Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա սփռեալ ընդարձակ մրգաստանեն և այգեստանեն։ Ավագ դռան և այժմյան դեպի Ղոշավանք կամ Տայլար տանող ճանապարհին[1] դեպի արևելյան կողմը ի միջի այլոց ուշադրության արժանի երևույթներ կան քննելի, որոնց հազիվ քանի մը բեկորներն են մնացած և մնացորդներեն կերևի որ եղած են պարիսպեն դուրս նշանավոր շինություններու հետքեր, և մատուռներ, տոհմային դամբարան կամ եկեղեցիներու բեկորներ, այս մասին վրա ալ թեև ոչ այնչափ խիտ, որպես պարիսպին մեջ կերևին բազմաթիվ բնակարաններու հետքեր հազիվ հիմունքները նշմարելի։ Ավագ դռնեն հազիվ 300 քայլ դեպի հյուսիս, ճանապարհին, արևելյան կողմին վրա, ուշադիր պարզ նայվածքով մը կտեսնվի մեծամեծ շինությանց հիմեր 80-90 սմ. թանձրությամբ, և այս տեղեն կսկսի դեպի հյուսիս և դեպի արևելք խիտ շինություններու խումբեր տեղ տեղ զգալի կերպով բլրացած, տեղ տեղ ալ սրբատաշ քարերով շինված պատերու փլատակները մնացած հողին երեսին. այս տեղը կարծեք առանձին մի թաղ է կազմած մրգաստաններու և պարտեզներու խիտ անտառին մեջ, թաղին երկարությունը ճանապարհեն դեպի արևելք ավելի է քան 300 քայլ, իսկ դեպի հյուսիս երկարությունը կանցնի 350 քայլեն եթե առանձին թաղ ալ չի համարվի, գոնե պետք է անվրեպ համարել իշխանական տոհմի առանձին մի սեփականություն՝ բնակության համար բազմաթիվ շինություններով, որոնց մեջ կան եկեղեցիի մնացորդ, գերեզմաններ, խաչքարի պատվանդան՝ 2 մետր բարձրությամբ տակավին կանգուն, թեև քարերը երեսեն պոկված։

Այս կետեն անդին դեպի արևելք և հյուսիս ձգված ամրակուռ պատերու ու պարիսպներու շարքերը, որոնք վերին աստիճան պարզ են իրենց թանձրություններով և զանազան ուղղություններով, նաև բազմաթիվ կրոնական և աշխարհական շինություններու մնացորդները մինչև Խաչի ձոր և անկեց անդին ալ մինչև Ղոշավանք, նկարագրել գրեթե անհնար է, խնամքով պատրաստված քարտեզի մը մեջ միայն կարելի է որոշակի նկարագրել՝ ցույց տալով ամենուն տեղը, դիրքը, միմյանցմե ունեցած հեռավորությունները։ Երբ կհաջողվի կազմել մանրամասն քարտեզ մը մեծ պարիսպներեն դուրս Անիի թուրք գյուղեն սկսյալ մինչև Ղոշավանք, առանց մոռացության տրվելու ամենամանր բնակությանց հետքերը, որոնք նաև հյուսիսեն ալ կհասնին գրեթե մինչև 4 կիլոմետր հեռավորության, այն ատեն պարզ կտեսնվի, թե ի՞նչ ահագին քաղաք մը կար այդ ընդարձակ տարածության վրա դրախտանման ծաղկած այգիներով և պարտեզներով, ոռոգված հորդառատ վտակներով, որոնք այդ ամբողջ տարածությունները ջրելե հետո կերթային քաղաքի մեծ պարիսպներուն շուրջը բացվող խրամները լեցնելու և Գլիձորի և այլ տեղերու մեջ շինված բազմաթիվ ջրաղացներուն ևս ջուր մատակարարելու։

Գլիձոր.— Որպեսզի լիովին գաղափար կազմվի Անիի բնական ամրության և անառիկության վրա, և գիտցվի, թե ինչ խոր հետազոտությամբ և ճարպիկ ընտրությամբ ընտրած են տեղը իբրև մայրաքաղաք, պետք է որ անպայման ձորերը ամբողջովին քննվի այցելուներու կողմանե։

Ախուրյանի ձորը քննելու համար հարմար է առաջին անգամ սկսել Լուսավորչի եկեղեցու ցածեն, ուր անմիջապես տակը Կեղան Կելմեզի մոտեն կսկսի մի ճանապարհ ցածանալ դեպի գետեզրը, թեև այս ճանապարհը հնում ալ դարձյալ մի ճանապարհ եղած ըլլալ կթվի, միայն մարդոց կամ գրաստներու համար, սակայն այժմ փլած քայքայված և եվրոպական կոշիկներու համար աննպաստ եղած է, եթե այցելուն չգիտե հետաքրքրության համար մի քիչ զոհողություն հանձն առնել, որովհետև թեև մի քիչ հոգնություն և կոշիկի կորուստ կունենա, սակայն հետո կմոռանա ամեն ինչ, երբ կտեսնե ձորին մեջ պարզվող բնական ամրությանց հիանալի տեսարանները և բարձրաբերձ քարակտուր ապառաժներու սեպացման ահավոր բարձրությունները ։

Գլիձորը կվերջանա Լուսավորչի հարավ արևելքով և կխառնվի Ախուրյանի հետ, այս տեղ ալ նաև կվերջանա Գլիձորի հյուսիսեն հարավ եկող պարիսպներուն շարքը։ Լուսավորչի մոտ միայն քիչ մը տեղ դեպի արևմուտք շեղվելով, ասկեց անդին դեպի կամուրջ և Ղըղ Ղալա ձորեզրի պարիսպները ընդհատ ընդհատ են շինված, ընդհանրապես այս տեղերը կառուցված կան հարկավոր լայնությամբ և բարձրությամբ պարսպամասեր, որ տեղերը որ մի քիչ հնարավոր էր համարված վեր դեպի քաղաքը բարձրանալ։

Դվնա դռան անմիջապես առջևեն կսկսի Գլիձորը մոտ 50 քայլ դեպի արևելք շարունակելեն հետո (սա արդեն շարունակությունն է պարիսպներու առջև փորված խրամին) կշեղվի դեպի հարավ արևելք զանազան մանր մունր չափով շեղումներով և բեկումներով և կհասնի մինչև Ախուրյանի ձորեզրը։

Դվնա դռան աոջևեն դեպի վար առաջանալով պինդ ապառաժներու մեջ երբեմն բնական և երբեմն ալ ձեռագործ բացած բավականին խոր ձորակեն, աջ թևի վրա կտեսնենք պարիսպներուն զանազան բեկումներով շեղվիլը դեպի հարավ արևելք և հարավ, իսկ ձախ թևին վրա՝ բնական ապառաժյա թումբերը կշեղվին դեպի արևելք, որով բավականին ընդարձակ երևույթ մը կստանա այստեղ ձորամեջը հանդեպ հյուսիսային պարիսպի անկյուն կազմող քառակուսի բուրգի և անկեց անդին վիշապապատ բուրգին այս ընդարձակության մեջ ալ, որ հազիվ հասնի 60-70 մետր լայնության, պակաս չեն շինությանց հիմերու հետքեր, բայց թե ի՞նչ շինություններ են անոնք,— բնակարան թե՞ ուրիշ պիտոյից հատուկ, ճշտել շատ դժվար է։

Առաջանալով հետզհետե, երբ կհասնենք վիշապապատ բուրգեն դեպի հարավ արևելք գտնվող գեղեցկաշեն կարմիր քարով հյուսված չորրորդ բուրգին առջև, ուր պարիսպը կսկսի դեպի ուղիղ հարավ շեղվել, և այդ բուրգին անմիջապես կից է հարավային կողմի գաղտ դռներեն մեկը, ձորին լայնությունը այստեղ յուր վերջին չափին հասած է և դիմացի կողմեն, հյուսիս արևելքեն եկող մի ուրիշ ձորե ևս կուգա կմիանա նախկինի

  1. Այս ճանապարհը ի հնումն ալ քաղաքին իսկական ճանապարհն է դեպի ավագ դուռը տանող, լայնությունը կհասնի մոտավորապես․․․ մետրի, տակավին կմնան երկու կողմին վրա առանձին սեփականատերերու(?) և կամ այլ նպատակով շինված որձաքարե հաստ պատերի հետքերը։