քովիկը կգտնվեն նույն ցեղին պատկանող հասարակություններ, որոնք ոչ նվազ կհիշեցնեն ու կպատկերացնեն նախամարդու հոգեկան ու բարոյական իսկական նկարագիրը։ Մենք շատ ունենք այսօր արտաքո կարգի շքեղությամբ փայլող մեծ մայրաքաղաքներու անմիջապես կողքին, ստորերկրյա այրերու և ողորմելի խրճիթներու մեջ ապրող բնակչություն մը։
Այստեղ, տնտեսական պայմաններու անհավասար զարգացումն է պատճառ, որ միևնույն շրջանակի մեջ ծաղկող քաղաքակրթության բարիքները հավասարապես չեն կարող վայելել համորեն բնակչությունը։ Թեև մյուս կողմանե, ճշմարտություն է, որ «ազնվացած» համարված դասակարգի մը մեջ ալ պահված են վայրենի հակումներ ու զորեղ գծեր, որուն պատճառով, առանց իրապես ազնվանալու սեփականությամբ ու առատության մեջ լիովին հղփացած դասակարգը չի քաշվեր զրկելն, հարստահարելն, և անասնական անտարբերությամբ կդիտե թշվառության զոհեր ու աղեկտուր գալարումները։
Իսկապես կրթված ու ճշմարտասեր ազնվացած մարդկային որոշ խմբավորումներ, բնականաբար չէին կարող անտարբեր հանդիսատես լինել այս հակամարդկայինն երևույթներուն և չստեղծել թշվառությունները վերացնելու միջոցներ: Ուստի այդ ճշմարտապես ազնվացած և սրտի ու մտքի կատարյալ դաստիարակությամբ օժտված խմբավորումներու ձեռքով հիմնվեցան քաղաքական, կրթական և բարեգործական հաստատություններ և անխոնջ աշխատանքով մեկ կողմանե կջանան քաղաքակրթութենե ետ մնացող դասակարգի կենցաղը բարելավել և դասակարգային նկարագիրը բարձրացնել, մյուս կողմանե նորահաս սերունդին հոգվույն մեջեն չքացնելով տիրող խավի ստրկացնող դաստիարակության արմատները, ազնիվ դաստիարակությամբ օժտված քաղաքացիներ պատրաստել։
Սակայն նախնական մարդկության դեպի քաղաքակրթություն ունեցած աստիճանական զարգացումը չի կարելի այս երևույթով բացատրել և համեմատել ներկա ժամանակի զարգացման ուղղության հետ։ Մեր ժամանակակից կիսավայրենի ցեղերը կկրթվին ու կազնվանան գործնական օրինակներու առջև և կամա թե ակամա կմղվին առաջ՝ ընդհանուր հոսանքեն ետ չմնալու համար, և կամ քաղաքակիրթ աշխարհը բռնի կխառնե յուր քաղաքակրթության հոսանքին և կտանի դեպի իրական մարդկային կյանք։
Նախամարդը չուներ իր առջև իրական օրինակներ կամ փորձված առաջնորդներ, օրեօր իրեն առջև պարզվող կյանքի և զգացումներու անդիմադրելի պահանջներն էին անոր առաջնորդները, որոնց գոհացում տալու համար, ամբողջ դարաշրջաններու մեջ բազմաթիվ սերունդներ մաշվեցան, մինչև որ բավարար չափով ստեղծվեցավ մարդկային թշվառությունները մեղմելու, կյանքի ու ապրելու միջոցները դյուրացնելու չափ գիտություն և արվեստներ։ Սակայն այդ մաշվող ու տառապող սերունդը մեզմե տասնյակ դարեր առաջ այնպիսի փայլուն քաղաքակրթություն մը ստեղծեց և հետագա սերունդներուն ժառանգություն թողեց, որ մեր այժմյան սերունդը, առհասարակ ընդօրինակողի և կամ հինը մշակողի դերն ունեցավ։ Մեր դարերն ալ ունեն իրենց սեփական ստեղծագործությունները, անոնք ալ նախապես սերունդե սերունդ մշակված ու պատրաստված ուղեղներու շնորհիվ էր որ առանց քաղաքակրթված նախնիքներու սերունդ լինելու, անհնար էր ստեղծագործել վերջին դարերու գիտության ու արվեստների նորությունները։
Բայց թե գիտությանը և արվեստներու ստեղծագործությունից մինչև բավարար աստիճանի մը հասնելը, մարդիկ ի՞նչ պարբերական ազդեցություններե անցան, ի՞նչ հոգեբանական տրամադրություններ զիրենք մղեցին դեպի ստեղծագործություն, աշխարհագրական ի՞նչ դիրքեր, պատմական ի՞նչ հեղաշրջումներ ներգործեցին մարդկային հանճարի վրա, քանի՞ հազարավոր սերունդներ մաշվեցան, և յուրաքանչյուր դարաշրջանի մեջ քանի՞ քայլ մոտեցան մեզ պատմությամբ և հնագույն հիշատակարաններով ծանոթ բարձրագույն զարգացման հեռավոր շրջանին, որ մեզմե հազարավոր տարիներ առաջ փայլեցավ երկրագունդի քանի մը կետերուն վրա։
Ահա այս հարցերն են, որոնք տակավին իրենց մեջ կբովանդակեն մեծամեծ գաղտնիքներ։ Ներկա գիտությունը կձգտի ճշտությամբ գծել այն ուղին, որով մարդկությունը առաջացավ մինչև մեր օրերը։ Պետք է հավատալ սակայն, որ օր մը ապագա սերունդին առջև պարզված պիտի լինին այժմ անլուծելի համարված գաղտնիքները՝ գիտության անխոնջ աշխատավորներու ջանքերով։
Հետզհետե կմտնեն անոնք երկրի անթափանցելի խավարին մեջ, կբանան անհիշատակ ժամանակներու մեջ ապրող քաղաքակրթության գերեզմանները և քարացած լավաներու մեջեն դուրս կբերեն նախնադարի մարդուն թողած հիշատակությունները և ձեռարվեստի նմուշները մինչև հետին դարերը։
Հին հիշատակարանները զիրենք կերտող ժողովուրդի արժանավորությանց իսկական պատկերներն են։ Անոնց յուրաքանչյուր բեկորին վրա ներկա գիտությունը հաջողությամբ կկարդա նույն ժամանակի հասարակական և անհատական արժանավորություններն ու թերությունները։ Հիշատակարաններով կազմվեցան շատ մը ծանոթ ու անծանոթ ազգերու անցյալի ստույգ պատմությունը։
Նույնպես հիշատակարաններով պիտի կազմվի մեր ժողովրդի՝ հայության ալ իսկական պատմությունը։
Դեռաբույս ճարտարապետության հիշատակարանները մեզ դիտել կուտան, իրենց ավելի պարզ արտահայտությամբ, այն անխուսափելի կապերը, որք շինելակերպը կկապեն մարդկության հաջորդաբար փոփոխվող վիճակին հետ և կկազմեն արվեստի պատմության ամփոփում մը, ինչպես նաև ընկերական պատմություն։ Կտեսնենք բնակության հաստատվիլը, կլիմայական փոփոխություններու և կյանքի պահանջներու համեմատ ձևափոխվիլը, տեղական միջոցներով և գործիքներու առաջադիմությամբ շինելակերպերու բարեփոխվիլը, դամբանական և կրոնական ճարտարապետության՝ նախքան պիտոյից արվեստին կանխելը, նմանահանության արվեստին ճարտարապետության նախակարապետ լինելը։ Նմանապես կճանչնանք սովորության