կան նախաքրիստոնեական ամենահին շրջաններից մինչև քրիստոնեական 14−15-րդ դարերի շինությանց մնացորդներ։ Ի բաց առյալ նախաքրիստոնեական բերդերն ու ամրոցները, կան նաև մի շարք հետաքրքրական քարայրեր։
1. Ամրոց-եկեղեցի.— Փարպի գյուղում չափազանց ուշագրավ հնություն է մի հնագույն եկեղեցի, որը հետագայում վերածված է ամրոցի։ Այս հնագույն եկեղեցին փարպեցիք Ծիրանավոր են անվանում։ Ծիրանավոր եկեղեցին անվրեպ 5-րդ դարու շենք է, առանց լքվելու մինչև 15-16 դարերը գործածական եղած է շենքն իբրև եկեղեցի։ Նախնական 5-րդ դարու հատկանիշներեն շատ բան պահված է այս շենքում՝ հակառակ պարբերական նորոգումների։ Պահվել են պատուհանների պայտաձև աղեղնակապերը, պատուհանների դրսից և ներսից հավասար լայնությունները և խոշորությունը, խորանի ճակատը կազմող աղեղի պայտաձևը, խորանի ճակատի մեծ աղեղին հանգստյան քարերին վրա քանդակված հավասարաթև խաչքանդակները՝ և նույն դարաշրջանի ոճով ձիթենիի տերևները։ Հատակագծի նեղ ու երկար ձևը կատարյալ համեմատական նմանություն է ներկայացնում Հովհաննավանքի (հին եկեղեցին), Եղվարդի, Դիրաքլարի և Շիրվանճուկի 5-րդ դարու եկեղեցիների հատակագծերին։ Այս ձևի եկեղեցիների շինությունը 5-րդ դարից այս կողմ բերել անհնար է։ 6-րդ դարուն իսկ այդ հին ավանդական ձևը երևում է մի քանի եկեղեցիների վրա, ինչպես Երերույքը, Դվինի կաթողիկեն և այլն, և այլն։
Հավանորեն հիմնական մեծ նորոգում եղել է 7-րդ դարուն։ Ծածկի կամարակապը փոխվել է ամբողջովին, նմանապես որմասյուների աղեղնակապերը, որոնք երկկենտրոն բեկյալ որմաղեղներ են։ Այս նորոգության ժամանակ արևմտյան դռան վրա ևս եղել են փոփոխություններ, սակայն պահվել են 5-րդ դարուն իբրև վերնասյամ դրված քարերը՝ որոնց վրա քանդակված են հավասարաթև խաչքանդակներ։ Կտուրի վրա, որ միանգամայն ավերված է, քանդակազարդ բեկորներ կան, որոնք 9-րդ և 10-րդ դարերը կհիշեցնեն, ամենայն հավանականությամբ 10-րդ դարուն այս եկեղեցիի վրա կարևոր նորոգություններ են կատարվել։ Սակայն ե՞րբ են որձաքարի զանգվածներով կրկնակի պատերով զրահավորել այս եկեղեցին և վերածել բերդի, այդ հայտնի չէ․ ըստ իմ կարծյաց, այդ ամրությունը պետք է շինված լինի 10-րդ դարուն, երբ արաբները զարհուրելի ավերումներ էին գործում այդ շրջանին մեջ։ Գուցե Բյուրականի վրա արաբների հարձակումը և շրջանում արած կոտորածները ստիպեցին փարպեցիներին եկեղեցին իբրև բերդ ամրացնել, որպես վերջին ապաստարան: Ուրարտական ամրոցների նման որձաքարերով ամուր ապաստարաններ շինելու օրինակներ ամենևին չեն երևում հետին դարերի մեջ, և թերևս այնպիսի տագնապալի օրեր ևս չեն եղել Արարատյան աշխարհի վրա, ինչպես արաբների ավերիչ արշավանքը այդ կողմերին վրա, որուն մասին երկար գրում է պատմագիր Հովհաննես կաթողիկոսը։
2. Ս. Թարգմանչաց եկեղեցի.− Հայոց 7-րդ դարու շինարարական արվեստին մեջ, առանձին մի տեղ գրավելու արժանի է Փարպիում ս. Թարգմանիչ, կամ Թարգմանչաց եկեղեցի անվանված կիսավեր շենքը։
Թեև շատ քայքայված, որոշ բարձրության վրա չորս պատերն են միայն մնում, սակայն այդ վիճակին մեջ իսկ, իր ճարտարապետական համաչափություններով և ներդաշնակ դասավորություններով չքնաղ մի երևույթ ունի։ Շուրջը թափված խոյակներ, պսակների կտորներ և այլ քանդակազարդ բեկորներ միանգամայն ինքնուրույն են 7-րդ դարու ճարտարապետական ոճի մեջ։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև է եկեղեցին, ներքին կողմը շատ հեշտ է վերակազմել իր բոլոր մասերով, սակայն դրսի կողմը խաչաձև թևերի անկյունասյուներն ինչպե՞ս էին վերջանում և ինչ մանրամասնություններ կային մինչև պսակ հասնելը, դժվար է երևակայել։ Հարկավոր է շուրջը պեղել, բոլոր կարևոր քարերը իմի հավաքել,