աշխատանք է տարված շենքի վրա, դեղնորակ, կարմրագույն և գորշագույն քարերով է շինված ամբողջ շենքը և կարելի է ասել որ խոշորագույն քարերով, սրբատաշ են շարված բոլոր պատերը։ Շենք զետեղված է արևելյան կողմից խորաձորի վրա, իսկ ամբողջությունը հիմնարկված է մի բարձրաբերձ ժայռի վրա։ Թեև այժմ եկեղեցիի շուրջը խորդուբորդ ապառաժներ միայն երևում են և դժվարամերձենալի, բացի հարավային կողմից, սակայն այս ապառաժուտ խորդուբորդության մեջ նշմարվում են վաղեմի շինությանց հիմեր և պատերի մնացորդներ, որոնք ապացույց են այս տեղը մի ժամանակ շեն և բնակելի լինելուն։ Այս տեղերը խիտ բնակչություն լինելուն ապացույց է ոչ միայն շինությունների հիմերի գոյությունը, այլև երևում է որ եղեր է նաև խիստ կարևոր մի վայր, ուր շինված կա մի մեծ ջրամբար եկեղեցիից կես կիլոմետր դեպի հարավ։ Ջրամբարը խիստ մաքուր սրբատաշ քարերով շինված է, պատերի թանձրությունը 1,45 սմ. է, բարձրությունը մինչև վրայի կամարածածկի հանգիստը երկու մետր 82 սմ․ է, ամբողջովին կամարածածկ է եղած ջրամբարը ներքուստ երեք ջլաղեղներով, արտաքուստ չափել այս հուշարձանը փլատակների պատճառով դժվար էր, իսկ ի ներքուստ չափն է 13,5 մ․ երկայնություն, իսկ 4,82 մ․ լայնություն։ Մի օրյա հետազոտությունով չպարզվեց, թե ո՞ր կողմից է գալիս այս ջրամբարի ջուրը, իսկ ջրերը արտաքսելու և ջրամբարը մաքրելու համար հիմքի մոտից շինված են երկու քառակուսի ծակեր, որոնք բացվելով ջրամբարի ջուրը կդատարկվեր մինչև հատակ։ այս ձևով մի քար տակավին տեղին վրա մնացեր է, որ կծառայեր ջրամբարի ծակը խցելու համար, անշուշտ երկու կողմեն ծակերը ծածկելու համար կային նախ նույնօրինակ ուրիշ շինված քարեր, սակայն այժմ կորած են։
Ջրամբարից դեպի ցած, նույնպես ձորի աջ կողմին, մի բարձունքի վրա, կա կարմիր քարով շինված մի մատուռի մնացորդ, որուն մոտ կան պատվանդանավոր խաչարձաններ։ Քիչ հեռու սույն մատուռից երևում է մի փոքր ավերակ, որուն ինչ լինելը որոշել դժվար էր, սակայն այս ավերակի արևելյան կողմին կանգնված են խաչքարեր, որոնց մեկը բավականին գեղաքանդակ և խոշոր, այս խաչքարի համար գյուղացիք ավանդաբար ասում են Տիրան պապի խաչքար։ Այս Տիրան պապը թերևս այն աչազուրկ Տիրան թագավորն է, որ մեռավ Կուաշի (Կոշի) մեջ, սակայն խաչքարը, որ ուշ ժամանակի է և երբեք չի կարելի համեմատել Տիրանի ժամանակի գեղարվեստական ճաշակի հետ, սակայն համենայն դեպս նույն կույր Տիրանի ավանդությունը շարունակում է գոյություն ունենալ տեղական ժողովրդի մեջ։
Այս բարձունքից իջնելով ցած, ձորի ձախ ափին մոտ, կա մի փոքր բազիլիկ ձևով եկեղեցի, որուն ծածկը քանդված է, իսկ պատերը կանգուն են, հարավային պատի արևելյան ծայրին կա մի վրացերեն խուցուրի տառերով արձանագրություն։ Եկեղեցիի հարավային կողմը կան պատվանդանավոր քանդակազարդ խաչքարեր, հայտնի է, որ եկեղեցու մոտ եղել է մի գերեզմանատուն փոքր տարածությամբ, բայց նայելով խաչքարերի որակին, հայտնի մարդկանց գերեզմանատուն է եղած։
Այս փոքր բազիլիկ եկեղեցիի հյուսիս-արևելյան կողմը կբարձրանա մի մեծ քարքարուտ բլուր, բլուրի գագաթին անառիկ դիրքով շինված է մի բերդ զանազան մասերից բաղկացած։ Այս ամրոցը կամ բերդը ընդհանուր նորոգության և փոփոխության է ենթարկված 13-րդ կամ 14-րդ դարուն։ Վերջին նորոգությունը եղած է գեղեցիկ կարմրագույն քարերով, սակայն տեղ տեղ դեռ երևում են պատեր և պատերի մասեր, որոնց գոյությունը շատ հին է եղած, ավելի հին, քան 10-րդ դարը, և այս հին մասերին քարերը ոչ միայն տարբեր գույնով են համեմատելով նորագույն նորոգության քարերին, այլև շարվածքն ու քարերի չափերը բոլորովին տարբեր են։ Հին շարվածքի քարերը մի քիչ սպիտակավուն են և առհասարակ դեպի բարձրությունը շարված քարերը չափազանց մաքուր և ճարտարորեն շարված են միմյանց մոտ, որ ներկա արհեստավորների նախանձը