրամագիծը ցույց կուտա, որ երկու մասի բաժանված է այս դամբարանը (միջնորմին ծայրը կերևի արևմտյան կողմեն), տակը եղած է հանգստարաններ, արևելյան պատի ներսի երեսի վրա (հարավակողման մասի մեջ) դեռ կերևի պատին կից կիսաբոլոր կատարով խաչքարի տեղը, որտեղեն պոկեր են խաչքարը, անոր անմիջապես կից դեպի հյուսիս հազիվ մնացեր է մի երկրորդ խաչքարը շրջապատող քանդակազարդ մուլյուրով շրջանակի մը մնացորդը։
Չափական համեմատությամբ կերևի, որ եղեր է այս մասին մեջ երեք մեծ խաչքար, հայտնի չէ թե մյուս մասին մեջ քանի՞ և թե վրան քանի՞ մատուռ։
Արձանագրության ոչ մի հետք, ամեն բան տարված է, թերևս գտնվի եթե փորվի ու մաքրվի, թե՛ մեջը և թե՛ շուրջը։ 30 սմ մեծությամբ փչացած քարի մը կտորի վրա կան խոշոր տառերու մնացորդներ 5-6 հատ, բայց անվերծանելի։
Ասկե անդին դեպի արևմուտք և դեպի հարավ մինչև Ծաղկոցաձորի եզերքը, որուն խորության շուրջը շրջապատված է քարայրներով, պարզապես անհամար են այս թերակղզիի ընդարձակ տարածության վրա դամբարաններու կրաշաղախ այլանդակված բեկորներ, շիրիմներու, խաչերու ահեղ պատվանդաններու մնացորդներ, ջարդ ու փշուր եղած գեղաքանդակ ու զարդաքանդակ խաչքարեր և զանազան ձևերով տաշված տապանաքարեր։ Այստեղ է եղած անվրեպ անեցոց հասարակաց գերեզմանատունը։
Ոչ մի տեղ քար քարի վրա չեն թողած գերեզմանակրկիտները, ամեն ուշադրության արժանի գերեզման փորած և մեջը փնտրած են, քարերը կոտրտած ջարդած և մեծ ու կարևոր մասերը լիովին տարած։ Եվ մինչև այսօր ալ տակավին տանելու վրա են։ Դարձյալ Կիրակոս վարդապետի դամբարանեն հարավ արևելք, երրորդ թերակղզիին վրա, որ ամենեն փոքրն է և բլուրի մը երևույթը ունի, կա երկու դամբարան, մեկը որ ավելի դեպի արևմուտք կգտնվի բոլորովին անճանաչելի դարձած է, իսկ մյուսը, որ Ւգաձորի դռնեն դեպի արևմուտք երկնցռղ քարաժայռը այս մասերը բաժանող ձորակին գրեթե վրան կգտնվի, քիչ դեպի արևմուտք, որով կը գտնվի Կիրակոս վարդապետի դամբարանին հարավ արևելյան կողմը, վեց և կես մետր լայն հյուսիսեն հարավ (արևելյան և արևմտյան ճակատը) ութը և կես մետր երկայն արևելքեն արևմուտք (հյուս․ հարավ․ ճակատ.)։ Այս դամբարանն ալ շինված է սրբատաշ քարերով երկհարկանի, տակը հանգստարան և վրան մատուռ, բայց այժմ հազիվ հիմերը գետնեն վեր մեկ մետր բարձր են։
Ինչպես հիշեցի Իգաձորի հետ միացող ձորակը կգտնվի այս դամբարանին արևելյան կողմը հազիվ հարյուր քայլ հեռու։ Այս կողմեն այս է եղած հասարակաց գերեզմանատան սահմանը։
Բացի այս ձորեն, ձորին գլուխին կերևի պարիսպ մը, որ կերկննա մինչև Կիրակոս վարդապետի դամբարանին հյուսիսային կողմեն անցնող մեծ (նկարագրածս պարիսպը և ըստ երևույթին կմիանա անոր), ինչպես կերևի հասարակաց գերեզմանատունը այս իր արևելյան կողմեն պարսպափակ էր և իր պարիսպով կզատվեր Անիի պարիսպին հյուսիսակողմը ահագին տարածության