Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հյուսված կամ փողոցի անկյուններում անխնամ թողված: Գյուղից դուրս այգիների մեջ դեռ շատ կան հետաքրքրական հնությանց մնացորդներ, ինչպես կրաշաղախ պատեր, ջրի ճանապարհներ, եկեղեցիների և այլ շինությանց ավերակներ։ Այգիների մեջ ուշագրավ է մի փոքր եկեղեցիի ավերակ, որ շինված է եղել չափազանց խնամքով տաշված դեղնորակ քարերով։ Սակայն մինչև հիմը քանդվել է այս եկեղեցին, քարերը թափվել են մեջը և բոլորտիքը։ Հատ ու կտոր քանդակներ, սյունի խարիսխներ, և մասնավորապես հատակագծի ձևը ցույց կուտան, որ այս շենքը շինված է 7-րդ դարուն։ Գյուղացի ծեր մարդիկ վկայում էին, որ 15-20 տարի առաջ այս փոքր եկեղեցիի պատերը կանգուն էին, անտերությունից և անխնամ մնալուց հետզհետե քանդվեր և այսօրվան վիճակին հասել է։ Ինձ այս տեղեկությունը տվող ծերունիներից մին, ամենայն հանդարտությամբ պատմեց իր մոտակա այգու մեջ ցույց տալով մի մեծ պատի մնացորդ, թե առաջ որչափ մեծ էր այդ պատը և ինք մեծ դժվարություններով կարողացել է այդ պատը մաքրել, այնուամենայնիվ դեռ կմնար մեկ մասը։ Եկեղեցիի ավերակներից 50 քայլի չափ դեպի արևելք աստանդական թափված են գեղեցիկ սրբատաշ բեկորներ և քանդակազարդ խոյակներ, որմասյուներ՝ բավականին հետաքրքրական ձևերով։ Ըստ երեվույթին այդ տեղերում եղել է ի հնումն մի մեծ շինություն և շինության մեջ եղել է մի մեծ սրահ զարդարված այդ գեղեցիկ որմասյուներով և խոյակներով։ Որմասյուների ձևերը բոլորովին ինքնուրույն են և ուրիշ 7-րդ դարու շինությանց մեջ գոնե չի պատահած նույն ձևերը և կամ անոնց մոտ նմանությունը։

դ. ԱՂԹԱՄԻՐ

Ղըզըլ Թամիրի այգիների վերջավորության վրա, Քասախ գետի աջ ափին, բարձրաբերձ ժայռերի կատարին, ընդարձակ հարթ տարածության վրա շինված է ներկայիս Աղթամար անվանված կիկլոպյան քարերով շինված նախաքրիստոնեական մեծ ամրոցը։ Այս ամրոցը գետի կողմից պաշտպանված է ուղղաբերձ ժայռերի բնական ամրությամբ, մյուս կողմերն ըստ վաղեմի սովորության անշաղախ որձաքարերի մեծ զանգվածներով շինված բրգավոր պարիսպներով։ Ամրոցն անկանոն քառակուսի ձև ունի. 135 մտ․ լայնությունն է, 155 մտ․ երկարությունը։ Ամրոցի դռան երկու կողմը հսկայական քառակուսի բուրգեր են շինված, որոնց վերևի մասերը փլած են, սակայն տեղ տեղ դեռ կմնան 4-5 մետր բարձրությամբ պատեր՝ թե բուրգերից և թե պարսպից։ Նշաններից երևում է, որ այս բերդը հնում և վերջերս էլ մինչև 17-րդ դարուն ժողովրդական բնակության հատկացված է եղել, թե՛ նախնական ձևով բնակարանների հիմեր կան և թե՛ ուշ ժամանակի շենքերի մնացորդներ։ Ամրոցի պարիսպներից ներս կան կրոմլեխներ, որոնք նախնական բնակիչների գերեզմաններ են, կան նաև 16-17-րդ դարերի հատուկ քրիստոնեական գերեզմաններ։ Քրիստոնեական գերեզմաններն առհասարակ օրորոցաձև են, որոնց վրա քանդակված են պար խաղացող, կամ սեղանի շուրջը բոլորված գինի խմող մարդիկ՝ ձեռքներին բռնած գինու կուժը, կամ բաժակը։ Այս ձևի գերեզմանաքարեր կան Ֆրանկանոց գյուղի մոտ, որոնց մասին գրել եմ իր կարգին, կան նաև Կարբի գյուղի հին գերեզմանատան մեջ։ Այս գերեզմանաքարերը խիստ բնորոշ են արվեստի և ազգագրական տեսակետով։ Ըստ իս հարկ է քանդակված սույն հետաքրքրական պատկերները վերցնել էստամբաժով և լուսանկարներով։ Ամրոցը շրջապատող մեծ պարսպից անկախ կան հավելված պարսպամասեր, հարավային կողմին կից և կազմում են մեծ ամրոցի հարակից մասեր։

Աղթամիրից դեպի Բաթրինճ գնալու ճանապարհի վրա, այգիների եզերքին Ղըռ անվանված մի խոպան տափարակում մնացել են հին կրոմլեխներ, թեև ոչ այնքան անաղարտ, ինչպես կան ուրիշ տեղերում։ Թեև շատ քարեր տարել են, սակայն դարձյալ պարզ հայտնի են անոնց բոլորակ, կամ ձվաձև շրջագծերը։

ե. ԲԱԹՐԻՆՃ

Բաթրինճ գյուղի բնակիչները գաղթած նորեկ հայեր են։ Այս նորեկները դեռ լավ ծանոթ չեն շրջակաների հետ և չկարողացան ոևէ ծանոթություն տալ հնությունների մասին։ Գյուղի մեջ այժմ քիչ ավերումներով կանգուն մի շենք կա, որուն ինչ բանի ծառայելու մասին որոշ բան ասել կարելի չեղավ։ Շենքը փոքր է և երկու հարկանի, ներքևի հարկը բաղկացած է միայն մի սրահից, դեմ առ դեմ երկու դռներով, իսկ վերև բարձրանալ մեզ չհաջողվեց, գիտնալու համար թե վերևը ինչ բաժանումներ ունի շենքը, որովհետև շենքը սանդուղ չունի և շուրջ գյուղական բնակարանների ավերակներ կուտակված են, ժամանակի կարոտ էր այդ փլատակները մաքրելով ճանապարհ բանալը։ Միայն թե այս շենքը ինչ նպատակի համար էլ որ շինված լինի, 14-րդ դարուց առաջ շինված չի կարող լինել, որովհետև պատերի քարերի շարվածքը 14-րդ դարում Անիում կառուցված ամրոցների, կամ բերդապարիսպների շինության ոճով է, սրբատաշ քարերը ուղղահայաց կերպով միմյանց վրա չեն դրված, յուրաքանչյուր քարի ճակատը դեպի ներս է թեքված այս ձևով։ Քարերի շարվածքի