որով թերևս ճշտվի արտաքին ճակատի մասերը ևս։
Բարձր մի բլուրի վրա կանգնած է այս շենքը և շուրջը խիտ գերեզմաններ են, անպայման մի շեն վանք է եղած այստեղ և միաբանների գերեզմաններ են եղածները՝ ինչպես ուրիշ վանքերում կան, այլապես այսքան մի շքեղ եկեղեցու շուրջ, որ բոլորովին առանձնացած է մի բարձր տեղում, չէր կարող թույլատրելի լինել հասարակաց գերեզմանատուն շինելու։
3. Ս. Գրիգոր.− Փարպի գյուղի և Թարգմանչաց եկեղեցիի մեջտեղ, ձորի մեջ շինված է մի փոքր եկեղեցի ս․ Գրիգոր անունով։
Այս եկեղեցիի շինության ժամանակը խիստ դժվար է որոշել, մնացել են միայն հյուսիսային և արևմտյան պարզ պատերը սրբատաշ քարերով, իսկ մնացած մասերը նորոգված են վերջին ժամանակներս անճաշակ մանր քարերով։
Ուշադրության արժանի են այս եկեղեցվո մոտ թափված բեկորները, որոնք պատկանում են 5-րդ դարու հայկական ոճին։ Բեկորները ցույց են տալիս, որ այդտեղ եղել է մի բազիլիկ ներքին որմասյուներով, որմնասյուների խոյակների վրա քանդակված են փշալից արջմագիլներ, ձիթենիի տերևներ, հավասարաթև խաչեր։ Արտաքին որմնասյուների բեկորները ցույց են տալիս, որ դրսում ևս եղել են որմնասյուներ, ինչպես Թալինի, Արթիկի և ուրիշ նման եկեղեցիներ։ Անշուշտ մոտակա փոքր ս․ Գրիգորը շինելիս օգտվել են այս բազիլիկի քարերից․ ներքին խորանի աջակողմյան անկյունի գլուխը դրված կա մի 5-րդ դարու խոյակ հավանորեն այս ավերակի քարերից վերցված։
4․ Գյավուր Ղալա.— Փարպիից հետո մեր ուղեգծին վրա էր Գյավուր Ղալա ըսված նախաուրարտական մեծ ամրոցը։ Փարպիից բարձրանալով Արագածի լանջերն ի վեր հասանք այս նշանավոր ամրոցի առջև։ Ներկայիս գործող ճանապարհ չուներ, տեղ-տեղ արահետներ երևում էին, որոնք գոյացել էին լանջերում արածող ոչխարների և նախիրների ոտքերուն տակ։ Մեր վերև բարձրանալու գիծը հին ճանապարհն էր, որն այժմ խիճերով և խոտերով ծածկված էր, սակայն վերին աստիճանի պարզ էր, որ մի ժամանակ 4-5 մետր լայնությամբ հարթված ու կանոնավորված մի ձեռագործ ճանապարհ էր թե՛ դեպի բերդը և թե՛ բերդի հարավ արևմտյան կողմը տարածվող ընդարձակ քաղաքը բարձրանալու համար։ Ձեռագործ ճանապարհը հասնում է ուղղակի բերդի հարավ արևելյան անկյունը, ուր կգտնվի բերդի գլխավոր դուռը՝ թեև ներկայիս քանդված և քարակույտերի վերածված։ Անցյալում, բերդ կոչվելե ավելի մի բերդաքաղաք է եղած այս տեղն, ընդարձակ տարածության վրա ամուր կիկլոպյան քարերի պարիսպով շրջապատված։ Հյուսիսային, արևմտյան կողմերը, նաև արևելյան կողմի մի մասը պարսպափակ է, իսկ մյուս կողմերը շրջապատված են անդնդախոր ձորերով։ Բացի պարիսպներեն դուրսի հյուսիս արևմտյան կողմը տարածվող ընդարձակ քաղաքատեղից, պարիսպի մեջ ևս հասարակաց բնակության հատկացված է եղել։ Դեռ կմնան առանձին բնակությանց հատուկ շենքերի հիմերը և պատերի որոշ մասերն իրենց դռներով․ հետաքրքրական են դռների կազմությունները, մեծամեծ քարերով բարավորներ կազմելուց հետո, միակտուր մի քարով շինված է վերնասյամը։ Ինչպես նմանօրինակ մի քանի ամրոցներ, նմանապես Գյավուր Ղալան կենդանի ամրոց է եղած քրիստոնեական շրջանում, մի քանի