Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեկ մետր, իսկ վերևը բրգաձև տաշվածքին անմիջապես տակը՝ 60 սմ․։ Այս քարի հաստությունը ներքևից մինչև վերև հավասար 50 սմ. է։

Այս քարը քննելուց և չափագրելուց հետո ճանապարհնիս շարունակեցինք դեպի Անբերդ։

ժբ. ԱՆԲԵՐԴ ԿԱՄ ԱՄԲԵՐԴ
Օգոստոս 13

Հայաստանի ավերակ բերդերի մեջ մի առանձին տեղ կգրավե Անբերդը և բերդ լինելե ավելի մի ընդարձակ բերդաքաղաք է, ինչպես Անին, թեև մի քիչ փոքր տարածությամբ քան Անին։ Այս բերդն ևս Անիի նման հեթանոսական ծագում ունի։ Երկու խոր ձորերից ձևացած մի եռանկյունաձև դիրք ունի, երկու ձորերի խառնուրդին կողմերը տակավին կմնան ոչ միայն ուրարտական, այլև նախաուրարտական անշաղախ որձաքար պարիսպների մնացորդներ՝ քառակուսի լայն բուրգերով։ Հետքեր կան նախնական շրջանի բնակարանների արևելա-հարավային ծայրի վրա։ Երևում է, որ այժմյան ամրոցը և նրա մոտ եկեղեցին շինվելե հետո բնակչությունը լքեր է այս հարավ արևելյան մասը և խտացեր է եկեղեցիի և ամրոցի շուրջը։

Բերդաքաղաքի մուտքը հյուսիսի կամ հյուսիս արևելյան կողմի վրա է։ Ճանապարհը ձորի լանջից բարձրանալով հատկապես ձեռագործ ճանապարհով (թեև այժմյան ճանապարհի մի մասն ասում են Խրիմյան կաթողիկոսն է նորոգել տված, սակայն հինը շատ պարզ և որոշ է), երբ կհասնի բերդի դռան առջև, այստեղ ճանապարհը կբաժանվի երկու մասի, մեկը կմտնե բերդաքաղաքի դռնից ներս, իսկ մյուսը աջ կողմից կծռվի և կբարձրանա դեպի ամրոցը, որ զրահավորված է խիտ և ամրակառույց բուրգերով։ Ամրոցը երկարած է գրեթե արևելքից արևմուտք, հյուսիսային կողմը ունի երեք ամրակառույց բուրգեր, որոնք շինված են նախազաքարյան շրջանի ոճով, ինչպես երևում է շատ լուրջ վերանորոգություն եղած է Բագրատունիների վերջին оրերուն։ Արևելյան և արևմտյան կողմերու վրա ևս եղեր են հաստատուն բուրգեր, սակայն այժմ փլած են և զանգվածները միայն կերևին դեպի ցած գլորված։ Այս արտաքուստ անմատչելի ամրոցի նմանությամբ շինված շենքը ներքուստ եղել է մի երկհարկանի մեծ դղյակ՝ բազմաթիվ սենյակներով։ Հարավային ճակատը, որ բերդաքաղաքի վրա կնայի, առանց բուրգերի սրբատաշ քարերով հաստատուն շինված պատերեն։ Ներքուստ արևելյան կողմի վրա երկու հարկի մեջ վեց սենյակի բաժանումներ են երևում, իսկ արևմտյան կողմի վրա եղած սենյակներն միանգամայն քանդված են։ Այս կողմից երևում են միայն երկու արտաքին դռներ, որոնց մեկը կբացվի քաղաքի վրա, իսկ մյուսը ձորի վրա։ Սենյակներն ունեցեր են լայն և բարձր պատուհաններ քաղաքի վրա նայող, ոմանք կիսաբոլորակ վերջավորությամբ։ Արևելյան ծայրին վրա բացի այն դուռը, որ առանց բերդաքաղաք մտնելու անկախ կերպով կիջներ ձորը, եղել է նաև մի դուռ քաղաքը մտնելու համար։ Այս դուռը թեև այժմ փլած վիճակի մեջ է, սակայն ճանապարհը խիստ որոշ է։ Շատ հետաքրքրական է բերդի արտաքին դռան շինարարական ոճը։ Բարավորների վրա ձգվող մեծ կամարաքարերը պարզ ձևով չեն շարված, այլ տաշվածքի վրա ցիցերով և կողքի քարերի մեջ ագուցվելու համար համապատասխան փոսիկներով ագուցված ու շարված են, որով կամարը եղած է միակտուր։ Այս ձևով շինված էր Տեկորի տաճարի ներքին կողմը, երբ մեծ կամարների տակ ավելացրել են կրկին կամարներ։ Այս կրկնակ оրինակներից երևում է, որ այս ոճը 10-11 դարու ոճ է, Հայաստանում իրագործված, որը 13-րդ դարում ավելի շատ իրագործված և կատարելության հասած է։ Եթե մասնավոր պեղումներով հետազոտություն կատարվի այս դղյակ-ամրոցին մեջ, վստահ եմ, որ խիստ հետաքրքրական մասեր պիտի երևան հին հայոց շինարարական արվեստի վերաբերյալ։ Նույն ձևով տաշվածք և շարվածք ունին Անիի ավագ դռան սմբատաշեն մասի կամարաքարերը։

Քաղաքի փողոցները հազիվ նկատելի են, չափազանց ավերված և քարակույտերի վերածված լինելուն պատճառով։ Նամանավանդ վերջին ժամանակներս շրջակա գյուղացիներ բերդաքաղաքի մեջ ցանքեր անելու և խոտ հնձելու համար եկել են ամառները բնակելու և փլատակ բնակարաններից քարեր աստ-անդ տեղափոխելով իրենց համար բնակարաններ են շիներ, այս գործողություններով կատարյալ քաոսի են վերածել եկեղեցիից դեպի ամրոց եղած քաղաքամասը։

Գրեթե անվնաս մնացել է հոյակապ եկեղեցին մի բարձրադիր տեղի վրա, ձորի եզերքին շինված։ Հավաստում էին, որ դեռ մի քանի տարի առաջ անվնաս էր եկեղեցիի հարավ արևմտյան կողմի ստորերկրյա ճանապարհը, որ կտաներ գետը, այդ ճանապարհով գետից ջուր էր բերում քաղաքի բնակչության մի մասը։ Մանավանդ բնականորեն պիտի օգտագործեին այս ստորերկրյա անցքը պատերազմի և պաշարումների ժամանակ։

Եկեղեցին վերին աստիճանի ուշագրավ է թե՛ շինարարական տեսակետով և թե՛ ավանդական հատակագծային տեսակետով։ Արտաքուստ ճարտարապետական տեսակետով մեծ նմանություն է բերում Վահրամ Պահլավունիի Մարմաշենի մեջ շինած եկեղեցիին ի բաց առյալ հետնագույն նորոգությունների ժամանակ փոփոխված մասերը։ Թեև նորոգություններն ալ այնքան զգալի տեղ չեն բռնում։ Իսկ ներքին հատակագիծը, բացի ավագ խորանից, չորս անկյունների վրա, ութ փոքր կրկնահարկ մատուռներով կամ խորաններով կազմված է, որուն այդ ձևը 10 և 11-րդ դարուն շինված լինելը անսպասելի էր ինձ համար։ Թեև նույն դարերին, արևելյան խորանին երկու քովերը միահարկ կամ կրկնահարկ մատուռներով շինված եկեղեցիներ շատ կան, սակայն արևմտյան կողմի երկու անկյունների վրա մատուռներ շինված լինելը 10-11-րդ դարերուն միանգամայն անսովոր էր ինձ համար, ես առաջին անգամն էր որ կտեսնեի։ Պահ մը կասկածեցի որ հետնագույն հավելվածներ լինին արևմտակողմի մատուռները, այս ուղղությամբ երկար քննեցի, սակայն ոչ մի ապացույց չգտա հետնագույն հավելվածի։ Տարակույս փարատող մի հանգամանք կար, այն է շինության արձանագրության գոյությունը եկեղեցիի մեջ։ Նախընթաց տարին,