մի արձանագրությունը կեսը թափված և թե՛ արևմտյան դռան կից կիսակատար մի ուրիշ արձանագրություն։ Ավագ խորանին երկու կողմերը ըստ սովորականին կան երկու փոքրիկ ավանդատներ, կամ խորաններ պատարագի հատուկ, ուշագրավ են ասոնց դուրսը պատին վրա գրված փոքրիկ արձանագրությունը։ Այս փոքրիկ խորաններեն մեկը հատկացված է եղեր պատերազմի մեջ մեռնող զինվորներու հոգվույն համար պատարագելու, իսկ մյուսը՝ անտեր ու անհիշատակ մեռնող մարդկանց հոգվույն համար պատարագելու։
Սոկյուտլու գյուղին մեջ ուշագրավ ոչինչ չտեսա, արդեն ժամանակս ալ չէր ներեր խուզարկություններ կատարելու, ուստի շարունակեցի ճանապարհս դեպի Ագիաման գյուղը, ուր կա հավանորեն 7-րդ դարու մի հոյակապ եկեղեցի։ Ներսի կողմեն բոլորովին նման է Էջմիածնի մոտիկ Հռիփսիմե եկեղեցուն, իսկ դրսեն գմբեթը Մաստարայի եկեղեցվո գմբեթին նման է, իսկ ստորին մասերը իրեն խորշերով ավելի նմանություն կբերեն Թալինի կաթողիկեին։ Թիվ 63 լուսանկարը հարավ արևելքեն, թիվ 224-ը արևմուտքեն լուսանկարված է։
Ագիամանի արևելյան կողմը լեոնալանջերու բարձունքներուն վրա կան հնագույն բերդերու մնացորդներ, որոնցմե մեկը միայն կարողացա տեսնել ժամանակիս կարճության պատճառով։ Այս բերդերը բոլորը շինված են անտաշ, առանց կրաշաղախի հսկայական որձաքարերով, իմ այցելած բերդն է թիվ 19 լուս. (Ա. ժողովածու) որ մոտավորապես Անիի միջնաբերդի չափ ընդարձակություն ունի։ Հսկայական որձաքարերով հյուսված են պատերը և շուրջը քառակուսի բուրգերով շրջապատված են։ Դուռ մը կերևի այժմ արևմտյան կողմեն, այստեղ հնարավոր էր ճիշտ չափել պատի հաստությունը, որ ավելի էր քան երկու ու կես մետր։
Ադիամանեն քանի մը վերստ դեպի հարավ, Մաստարայի մոտիկ, կա Մազարջուկ անունով մի գյուղ, փոքր Բուղուտլու սարին ստորոտը։ Այս տարվան ուղևորությանս վերջին կետը եղավ այս գյուղը, նյութական միջոցներս չէին թույլ ՛տար ասկեց ավելի առաջ գնալու. ամբողջ ուղևորությունս տևեց 25 օր։ Դժգոհ չմնացի վերջին անգամ այս գյուղը այցելելով, այստեղ գտա մի շատ հնագույն փոքրիկ եկեղեցի, որուն ծածկը և հարավային պատը փլած են. հյուսիսային պատին վրա տակավին կան որմասյուներ և շեշտված պայտաձև աղեղներ։ Գյուղացիք այս եկեղեցուն կից գերեզմանին միջեն հավաքեր են հետաքրքրական քանդակներու կտորներ, եկեղեցվո խորանին մեջ, որոնց մեջ, ի միջի այլոց, հետաքրքրական են Հառիճի մեջ լուսանկարածս կոթողանման գերեզմանաքարերու բեկորներ, վրան զանազանակերպ մարդկանց պատկերներ քանդակված, այդ զարդաքանդակներու մի փոքրիկ խմբանկարն է։
Այս գյուղի մեջ եղեր է մի ուրիշ հնագույն եկեղեցի, որ գյուղացիք պահելով արևելյան պատը, մնացածը վերստին նորոգեր են և շիներ են գյուղական եկեղեցի։ Այս եկեղեցին բացի իր հնագույն քիվի ոճեն, որ