մեջ. մեծ տների կողքին հաճախ գտնվում էր նույն տան ընտանիքին հատուկ տոհմային գերեզմանատունը։ Ինչպես երևում է նախկին Օշականում ևս եղել է այդ վաղեմի սովորությունը, որ գյուղի մեջ գտնվում են գերեզմանատներ առանց մոտակա մատուռի, կամ եկեղեցիի գոյության։ Չափազանց կարևոր է Օշականում մի հնագիտական թանգարան ունենալ, որովհետև այս գյուղում ոչ միայն գտնվում են բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր, սյան խոյակներ, և ուրիշ քանդակազարդ քարեր, որոնք տգետ մարդկանց ձեռքով ոչնչանում են առանց հայ գեղարվեստի պատմության էջերը զարգացելու, այլև գտնվում են նախաքրիստոնեական ամենահին շրջանի իրեղեններ։ Վերջերս գտնվել են քարյա դագաղներ և մի մեծ երկանաքար, այժմ սովորական եղող ձևերից բոլորովին տարբեր։
Սակայն այս գտնվածները բոլորն ըստ հաճույս գործադրել են գտնողներ։
3. Հին կամուրջի մնացորդ.− Քասախ գետի ձախ ափին, տակավին գոյություն ունի հնագույն կամուրջի մի ոտքի մնացորդը։ Այնքան ավերված և քարերը թափված են երեսից, որ դժվար է շինության ժամանակը որոշել, սակայն մի բան պարզ է, որ այդ կամուրջը շինված է առնվազն 6-700 տարի առաջ։ Ցանկալի է, որ առանձին հսկողությամբ պահպանվեն այդ մնացորդները մանրամասն ուսումնասիրության համար։ Այս մասին առանձնապես հանձնարարված է գյուղական պաշտոնեության, մասնավորապես Օշականի գյուղխորհրդի նախագահին։
4. Քարայր-մատուռ.− Օշականում, Քասախ գետի ափին, բարձրադիր ժայռերի վրա, գոյություն ունի մի քարայր։ Նշաններ կան հավանականության, որ ի հնումն, նախաքրիստոնեական շրջանին սույն քարայրը եղել է պաշտական հատուկ մի նվիրական տեղ։ Հետո քրիստոնեական ժամանակ հին ավանդության հիման վրա եղել է քրիստոնեական ուխտատեղի։ Ներսի պատարագի խորանը ուղիղ դեպի արևելք չէ, այլ մի կերպ հարմարեցված քրիստոնեական խորան կազմելու ժամանակ։ Քարայրին պատերի ներքին խորդուբորդությունը ծածկելու համար նաև շինել են սրբատաշ քարերով պատեր տեղ-տեղ։ Այս հետնագույն շարվածքները ևս ժամանակ առ ժամանակ քանդվեր են ու նորոգվեր, այս նորոգությունների մեջ երևում են զանազան դարաշրջանների ոճով աշխատանքներ։ Դռան ձախ կողմին վրա քանդակված է ցողունից կախված խաղողի ողզարդ քառակուսի գերեզմանի կոթողի կտոր, որուն երկու երեսներն են միայն երևում։ Կոթողի մեկ ճակտին վրա քանդակված է մի ցողունից կախված խաղողի ողկույզներ, վերևը խորացած բոլորակի մեջ քանդակված է հավասարաթև մի խաչ։ Մյուս երեսին վրա որմասյուների նմանությամբ moulure-ներ՝ պայտաձև կիսաբոլորակներով միմյանց միացած։ Սույն քարայր-մատուռին օշականցիք Մարիամ Աստվածածին անունն են տալիս։
5. Կիկլոպյան պատեր.— Մարիամ Աստվածածնի մատուռից բարձր, դեպի հյուսիս արևմուտք, գտնվում են անտաշ մեծամեծ որձաքարի զանգվածներով շինված պատեր, որին համար ավանդաբար ասում են, որ Վահան Ամատունիի ապարանքի մնացորդը լինի։ Թեև հավանական չէ, որ այս կիկլոպյան պատերը լինեն 6-րդ դարուն, այնուամենայիվ կարող է պատահել, որ ապարանքը շրջապատող մի պարսպի մնացորդը լինի։ Վահան Ամատունիի ժամանակ (5-րդ դար) հրաբխային ավազաքարի սրբատաշ քարերով շենքեր շինելու սովորությունը վաղուց ընդհանրացած էր, սակայն ամենայն դեպս այս ավանդունթյունն ալ բոլորովին անընդունելի չէ, որովհետև կան ապացույցներ ուրիշ վայրերի վրա, որ քրիստոնեական շրջանում երկար ժամանակ շարունակվեր է անշաղախ որձաքար պատերի շինությունը մեծ շրջապարիսպների և բերդապարիսպների շինությանց ժամանակ, ինչպես Տեկորում, Բագարանում, Եղվարդում։ Օշականը, որ նախաքրիստոնեական ամենահին ժամանակներու մեջ բազմամարդ մի կենտրոն եղած է, որուն անվիճելի ապացույց են բազմաթիվ հեթանոսական կրոմլեխներ, դոլմեններ և այլն, անհավանական չէ, որ շինարարական վաղեմի ձևերը շարունակված լինեն քրիստոնեական սկզբնական դարերում։
6. Դոլմեններ.− Հ. Հ. Պ. Կոմիտեում բանիցս արված զեկուցումների հիման վրա Կոմիտեն վաղուց ուշադրություն էր դարձրել Օշականի նախապատմական և նախաքրիստոնեական հնությունների վրա և որոշել էր հարմար դեպքում հետազոտության ենթարկել մանրամասնաբար։ Առիթը ներկայացել էր այս արշավանքի ժամանակ, ուստի խմբովին գնացինք այն վայրերը, ուր կգտնվեին նախաքրիստոնեական բազմաթիվ գերեզմաններ, կրոմլեխներ և մասնավորապես դոլմեններ։ Այս վերջինիս Օղուզի տներ անունը կուտան օշականցիք և շրջակա գյուղացիներ՝ անշուշտ մի հին ավանդության հիման վրա։
Դյուբուա և Շանտր— այս ավանդությունը կպատմեն հետևյալ կերպով, լսելով հյուսիսային Կովկասի և ուրիշ դոլմեններ շատ գտնված երկրների ժողովուրդից. իբր թե դոլմեններ տարածված երկրներում ապրում էր հսկաների մի ցեղ, որոնք այնքան ուժեղ էին, որ կարող էին հեշտությամբ վերցնել մեծազանգված քարեր որպես թեթևագույն մի առարկա։ Այս հսկաների մոտ ապրում էր միաժամանակ թզուկների մի ցեղ, որոնց ուժից վեր էր նույնիսկ մի փոքր քար տեղից շարժել։ Այս թզուկները իրենց ֆիզիկական տկարության պատճառով չէին կարող իրենց համար մի բնակարան իսկ շինել բնության պատահարներից պաշտպանվելու համար. տառապում էին ամռան տապի և ձմռան ձյունի ու բուքի ժամանակ բոլորովին բացօթյա։ Այդ հսկաները տեսնելով իրենց շուրջը այդ փոքրիկ մարդկանց տառապանքը և խղճալով անոնց վրա, շինեցին դոլմենները, որպես բնակարան թզուկների համար։ Ամենայն հավանականությամբ Հայաստանում ևս նույն ավանդությունը տարածված էր, որի հիման վրա Օշականում և այլ տեղերում գտնված դոլմեններին օղուզի (հսկա) տներ անունը տվեր են, որպես թե հսկաների ձեռքով շինված։
Օշականի հարավ-արևելյան կողմից Քասախ գետը անցնելով պատահում ենք նախապատմական մի մեծ