Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ Էջմիածնի գիտական ինստիտուտի կողմից գնացել էինք Անբերդի հովիտը ուսումնասիրելու, այն ժամանակ Գարեգին եպիսկոպոս և Երվանդ Տեր Մինասյան առաջին անգամ կարդացին եկեղեցիի ներսը հյուսիսային պատի վրայի արձանագրությունը, որ շինողի և շինության ժամանակին կվերաբերեր։ Ըստ արձանագրության այդ եկեղեցին շինողն էր Մարմաշենի եկեղեցին շինող Վահրամ Պահլավունին 11-րդ դարուն և շինողի ճաշակով բացատրվեց երկու եկեղեցիների նմանությունը, սակայն Մարմաշենի եկեղեցիին մեջ գոյություն չունին արևմտյան կողմի մատուռները։ Ընդհանրապես իմ համոզումս եղած է թե եկեղեցիների հատակագծային այդ ձևը սկիզբ առած էր 13-րդ դարուն։ Արդ, եթե ստուգվի որ Անբերդի եկեղեցիի հատակագծային ոճը սկսում է 11-րդ դարուն, այն ժամանակ պետք է որ փոխենք մեր համոզումը այդ ձևի ծագման մասին։ Եվ հիրավի, Ներսես Լամբրոնացին 12-րդ դարու կեսին բողոքում է, որ եկեղեցին հոգվո փրկության համար շահավաճառանոց դարձրին պատարագի համար բազմաթիվ մանր ծակեր շինելով, ուստի այս գանգատը ևս ապացույց է, որ 13-րդ դարուց առաջ գոյություն ունեցեր է այդ երևույթը, որով տեղի տվել է Լամբրոնացիի տրտունջին։ Համենայն դեպս, ես վերջնականապես համոզված պիտի լինիմ 11-րդ դարու սկզբներին հատակագծային այս ձևը ընդունված լինելու, եթե կհանդիպեմ մի ուրիշ եկեղեցիի, որ այս ձևով շինված լինի, և շինությունը փաստացի կերպով ապացուցված լինի 11-րդ և 12-րդ դարերի մեջ կանգնված լինելուն։

Հիացման արժանի են շենքի վրա աշխատող քարտաշների և որմնահյուսերի հմտությունն ու բարեխղճությունը, թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական ոչ մի գիծ գրեթե չի երևում քարերի միացման տեղի վրա, չափազանց խնամքով են շարված քարերը միմյանց մոտ։ Պատերի հաստությունն է 70-72 սանտիմետր, այս հաստության մեջ է ներքին և արտաքին երեսների մաքուր տաշված քարերի թանձրությունը։ Բայց զարմանալի է, որ երեսները շարված քարերը խիստ քիչ հաստություն ունին, կարծեք միայն ծեփի փոխարեն շարված լինին ներսի կրաշաղախ զանգվածի վրա։ Այս շինելակերպով մոտավորապես 1000 տարի դիմացել են պորտերն առանց ոևէ վնաս պատճառելու։ Վերջին դարերում է, որ անտերությունից սկսել են երեսը շարված քարերը ուռչել և թափվելու մոտալուտ վտանգ են սպառնում, եթե շուտով հարկ եղած միջոցներ ձեռք չառնվին։ Շենքի ճակատին վրա, թե՛ սկզբում և թե՛ վերջին նորոգության ժամանակ գործածել են մի տեսակ սևագույն կարծր քար, հավանորեն մի մոտակա քարհանքից հանված, սակայն ինչ համեմատություն հին շինող վարպետների և հետո նորոգող վարպետների հմտության մեջ։ Շենքը վերանորոգության ենթարկված է արտաքուստ ճակատի կեսից վերև մինչև պսակները, այս նորոգության ժամանակի քարերը թե՛ ծավալով փոքր են և թե՛ խնամքով չեն զետեղված միմյանց մոտ։ Նորոգությունը կատարված է շենքի կեսից վերև մինչև ստորին պսակը և կտուրին վրա. գմբեթը ամբողջովին հինն է և անփոփոխ։ Ստորին մասի նորոգության ժամանակ ամենայն հավանականությամբ հին պսակները նախնականին նման չեն շինված, այլ ավելի նեղ քան ինչ որ պահանջում էր 11-րդ դարու ոճը և ավելի պարզ։

Անբերդը շրջապատող ձորերի լանջերին վրա չափազանց հետաքրքրական է տեսնել գետերի ջրերը օգտագործելու համար միմյանցից բարձր առուները, որոնց միջոցով ջուրը բարձրանալով ուղղվում էր զանազան անջրդի վայրեր Արագածի լանջերին վրա։ Մինչև 13 առու համրեցի, որոնք ձորից բարձրանալուց հետո ճյուղավորվում են զանազան կողմեր։ Մի քանի հին առուներ դեռ այսօր ևս գործածական են և առատորեն ջուրը գնում է մոտ և հեռու զանազան գյուղերի հողերը և պարտեզները ոռոգելու համար։

ժգ. ՏԵՂԵՐ ԿԱՄ ԴԸՂԸՐ
Օգոստոս 15

Օգոստոսի 15-ի առավոտյան յուրաքանչյուր արշավախմբի անդամ սկսեց իր աշխատությունը Տեղերի հոյակապ հուշարձանի վրա։ Այս հուշարձանը կանգնված է 13-րդ դարու սկզբին (1232-ին)։ Շենքը բաղկանում է երկու մասից, տաճարից և մի մեծ գավիթից։ Տաճարը կամ եկեղեցին իր դարաշրջանի հատուկ հատակագծի ձև ունի, բացի ավագ մեծ խորանից, չորս անկյունների վրա չորս մատուռներ ունի կիսաբոլորակ խորաններով։ Հոյակապորեն գմբեթավորված է, սակայն գմբեթը այսօր այնքան է խարխլված, որ գոնե եղածը պահելու համար ոչ մի գործողություն չի կարելի կատարել. վճռականապես ճակատագրական է այդ գմբեթին մոտավոր փլուզումը։

Գավիթը լավ վիճակի մեջ է, կարելի է երկար տարիներ անոր գոյությունը ապահովել, չորս հատ հաստատուն սյուների վրա կանգնված է գավիթին գմբեթը, խիստ հաստատուն են արտաքին պատերը։ Արտաքին պատերի ներսի կողմից ունի որմասյուներ, որոնցից աղեղներ են ձգված կենտրոնի չորս հսկա միակտուր սյուների վրա, որով ձևացած է մի ընդարձակ գավիթ։ Այս գավիթին կտուրի վրա, արևմտյան կողմը շինել են երկու մատուռներ երկու անկյունների վրա, որոնք անվնաս մնացած են, միայն թե շարժական փայտե սանդուղով միայն կարելի է բարձրանալ վրան։

ժդ. ԳՈՅԹՈՒԼ ԿԱՄ ՂՈՅԹՈՒԼ

Տեղերում երկու օր տևեց արշավախմբի աշխատանքը։ Օգոստոս 17 առավոտյան մեկնեցինք Տեղերից։ Ճանապարհին հանդիպեցինք Ղոյթուլ անուն գյուղին, ուր այժմ գաղթական հայեր էին տեղավորված, նախկին բնակիչներ այս գյուղը լքելուց հետո։ Գյուղացիներ զբաղված էին շինարարությամբ, ոմանք լքած տները վերանորոգում էին և ոմանք նորն էին շնում։ Այս շինարարական աշխատանքների ժամանակ երևան էին եկած մի հնագույն եկեղեցիի հիմեր և մի քանի քանդակազարդ քարեր։ Քանդակազարդ քարերի քանդակման ոճը պարզ ցույց էր տալիս, որ 5-րդ դարու գործ են թե՛ հատակագիծը և թե՛ գտնված քանդակազարդ քարերը։ Այս գյուղում երկար աշխատելու ոչինչ չգտանք, նորեկ բնակիչներն ալ շրջակայում գտնված ոևէ հուշարձանից տեղեկություն չունեին, ուստի ճանապարհնիս շարունակելով հասանք Ավան գյուղը։