կարող է շարժել, բայց այս հիները մեծ մասամբ մաշված և քարերի անկյունները մասնավորապես փչացած են։ Ի շարս մի քանի հետաքրքրական ամրոցների ինչպես Տիգնիսի, Մազասբերդի և նմանների, արժե ունենալ չափագրված այս բերդի հատակագիծը, որը թերևս, ինչպես ասել եմ Անբերդի ամրոցի համար, լինելով բերդ կամ ամրոց, միաժամանակ եղել է նաև դղյակ։
Ինչպես Փարպիում, Թաքիայում, Բերսիում, Ախցի ձորերում, այստեղ ևս կան հետաքրքրական քարայրեր, որոնց մեկ քանիսին վրա տակավին գոյություն ունին միակտուր քարից դռների փեղկեր։ Առհասարակ քարայրերի մեջերը և մոտերը գոյություն ունին տաքարներ և հնձանի հետքեր։
Կոշից դեպի Աղվանատուն գնալու ճանապարհին, Կոշից քիչ հեռու կա մի գեղեցիկ պատվանդանավոր խաչքար, որը թեև ճանապարհից դուրս, այնուամենայնիվ չվրիպեցավ մեր ուշադրությունից։
- 1924 թ. սեպտեմբերի 4-ից դեպի Շիրակ և Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջերում կատարած շրջագայությանս:
1924 սեպտեմբեր 4-ին Էջմիածնից մեկնեցի դեպի Կումայրի (Լենինական) հնագիտական տեղեկագիր և ցուցակագրություն կատարելու համար։ Պաշտոնական և այլ կարևոր գործերով մնացի Կումայրիում և սեպտեմբեր 9-ին ուղևորվեցի դեպի Մարմաշեն։ Դեռ չհասած Մարմաշեն, ճանապարհից շեղվելով, այցելեցի մոտերը գտնված բևեռագիր արձանագրության վայրը։ Բևեռագիրը անաղարտ պահված էր տեղին վրա, բայց շրջապատը անխնամ վիճակի մեջ էր։ Սկզբում բևեռագիրը, որ փորված է եղել մի բարձր մեծ ժայռի վրա, շրջապատված է եղել բնական և արվեստական շրջապատով, որով առանձնացած էր։ Միայն մի նեղ մուտքով հնարավոր է եղել մտնել շրջափակին մեջ։ Իբրև շրջափակ ծառայող բնական ժայռերը դեռ իրենց տեղում կմնան, իսկ արվեստական կերպով հարավ-արևելյան կողմին վրա շինված կիկլոպյան քարերով պատին միայն հետքն է մնացեր հողին երեսը։ Բևեռագիրը փորագրված ժայռեն դեպի հարավ շարունակության վրա, ինչպես նախաքրիստոնեական բնակչությանց ուրիշ վայրերի մեջ, փորագրված են նույն խորհրդավոր բոլորակ փոսիկները, որոնց ամենից մեծը 10 սմ. տրամագիծ ունի, իսկ մյուսները անհավասար մեծությամբ ավելի մանր են։
Բևեռագրից հետո գնացի, նախապես ուրարտական, իսկ հետո Վահրամ Պահլավունիի անվան վերագրված ամրոցի ավերակները տեսնելու։ Բևեռագրից գրեթե հարյուր հիսուն քայլ հեռավորության վրա կգտնվի այս բերդը և շրջապատսղ վայրերի վրա խիստ որոշ կերպով կտեսնվի նախաքրիստոնեական շրջանի մարդկային ձեռագործ աշխատանքի հետքեր, ինչպես մեծամեծ քարերով շինված փլատակ պատեր, խոռոչներ, գերեզմանների նմանող հողային կույտեր՝ քարերով խառնված։ Այսօրվան Մարմաշեն տանող ճանապարհը մոտիկ է անցնում այս բերդին և շատ որոշ է դեպի բերդը տանող ճանապարհը։ Բերդի հարավ արևելյան կողմը հատկապես հարթված է ի հնումն և թերևս այս կողմը եղել են ծառաստաններ և պարտեզներ։ Բերդի մուտքը գրեթե հարավային կողմի վրա կգտնվի, դռան երկու կողմը շինված է եղել հսկայական բուրգեր՝ կիսաբոլորակ ձևով, որոնց այժմ փլատակներն ու հիմերը կերևան։ Վահրամաշեն այս բերդի համար վերջերքում գործածվեր են հրաբխային կարմիր և դեղնորակ քարեր, սրբատաշ և չափավոր մեծությամբ։ Բերդը նեղ ու երկար ձև ունի՝ հարավից դեպի հյուսիս երկարած, մեջը ամբողջովին բնակության համար շենքեր են շինված, որոնց այժմ հիմերը միայն որոշակի մնացեր են, եթե մի փոքր մաքրվի փլատակներից և կուտակված հող ու ավազներից, հնարավոր է կազմել ամբողջ բերդի հատակագիծը մեջի շինություններով միասին։ Ուրիշ կողմերի վրա, բացի գլխավոր մեծ մուտքից, դուռ ունեցե՞ր է թե ոչ հայտնի չէ, քննություն եթե կատարվի թերևս հայտնի լինի։
Արևմտյան և հյուսիսային լանջերը գրեթե միանգամայն անմերձենալի են։ Բերդակիր մեծ բլուրի արևմտյան կողմը, որ հեղեղատի կամ փոքր ձորի նմանություն ունի, նախորդ այցելության ժամանակ տեսել էի այս հեղեղատի ծայրում մի արվեստական մուտքի բերան, կամ մի անցք, որ գնում էր ուղիղ դեպի բերդի տակը։ Դեռ այն ժամանակ ինձ հնար չեղավ այս անցքի խորքը մտնել, որովհետև թե՛ ներսի փլվածքներից և թե՛ դրսի հեղեղատներից լցվեր էին քարեր և հող, և