երկար ժամանակ երգում ու պար են խաղում։ Ինչպես երևում է ոևէ քաղաքական, կամ տնտեսական պատճառներով այս սովորությունն ունեցող ժողովուրդը գաղթեր հեռացեր է այս շրջանից և նույն ձևով տապանաքարեր շինելու սովորությունը վերջ է գտել։ Այս գերեզմանները քննել և արձանագրելուց հետո դարձա Վաղարշապատ։
է. ԷՋՄԻԱԾՆԻՑ ԴԵՊԻ ԱՐԱԳԱԾԻ ԼԱՆՋԵՐԸ
Հայաստանի Հնությունների Պահպանության Կոմիտեի կազմած մի արշավախմբի կողմից։
Արշավախմբի նպատակն էր հուշարձանների ցուցակագրում և հետազոտական աշխատանքներ կատարել Արագածոտնում։
Արշավախումբը դուրս եկավ 1924 թվի օգոստոսի 3-ին։
Հաջի Ղարա (Այգեշատ) գյուղի և Օշականի մեջտեղ, ճանապարհի ձախ կողմին, մի բարձր բլուրի գագաթին վրա այցելեցինք Արդար Դավիթ անվանված աշտարականման բոլորակ մի շինության մնացորդի։ Այս բոլորակ շենքը շինված է մեծամեծ սև որձաքարերի զանգվածներով՝ առանց կրաշաղախի։ Թեև շատ ժողովրդական առասպելներ հյուսված են այս շենքի շուրջ, սակայն ամենայն հավանականությամբ նախաուրարտական մի շինություն է, նաև մի պաշտաման տեղի, նման Աղավնատան և Կոշի մեջտեղ գոյություն ունեցող բոլորովին նույնանման մի մնացորդի, որուն շրջակա գյուղացիք Օյուղ անունն են տալիս։ Արդար Դավթի աշտարականման շենքին մեջ դատարկ է, մի փոքր դուռ ունի հարավային կողմից, բարձրությունը նախնականը չէ, շատ է փլված երևի մասը և քարերը կուտակված են շուրջը։ Այս շենքի մասին մանրամասն նկարագրություն կրկնել հարկ չեմ համարում, որովհետև ըստ ամենայնի նման է Օյուղին, որի չափագրությունը և գծագրությունը կատարել եմ և ներկայացրել սույն աշխատությանս հետ՝ Հ․ Հ․ Պ․ Կոմիտեին։ Այսքան միայն կավելացնեմ, որ անպայման Օյուղը և Արդար Դավիթը կանգնած են միևնույն նպատակի համար և կապ ունին ոևէ կրոնական պաշատման հետ։
1. Մանկանոց.− Այսօր այցելեցինք Մանկանոց անվանված լքված հին եկեղեցին գյուղից դուրս այգիների մեջ։ Չափազանց հետաքրքրական է շենքը իր 7-րդ և 10-րդ դարերի ճարտարապետական ոճի խառնուրդով։ Լայն պատուհանները, տրոմպների վրա դրված գմբեթը և ուրիշ մանրամասնություններ, անվիճելի կերպով կպատկանին հայկական ճարտարապետության 7-րդ դարու ոճին, սակայն կան նաև հայոց 9-րդ և 10-րդ դարու ոճին պատկանող մասեր՝ ինչպես մտից դուռը, պատուհանների պսակման և քանդակման ձևերը։ Կամ այն է, որ 7-րդ դարու ավանդական ոճերու խառնուրդով 9-10-րդ դարուն կանգնված է այս շենքը, և կամ մի հմուտ ճարտարապետի ձեռքով 9-10-րդ դարուն կատարվել է մի նորոգություն հնագույն 7-րդ դարու մի շենքի վրա և վերին աստիճան ճարտարությամբ պատշաճեցուցեր է հին ոճը նորի հետ, որ մեկ հայացքով դժվար է զանազանել. այս պարագան լավ ստուգելու համար շատ երկար քննություն է հարկավոր, միայն թե համենայն դեպս այս շենքի կառուցումը 10-րդ դարուց այս կողմ չի կարող անցնել։ Թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ խաչաձև է եկեղեցին։ Մտից դուռն արևմուտքից է, ունի նաև խիստ նեղ և ցածր դուռ հարավային թևի արևմտյան ճակատին վրա։ Այս փոքր դռան սովորությունը շատ հին է․ դեռ 7-րդ դարուն, Բագարանի մեջ Բուտ Առավեղյանի շինած կաթողիկեն ունի հյուսիսային կողմին վրա։ Միևնույն ավանդության հիման վրա շինված է 10-րդ դարուն կառուցված Հոռոմոսի վանքի (ձորի ս․ Մինաս անվանված) եկեղեցվո արևմտյան կողմը։ Թե ի՞նչ պատճառներով էին շինվում այս փոքր դռները, ճշտիվ հայտնի չէ, միայն թե իմ լսելով, հին ժամանակի կղերներ այս դուռը միայն հատկացնելով ժողովուրդի մուտքին՝ ակամա խոնարհության և երկրպագության էին ստիպում տաճար մտնողներին։
2. Գերեզմաններ և քանդակազարդ խաչքարեր.− Օշականի թե՛ գյուղի մեջ և թե՛ գյուղից դուրս կան մեծ ու փոքր գերեզմանատներ, այս գերեզմանատների մեջ մասնավորապես ուշագրավ են այն փոքր գերեզմանները, որոնց մեջ կգտնվին գեղաքանդակ խաչքարեր։ Առհասարակ այս փոքր գերեզմանները լինում են փոքր մատուռների, կամ վանքերի շուրջ, բայց այս գերեզմանները, որոնց մոտ վանքի կամ մատուռի հետք չկա, իմ կարծիքով տոհմային գերեզմանատներ են։ Այս պարագան մասնավորապես նկատելի էր Անիի ավերակների