ևս պարզ հայտնի է այն տեղը, որտեղից փորեր են հողը և կրելով այս նոր դամբարանի տեղը կազմել են այս արվեստական մեծ բլուրը։ Բլուրի ստորին մասը շրջապատել են երկու կարգ կիկլոպյան քարե պարիսպով, որոնց հիմերը դեռ կմնան տեղ տեղ։ Երվանդ Լալայան և Խաչիկ վարդապետ պեղել են այս բլուրը, բայց պեղման գիտական օրենքների բոլորովին հակառակ ձևով։ Գյուղացի ականատեսների պատմելով, պեղումն սկսել են գագաթից և հոր փորելու նման խորացրել են, թե ի՞նչ են գտել այդ հորի մեջ հայտնի չէ, միայն թե ականատեսների պատմելով գտնված իրերը շատ անգամ կոտրատելով են հանել հորի միջից. ի վերջո երբ տեսել են, որ այդ ձևով անկարելի է շարունակել և իրենք իզուր շատ ժամանակ են սպառել և նյութական միջոց ծախսել, հետևաբար թողել հեռացել են առանց նույնիսկ բացված հորը գոնե ժամանակավորապես ծածկելու։ Կըսվի, թե հազիվ թե հասել են իսկական դամբարանին, երբ թողել են աշխատանքը, սակայն նախքան դամբարանին հասնելը, ի՞նչ բաներ են գտած և ո՞ւր են տարված գտնված իրերը, ինձ հայտնի չէ։
11. Փոքր Մատուռ գետեզրի ձախ կողմին ժայռի կուրծքին կամ Սուրբ Սարգսի անվան մատուռ.− Օշականի նոր կամուրջից կես կիլոմետրի չափ ցած, ուղղաձիգ բարձրացող մի ժայռի կուրծքին շինված է մի փոքր մատուռ։ Ըստ տեղական ժողովրդի մատուռը ս. Սարգիս է կոչվում։ Շենքը հրաբխային կարմիր և դեղնագույն սրբատաշ քարերով է շինված, դուռը արևմտյան կողմից է, կիսաբոլորակ կատարով. դռան կատարի կիսաբոլորակը պսակված է մի լայն տափակ երիզով, որուն վրա դրված է շինության թվականը։ Ներսն այնքան փոքր է, որ հազիվ թե երեք չորս մարդ կարենա տեղավորվել։ Մատուռը այնքան անմատչելի տեղում շինված է, որ մեծ մարդկանց համար անկարելի է բարձրանալ առանց պատշաճավոր սանդուղի, փոքր երեխաներն են, որ զարմանալի ճարպիկությամբ բարձրանում են վերև մագլցելով. բարձրացող երեխաները հավաստում են, որ ներսը ևս կա արձանագրություն։
12. Ձեռագործ ճանապարհ.− Ս. Սարգսից մեկ վերստաչափ ցած, Քասախ գետի ձախ ափին, խոր ձորից դեպի վերևի դաշտը բարձրանալու համար, անհայտ ժամանակ շինված է մի ձեռագործ ճանապարհ 5-6 մետր լայնությամբ։ Բավական դժվարին աշխատանք տարված է այս ճանապարհի շինության համար, որովհետև երևում է, որ մեծամեծ ժայռեր փշրել են ճանապարհը հարթելու համար։ Հավանորեն այս ճանապարհը ծառայում էր երթևեկության նախքան նոր կամուրջին և Օշականը Վաղարշապատին միացնող խճուղին շինվելը, որով այդ հին ճանապարհը անգործածելի եղած է։
13. Կոթող Մորիկի, կամ Մորիկի մոր անունով կանգնված.− Օշականի մեջ և շրջակայքում գտնված հնագիտական մնացորդները հետազոտելու համար, բավական չեն մի քանի օրեր, ամեն քայլափոխի կարելի է նորություն տեսնել, սակայն քանի որ, ըստ մեր արշավախմբի ծրագրի ավելի ժամանակ չէինք կարող նվիրել Օշականին և կարճ ժամանակի մեջ շատ տեղեր ունեինք տեսնելու, հետևաբար ստիպված էինք հեռանալ, Օշականի մանրամասն հետազոտությունը ուրիշ հարմար առիթի թողելով։ Սակայն այս անգամ թեև հապճեպ, այնուամենայնիվ չէր կարելի առանց քննության թողել Օշական գյուղին մեջ կանգնված այն հետաքրքրական կոթողը, որն ավանդությունը վերագրում է Մորիկ կայսեր․ գյուղացիք ասում են Մորիկի, կամ Մորիկի մոր գերեզմանը։
Օշականի կոթողը լինի նա գերեզման, կամ այլ նպատակի համար կանգնված հուշարձան, իմ կարծիքով դժվար է Մորիկի անվան հետ կապել դատելով իր ճարտարապետական ոճեն, որովհետև կոթողի ճարտարապետական և քանդակագործական արվեստագործությունը, մի քիչ ավելի ուշ ժամանակի դրոշմն է ցույց տալիս, քան Մորիկի թագավորության և մահվան ժամանակը (582-602)։ Կոթողը բաղկացած է չորս մասից. 1. Ներքևը շուրջանակի երեք աստիճաններով բարձրացող մի հարթավայր. 2. Հարթավայրի մեջտեղը զետեղված է 1,10 մ. լայնությամբ և 92 սմ. բարձրությամբ միակտուր մի պատվանդան. 3. Պատվանդանին վրա բարձրանում է մի ութանկյունի սյուն՝ մինչև գագաթի խոյակը 3,72 մ. բարձրությամբ։ 4. Սյունին վրա դրված էր կողովաձև խոյակ՝ կողովին շուրջը հյուսկեն քանդակված, ճիշտ նման Զվարթնոցի եկեղեցու կողովաձև խոյակներին։ Զվարթնոցի շինությունը (642-652 հավանական ժամանակ) քառասունից մինչև հիսուն տարի հետո է, քան Մորիկ կայսեր մահը, հետևաբար 40-50 տարի հետո Զվարթնոցի մեջ եղած խոյակների ճիշտ նմանը չէր կարող ավելի Օշականի մեջ գոյություն ունենալ և օրինակ դառնալ Զվարթնոցի ճարտարապետին։ Թեև պատմական ավանդություն կա, որ Մորիկ կայսրը օշականցի հայ մը է (Կիրակոս Գանձակեցի), սակայն քննադատներ սխալ են համարում Մորիկի հայ և օշականցի լինելը։ Միայն թե իմ կարծիքով այս կոթողի կանգնումը պետք է որ լինի Զվարթնոցի շինությունից հետո, սակայն ոչ ուշ քան 7-րդ դարը։ Մի բան կա անվիճելի, որ սույն ձևով կոթողների կանգնումը բյուզանդական երկրների հատուկ է, այս կոթողը ևս կանգնողը անպայման Բյուզանդիայի հետ քաղաքական կապ ունեցող, կամ բյուզանդական կրթություն ստացած մարդու գործ է, թեև կոթողը իր մանրամասնության մեջ հայացած է, սակայն ընդհանուր ձևով բյուզանդական ոճին կպատկանի և իբրև հուշարձան-կոթող առայժմ միակն է Հայաստանի մեջ։
Օշականի հետ այգիներով գրեթե միացած է Ղըզըլ Թամիր գյուղը։ Այս գյուղը ևս շատ հարուստ է պատմական և նախապատմական հուշարձանների մնացորդներով։ Գյուղի մեջ մնացել է 7-րդ դարու մի եկեղեցիի արևելյան պատը իր երկու եռանկյունի խորշերով, մյուս պատերը գյուղացիք վերաշինելով վերածել են նոր եկեղեցիի։ Քանդակազարդ, կամ արձանագրված քարեր շատ կտեսվեն այս գյուղի մեջ, տների պատերի մեջ