Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ժե. ԱՎԱՆ
Օգոստոս 17

Նույն օրն անցանք Ավան գյուղը։ Այս գյուղում ևս այժմ հաստատված հն գաղթականներ։ Ինչպես երևաց քննություններից, այս գյուղը հարուստ հնագիտական վայր է, շրջականերում միշտ գտնվում են հնություններ, հաճախ պատահում են քանդակազարդ քարեր, գերեզմաններ և նույնիսկ նախաքրիստոնեական շրջանի իրեղեններ։ Շատ հին ժամանակներ իսկ բազմամարդ և շեն է եղած այս գյուղը։ Գյուղի մեջ եղած եկեղեցիի կիսավեր շենքը անվրեպ պատկանում է 5-րդ դարուն։ Միջակ մեծությամբ մի եկեղեցի է եղած, որուն արևելյան, հյուսիսային և արևմտյան պատերը գրեթե կանգուն են։ Միայն հարավային պատն է, որ փչած է, սակայն այդ պատից ևս դեռ մնացած է 80-100 սմ. բարձրությամբ պատի մնացորդ։ Դուռը արևմտյան կողմից է եղած, սակայն բարավորների փլած լինելու պատճառով ճիշտ չափը հայտնի չէ։ Շինության դարաշրջանին հատուկ է հատակագծի նեղ ու երկար ձևը։ Պատուհանների կիսաբոլորակ վերջավորված աղեղները պայտաձև են, նույնպես պայտաձև է ավագ խորանի վերևի կամար աղեղը, խորանի հատակագիծը ևս թեթև պայտաձև է։ Խորանին երկու կողմի որմնասյուները իրենց խոյակների վրա ունեին հավասարաթև փոքր խաչեր, որոնք բոլորակի մեջ ամփոփված են հնագույն քանդակով։ Հյուսիսային կողմի արտաքին երեսին վրա կա մի որմնասյուն, որ ապացույց է բացօթյա մի կամարակապի գոյության, ինչպես կան Ապարանի, Երերույքի, Եղվարդի և ուրիշ հնագույն եկեղեցիների վրա։ Արևելյան կողմին վրա թերևս ուներ բացօթյա խորաններ, ինչպես Տեկորը, Երերույքը և Արթիկի 6-րդ դարու եկեղեցին, սակայն այժմ հայտնի չէ, պետք է որ մի փոքր ստուգողական պեղում լինի արևելյան կողմին վրա։

Այս կիսավեր շենքին մեջ ամենից ուշագրավն է քարուկիր շենքի շինության համար գործածված շաղախը, որը փոխանակ սպիտակագույն լինելու, մութ գորշագույն է, ճիշտ այն գույնով, ինչ գույն որ ունի ներկայիս ցեմենտը։ Թեև ամբողջ շենքի մեջ տեղ տեղ երևում են սպիտակ շաղախի հետքեր, սակայն պարզ է, որ հետնագույն նորոգությունների հետևանք են։

Տեղին վրա թեև երկար քննեցի այս գորշագույն կրաշաղախը հասկանալու համար թե ինչ բաղադրության արդյունք է այդ գորշ ցեմենտանման գույնը, սակայն ինձ համար ոչինչ հասկանալի չեղավ։ Ուստի հետերնիս վերցրինք շաղախի կոշտեր տանելու համար Երևան և տարրալուծության ենթարկելու։

ժզ. ԿՈԻԱՇ ԿԱՄ ԿՈՇ
Օգոստոս 18

Մեր արշավանքի վերջին կետն էր պատմական Կուաշ կամ Կոշ անվանված գյուղը։ Պատմական անցքերով հարուստ այս գյուղում արժեր երկար մնալ և լուրջ ու մանրակրկիտ հետազոտության ենթարկել իր շրջականերով հանդերձ։ Գլխավորաբար մեր ժամանակն ի միջի այլոց չէր ներում երկար մնալ այս գյուղում, ուստի աշխատանք կատարեցինք այստեղ միայն մի օր։

Կոշի հյուսիս արևելյան կողմը երկարում է մի ձոր, որուն երկու կողմը ցրված են հնագիտական հուշարձանների ավեր և կիսավեր մնացորդները։ Սույն ձորի հյուսիս-արևելյան բարձունքի վրա կա մի միջակ մեծությամբ ներքուստ խաչաձև եկեղեցի՝ կանգնված 7-րդ դարուն գմբեթը և ծածկը փլած են, իսկ պատերը տակավին կանգուն են։ Չափազանց մաքուր շինարարական